/ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ «ԿԵՍԳԻՇԵՐԻՆ» շարք

ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ «ԿԵՍԳԻՇԵՐԻՆ» շարք

***

… Ես փոխում եմ կապույտ պաստառը գիշերվա՝

Աստղանկար կերպասներով եթերական,

Ես շաղում եմ երկնափոշին ճամփի վրա,

Ուր քայլում են ոգիները  թափառական…

 

Ուր քայլում են՝ ոտքին փոշի, գլխին պսակ,

Սրտի վրա սուրբ բարության խարանը  խոր…

Ես շաղվում եմ  անսանձ  ու տաք սիրով համակ,

Երբ երկնքում ճառագում է լույսը  հզոր ։

 

Ես փոխում եմ մի բուռ աստղունք,  ուլունք ու քար,

Գրպանումս եղած վերջին պատառ սիրով,

Ես քայլում եմ ոտքիս՝ շարժում , սրտիս՝  դադար,

Եվ փոխվում են պարզ հանդերձներն իմ ԱՍՏՂԵՐՈՎ…

 

***

Լաց էր լինում թխպոտ ու պաղ մի առավոտ

Ծառը`  թեքված  մռայլ ու թաց լուսամուտիս։

Եվ չգիտեմ,  ես հիշում եմ դա շատ աղոտ.

Արդյոք նու՞յնն էր սավանն այն ու այս մեկն` ուսիս։

 

Ես հիշում եմ որ դողում էր ձեռքս, մեկնած

Լուսամուտը դեպի` այդքան տխուր ու թաց։

Սիրտս կարծես ջերմանում էր թեյի բույրից,

Հուսալով որ` մեկը կգա բախտս ուսած։

 

Ու ձգվում էր առավոտը, կեսօր դառնում,

Ծառը նույնն էր` լուսամուտն էր մի քիչ գունատ։

Ես ինչ որ նոր երկնքում էի սավառնում…

Ծառը `տխուր, ծառը թրջված ու հուսահատ։

 

Գլորում էր արցունքները թխպոտ օրվա

Ու շաղ տալիս լուսամուտիս այնքան նազով,

Որ հուզվում էր իմ պատանի սիրտը, վաղվա

Անուրջները թողած` լալով ծառի սազով։

 

Եվ հնարում էր գոլորշին իմ տաք թեյի

Առեղծվածներ ու պատկերներ մտացածին,

Գլորվում էր օրս այնքան պարզ ու թերի`

Անհնար էր  չհավատալ  հնարածին.

 

Լաց էր լինում թխպոտ ու պաղ մի առավոտ

Ծառը`  թեքված  մռայլ ու թաց լուսամուտիս։

Եվ չգիտեմ,  ես հիշում եմ դա շատ աղոտ.

Արդյոք նու՞յնն էր սավանն այն ու այս մեկն` ուսիս։

 

***

 

ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

 

Կեսգիշերին միայնակ են տերևները,

Թռչունները անսայթակ են կեսգիշերին,

Թռիչքը` ցած, հողին մոտ են վերևները,

Կչկչոցն է լսվում առվի թաց փեշերին…

 

Կեսգիշերին երազները կիսված են` նինջ

Ու անրթնություն բերող զարկով տասներկուսի,

Եվ անցնում է օրը թողած միայն թովիչ,

Մահու չափ ջինջ տեսլականը անէ   հույսի…

 

Կեսգիշերին հավատը լուռ ,

կամ կիսաձայն…

Եվ կուսական  մի նոր օր է ծնվում լուսնին,

Անցյալ օրվա հույզն ու ցավն  են մարում դարձյալ

Երբ հասնում է քայլքը օրվա տասներկուսին…

 

Կեսգիշերին բաժանվում են բոլոր այն հին

Գիշերները որ ոչ մի նյութ չարարեցին,

Եվ փլվում են իմ մեջ նյութի ձևերը սին,

Որ արարվեն երազներս լուսաբացին…

 

***

 

Կաթիլ- կաթիլ արտասվում են

Լապտերները խրճիթների`

Կարմրաշեկ և լուսեղեն,

Մարդահնար , բայց անթերի…

 

Լապտերներն իմ Քեզ հուզում են.

Դու քայլում ես` շունչդ պահած…

Կաթիլ-կաթիլ ինձ սուզում են`

Անձրևները` Քո հնարած…