/ԼԵՎԱՆ ՑԱԼՈՒՂԵԼԱՇՎԻԼԻ «Բանաստեղծություններ»

ԼԵՎԱՆ ՑԱԼՈՒՂԵԼԱՇՎԻԼԻ «Բանաստեղծություններ»

Լևան Ցալուղելաշվիլին մասնագիտությամբ լրագրող է, իրավաբան։ 2001թավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և հարաբերությունների ֆակուլտետը։ Աշխատել է «Իբերիա» հեռուստաընկերությունում։ Վրաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է։ Հպարտությամբ է նշում, որ հայրական կողմի տատը Հավլաբարի հայուհի է՝ Ամալյա Սողոմոնի Մարտիրոսյանը։ «Պաշտելի տատիկս հաճախ էր ընտանեկան հավաքույթներին կատարում «Ղարաբաղի նախշուն բաջի» երգը։ Կարոտը շատ եմ զգում նա գնաց 75 տարեկանում, երկար տարիներ կրտսեր որդու մահվան վիշտը հաղթահարելուց հետո»,- ասում է։
Լևանը 2018թ Սերգո Փարաջանովի անվան գեղանկարչական մրցույթում զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը։ 2019թմայիսին Երևանում մասնակցել է Հովհ Թումանյանին նվիրված հոբելյանական գիտաժողովին։ Բառարանով սովորում է հայերեն, կատարում թարգմանություններ։ Հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ (փոխադրումը՝ իր ընտրությամբ, իր իսկ կատարած ռուսերեն թարգմանություններից)։

 

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ

 

Հետո՞ ինչ, որ Ձեր վարսերում

արծաթի գույնն եմ նշմարում

շատ շուտով ձմեռը ի՛նձ էլ հյուր կգա

ասացեք, իմ բարի փերի, ինչո՞ւ է

մանկությունը հեքիաթի պես ավարտվում։

Պատասխանը — լռություն

զանգն է հնչում մինչ այսօր

ղողանջներով տարբեր

կյանքը փորձում է մեզ ու անկյուն կանգնեցնում,

բայց սովորեցրել եք ներել

Աստծու սիրուն,

ու չարին միշտ բարությամբ հաղթել։

Ուշացել էի դասից, որ մանուշակներ բերեմ Ձեզ

կարմրել էի՝ գրկեցիք ինձ

կյանքում էլ եմ ես շատ անգամ ուշացել

բայց ափսոս ժամանակը հետ բերել չեմ կարող։

հետո՞ ինչ, թե տարիները կվերցնեն ամեն ինչ,

ձմեռն ինչպես կգա, այնպես էլ կգնա շարունակ,

նույն հարցն է միայն տանջում ինձ անվերջ,

թե ինչո՞ւ է մանկությո՛ւնը հեքիաթի պես ավարտվում։

 

ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻ ԳԱՅԱՆԵԻՆ
Նվիրվում է 1915 թվականի ցեղասպանության զոհերին

Ուշացել եմ, Գայանե, ուշացել,
Ու դրանով մասնակիցն եմ ցավիդ,
Երբ Գողգոթայում սպանում էին քեզ, մայրիկ,
Ու ճչում եմ մորը չփրկած մանկան պես։
Ցուրտ էր շատ, վախենում էի
Ու կուշտ էի անապատից,
Երկուսս էլ բոբիկ էինք,
Դարձանք փոշի,
Քամին շաղ տվեց մեզ
Ու շներն էին մեր ուղեկիցը,
Որոնց բախտը մեզնից
Սիրեց ավելի։
Բայց ժամանակը կգա,
Պատմությունը կպատռի
Դիմակը հրեշի,
Գայանե։
Ուշացա ես, Հայկազյան քույր,
Գայանե գեղանի,
Չհասա, երբ փախցնում էին քեզ,
Կրակեցին ինձ, ու դեռ
Ողբում եմ
Ետևիցդ, Գայանե։
Դու — Մայրամուտի Արև, Չարչարանաց քույր,
Որ մնացիր առանց քո տան,
Աղոթենք Քրիստոսին,
Նա մեզ համար է այնտեղ խաչված։
Մենք՝ Հայոսի ու Քարթլոսի զավակներս — ահա,
Քանի դեռ տրոփում է սիրտը մեր —
Կապրես նրանում,
Ուր սեր-վահանդ կլինեմ ու թիկնապահդ` ես։
Նայիր՝ ասես նոր է ֆրեսկադ
Ու գավաթդ դեռ՝ լի․
Սառը գինի եմ բերել՝ արցունքդ սրբեմ,
Բայց ափսոս, ինչպե՞ս,
Ինչպե՞ս ուշացա,
Ուշացել եմ,
Ախր,
Գայանե։

***
Ամալյա տատիս հիշատակին

Լույսը մերթ վառվում է, մերթ հանգչում,
Գիշերը կայծկլտում է մթնում,
Գույնզգույն թելերի կծիկով
Տատս գուլպաներ է հյուսում։
«Սատանա՞ էի,
Քնեցի,
Երեխուս գուլպան մնաց»․
Ոչ միայն տատիս վարսերը,
Կծիկն է անգամ գույնը փոխում։
Ժամանակը ցանց է
Ավաղ
Տիրաբար առնում է իրենը,
Հատեր են տաք գուլպաները
Առտնին հսկա ոստայնում։
Բայց տատիս նշույլ շողով
Ողջ կյանքս է
Լույսով ջերմացել․
Արևի անմար շյուղերը
Թել-թել
Տաքացնում են ինձ դեռ։

 

 

* * *
Հիշո՞ւմ ես՝
Այն ձմեռը,
Երբ տատը եկավ,
Հիշո՞ւմ ես ծածկոցը,
Մատները՝ ասեղից ծակծկված։
«Բարով մաշեք,- ասաց,
Մոմս կհանգչի շուտով,
Բալես, սիրտ չունեմ,
Ծածկոցը ձեզ
Հիշատակ նվեր»։

Հիշո՞ւմ ես այն ձյունը,
Որ եկավ անդադար,
Ասես տատն էր շալի պես
Հյուսվում փաթիլով,
Եվ օրհնություն էր՝
Մեր ուսին փռվեց։

Հիշո՞ւմ ես՝ հրաժարվեց քաղցրից․
Ասաց․ «Անուշ լինի ձեզ,
Աստծու մոտ  է
Իմ բաժինն արդեն։
Բարով կդնեք քարը իմ շիրմին,
Թող աղոթքս ձեզ
Պահապան լինի,
Բարկություն, կարոտ
Չտանջի երբեք»։

Հիշո՞ւմ ես՝ ասաց․
«Օրն արդեն կարճ է,
Իմ գիշերն է երկար,
Ես գնամ։
Ու գնաց․․․
Ու թողեց
Տաքությունը մեզ
Ու սիրտը իր՝ վառվող,
Որը սգից ինչքա՜ն էր մրսել,
Բայց, ավաղ, այդպես էլ
Չկարողացանք տաքացնել,

Հիշո՞ւմ ես․․․

Թարգմանությունը՝ Անուշ Սարգսյանի