/ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» (բանաստեղծություններ)

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» (բանաստեղծություններ)

ԱՌԱՎՈՏ

 

Դանդաղ հանում եմ շապիկս,

գետը հոսում է,

ջրի բարակ շապիկը կապույտ է,

հագնում եմ,

երկինքը,

առավոտը, դաշտը սահում են

մարմնիս վրայով:

Հորիզոնը մոտենում է,

ամեն ինչ լողում,

ինչպես երկրագունդը:

Ես քեզ որոնում եմ…

դարձյալ ջրերի մեջ:

 

***

Վերջերս ծաղկող

հին քաղաքից

միայն անցյալն է մնացել,

որը նույնպես ծաղկում է

սպիտակ ագռավի կերպարանքով:

Գերեզմանոցներում,

ուր երբեմն

խունկ են ծխում,

քարերի մակագրությունները

փառակալել են մամուռով:

Գուցե դրանք մեր արցունքնե՞րն են,

որոնք մեզանից թաքուն

հանգրվանել են քարագրերին:

Զարմանալի է,

երբ մեր ոտքերից բացի

պանդուխտ են մեր աչքերը,

մեր արցունքները:

Եվ մեր ձեռքերը,

որոնք երազում են գրկել անցյալը,

սակայն միշտ գրկում են ծուխը՝

սպիտակ ագռավի կերպարանքով:

 

ԱՐԹՆԱՑԻՐ ՔԱՂԱՔ

 

Արթնացի՛ր, քաղաք,

անձրևը դադարում է ու հիշեցնում

գարնան ավարտը:

Քամին, ձյունը, բուքը

թաքուն խլրտում են

քո հին ու նոր նրբանցքներում:

Ծեր մի շուն, ավելի ծեր տիրոջ հետ

հեռանում է լեռները:

Գետառի եզրի բետոնե պատը

դառնում է հիշողություն.

գնացի՜ն, բոլորը գնացի՜ն:

Արթնացի՛ր, քաղաք,

մեկնի՛ր ձեռքդ, ու ես

կգնամ փնտրելու այն ծեր շանը

ու իր ավելի ծեր տիրոջը,

որոնք անձրևի դադարի հետ

հեռացան դեպի լեռները:

 

***

Ազատության ճանապարհին

երկինք նայելու փոխարեն

գետնին նայեցի,

սայթաքեցի ու ծնկաչոք՝

մի արծաթադրամ գտա.

երևի մեկը՝ երեսուներեքից:

Փորձեցի բարձրանալ,

երբ բռնակալն իմ գլխավերևում ասաց.

-Տո՛ւր դրամը:

Ես խոնարհաբար

այն մեկնեցի բռնակալին,

ու փոխարենը նրա մտրակը

ճայթեց կորացած թիկունքիս:

Ես խրտնած ձիու պես փախա:

Այս էլ քանի հազարամյակ

ես ազատություն եմ որոնում,

որ գտնեմ իմ հայրենիքը:

 

ՆՈՒՅՆ ԵՐԱԶԸ

 

Տան ճաքած պատի ճեղքից

մի ճերմակ ծաղիկ էր բացվել:

Բոլոր հեռացողներն այդ գիշեր

նույն երազն էին տեսել.

իբր լայն բացած աչքերով

նայել են երկինք ու տեսել,

թե ինչպես են երեխաները,

առավոտը գրկած,

սահել դեպի հորիզոնը: