/ԼՈՐԵՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ «Բանաստեղծություններ»

ԼՈՐԵՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ «Բանաստեղծություններ»

***

Երբ երեխայի անմեղ հրճվանքով
Կքայլեմ աշնանամանուկ
տերևների վրայով
և դեռ ճանապարհիս կեսը չանցած
կսիրահարվեմ
ու քո տաք ձեռքերի
Կարիքը կզգամ…
երբ մինչև ճանապարհիս վերջը
կծերանամ
ու կդադարեմ հավատալ հեքիաթներին…
ձմեռը կգա…

 

***

Տարփանքում պղծեցիր սրբերիս,
Թքեցիր ափերիս քեզ պարզած,
Հեգնում եմ դրույքդ, հարգելիս,
Դու ժուլիկ, խաղամոլ կիսաստված։

Քո դեմ են դուրս ելել բանակներ՝
Ցասումի ու մտքի՝ ձեռնարձակ,
Խորաններն հրկիզեք, երեցներ,
Մեռնում է ձեր հուդան սանձարձակ։

Թևաբախ հոսանքը ծաղրելիս՝
Մարում ես հավատից տարակա,
Չթարթե՛ս ձգանը քաշելիս,
Հիմա ինչ՝ «ռուսական ռուլետկա՞»

 

***

Փոխվում են բևեռներ կյանքից մահ
Չարխի նեռ ճռռոցով տրոհման,
Խաբկանքի միջանցքով անցնելիս՝
Ամեն դուռ պատրաստ է հարձակման։

Համբարձման կիրակին ափի մեջ՝
Ամեն վիշտ սպասում է մի հերքման,
Երկնքից ընկնելիս, սիրելիս,
Կծկումներն ի՛նձ բաշխիր արարման։

Թվացյալ ճամփեքի կանչերին
Մինչ ավարտ կթախծես ընդերքում,
Ու չկան երկինքներ քարափի՝
Կեսճամփա մարդկային հետքերում։

 

***

Իմ հեքիաթն այնտեղ՝
Կուսական կիրճում,
Հորդ վարսերի տակ
Բյուրեղավարար,
Ուր մի տնակ կա
Քարերի գրկում՝
Կարմիր տանիքով
Ու ծխով անմար,
Ուր սերն է օդում
Թևածում ձյունով,
Նստում հոնքերին
Սիրած Ճամփորդիս,
Ուր մի արահետ
Ոտնահետքերի
Մշտապես քայլում
Հասնում է շեմիս։
Իմ հեքիաթն այնտեղ,
Որտեղ լուսնի հետ
Աշխարհ է գալիս
Դարչնաբույր երազ,
Եւ բուխարու մեջ,
Ճարճատյունով թեժ,
Կիրք են խնկարկում
Հրայրք ու մուրազ։
Հեքիաթում ճերմակ
Իմ հեռուների
Ադամանդներ են
Շաղած ճյուղերին,
Եվ ցանկապատի
Ճռճռան դռնից
Ծիծաղ ու սերն են
Կանչում տանտերին։
Այնտեղ, հեքիաթում,
Առաջին շողով,
Մանկան թոթովն է
Ծաղկում եթերին,
Եվ այդ հեքիաթում
Թաթիկների մեջ
Մի ողջ տիեզերք է
Սպասում իր հերթին…