/ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ «ՁՅՈՒՆՈՒՄ Է ՁՅՈՒՆՈՒՄ»

ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ «ՁՅՈՒՆՈՒՄ Է ՁՅՈՒՆՈՒՄ»

ՁՅՈՒՆՈՒՄ Է ՁՅՈՒՆՈՒՄ

 

 

Ձյունում է դանդաղ

Ձյունում անդադար ու միապաղաղ…

Մրսում են… մրսում

Աղավնիները

Տանս կտուրի

Պաղ քիվերի տակ

Ապաստան գտած:

 

Բացել եմ բոլոր

Դուռ ու պատուհան,

Որ ներս գան,

Փրկվեն

Անողոք ցրտից

Աղավնիները

Պաղ քիվերի տակ

Սառած, կուչ եկած£

 

Բայց միայն ցուրտն է

Սենյակ ներխուժում,

Ու ես եմ մրսում

Ձյունաթափ ցրտից.

Աղավնիները

Մնում են թառած

Ցրտահար ու պաղ

Քիվի տակ սառած£

 

Եվ ձյունն է տեղում

Լայն համատարած,

Ճերմակ թևերն իր

Աշխարհին բացած£

Եվ աղավնիները

Ձյունից պարտված,

Անշունչ են թվում,

Թվում են մեռած£

 

Եվ դեռ նստում է

Ձյունը խելագար,

Տանս կտուրին

Տխուր, վշտահար.

Քիվի տակ սառած

Աղավնիներին,

Դառնալով ճերմակ-

Ճերմակ շիրմաքար:

 

 

***

Կարդացվելու համար չէ,

Որ գրում եմ£

Գրում եմ,

Պարզապես,

Չգրած չլինելու համար£

Ձեզ համար,

Որ չեք կարդացել

Ու դեռ չեք կարդում

Եվ չեք էլ կարդալու

Գրում եմ£

Ինչ կուզեք ասեք…

 

 

***

Մի աղջիկ, մի շող.

Շրթին թեթև դող,

Անցավ երազիս

Լքված ծառուղով:

 

Հուշիս խունացած էջերի միջից

Նայեց երեսիս

չբարևեց,

չժպտաց,

չխոսեց…

 

Անտարբեր, անփույթ

Մնաց…

Ու…

Գնաց£

 

Մի տղա հիմա,

Քունքերին ճերմակ,

Ձյունոտած մազեր…

Ճակատին բազում

Խորը կնճիռներ.

Աչքերում լոյսեր

Գիշերում աստղեր

Եվ սրտում դեռ՝ սեր

Սաստիկ շփոթված,

Պատանու նման

Լեզուն կապ ընկած,

Ձեռքին մի հին գիրք

Ճակատին քրտինք.

Խոր հոգոց հանեց

Սիրո հուշերի

Տետրերի վրա:

 

Մի աղջիկ,

Մի հուշ.

Հուշատետրիս մեջ

Չորացած մի փուշ£

 

 

ԼՈՒՆ

 

Լու էր,

Ոչ փոքր

Եվ ոչ էլ մեծ.

Իմ, Ձեր,-

Տեսած և չտեսած

Լվերի պես,

Իմ, Ձեր,-

Չափած և չը չափած

Լվերի չափ.

Ծնված որպես մահկանացու,

Ի՛մ, Ձե՛ր նման

Հասարակ ԼՈՒ:

Բայց երբ ուղտի մեջքին բազմեց

Եվ սապատից վեր մագլցեց,

Լվի աչքերում միանգամայն

Աշխարհը շրջվեց:

Լուն ցնորվեց, չափը կորցրեց

Ու կարծե՜լ, կարծե՜լ, կարծե՜լ սկսեց…

 

Եվ լուն, որ փոքր էր

Մանկան փոքրիկ եղունգից էլ

Եվ շատ չնչին,

Ուղտի դիմաց.

Մեկ վայրկյանում,

Բայց և ասես իրականում.

Մեկ ուղտի չափ, հասակ նետել-

Երկարացել, ամեհացել

Ուղտի վրա, ուղտի մեջքին

Ուղտից մեծ էր ասես դարձել:

 

Եվ ուղտը խեղճ ու միամիտ,

Չէր էլ զգում,

Որ մի լու է մեջքին կպել

Եվ սապատի բարձր կետին

Իր ապարանքն է կառուցել.

Որն իր արյունն է ներծծում.

Ինքն իրենով զմայլացած,

Ուղտից մեծ է իրեն կարծում…

 

Լինում էին և որոշ պահեր

Երբ օրերով` տիվ ու գիշեր,

Ուղտը քայլում, բայց չէր ուտում,

Ծանր բեռ էր մեջքին տանում,

Հազար միրաժ աչքից հանում

Անապատներ կտրում, անցնում,

Բայց խմելու ջուր չէր գտնում

Եվ չորանում, կմախքանում,

Սապատից էր սնունդ առնում:

Բայց լուն իրեն լավ էր հասնում:

Ուղտը ուտեր, ուղտը չուտեր

Լուն իր բաժին ճարպը կուտեր…

Ուղտը խմեր կամ չխմեր,

Լուն իր բաժին արյունն ուներ:

Ի՜նչ անուշ էր

Պարզկա գիշերն անապատում.

Աստղերն իջնում

Քարավանը շրջապատում

Երկինք — երկիր իրար խառնում…

Լուն ոտքերը երկարացնում,

Սապատի թմբլիկ գագաթին թիկնում

Կուշտ հայացքը երկնին հառնում

Լուսնուց լուսե թագը խլում

Իր գլխին էր շուքով դնում…

 

Եվ զանգակները քարավանի

Ղողանջում են միապաղաղ

Եվ գնում է քարավանը

Անապատում անձայն-խաղաղ…

 

Լուն բախտավոր, լուն երջանիկ

Աշխարհը ձեռքին թեթև խաղալիք:

Եվ չի թվում ոչ մի վայրկյան

Որ այս կյանքին կա և վախճան:

Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հավերժ…

Ամեն ինչ ուրախ, ամեն ինչ անվերջ…

 

Բայց մի օր էլ…

Եկավ օրն այդ.

Երբ ծերացած ուղտը հանկարծ

Հևաց, տնքաց.

Սրտում մահվան սարսուռ զգաց:

Եվ ավազի փոթորկաշեն բլուրներում

Շունչը կտրած,

Աղավաղված ու մոլորված

Խրվեց, մնաց.

Էլ չգնաց:

 

Եվ քարավանը մի վերջին անգամ

Նայեց

Ուղտի աչքերի մեջ անսփոփանք

Արցունք տեսավ ու ափսոսանք…

Եվ դեռ խավար և դեռ գիշեր

Բռնեց ճամփան իր աներեր.

Դեպի լուսաստղ հայացքն հառած,

Անփույթ, անսուգ,

Երազամեռ ուղտին թողած անապատում

դանդաղ շարժվեց դեպի հեռուն…

 

 

Պառավ ուղտը արցունքն աչքում

Մահվան դողը սրտի խորքում,

Ճերմակ փրփուր բերանը պատած

Ծնկնեց: Մնաց: Էլ չգնաց:

Լուն էլ մնաց,

Մեռնող ուղտի մեջքին կպած,

Ինքնահմայքի մեջ մոլորված

Երբեք չզգաց

Որ ուղտն անուժ, շնչակտուր,

Քարավանից ջոկվեց, մնաց

Ու չգնաց:

 

Ու կարապի երգը հնչեց անապատում

Որպես երգը դադրած կյանքի վերջին կետում:

 

Ընկավ ուղտը ավազի մեջ:

Կանգնեց սիրտը: Ամեն ինչ վերջ:

Սառեց երգը սև, կարապի

Բոսոր շրթին անապատի:

 

Եվ ԼՈ՛ՒՆ նույն ԼՈ՛ՒՆ,

Որ ինքն իրեն ուղտ էր կարծում,

Աստղերից վեր թռչում անցնում,

Ուղտի կարմիր արյուն ծծում

Հիմա չորացող ուղտի կմախքին

Անապատի ամենակուլ փոթորիկում,

Ավազների ամենածածկ շերտով պատվում

Հյուծվում էր, լուծվում

Քերծվում էր, հերձվում…

 

Եվ ԼՈ՛ՒՆ նույն ԼՈ՛ՒՆ,

Որ ինքն իրեն ուղտ էր կարծում

Ուղտի մեջքին բազմած, փքված

շփանում էր ու հխպանում

Վայելչանքն այդ վայրկենական

Իսպառ հավերժ էր համարում

Հիմա մենակ, անապատում

Իր անրջած միրաժների

Ցամաք ու չոր ակունքներում

Թռիչքներն իր ահագին

Երազներն իր սին

Ցնորամիտ, մտացածին

Այրում էր վառում

Ավազի քամու երախը թալում:

 

Եվ ԼՈ՛ՒՆ նույն ԼՈ՛ՒՆ,

Որ ինքն իրեն

Ուղտերից էլ մեծ էր կարծում

-Արև Խավարի՛ր

Հենց որ ես դուրս գամ — էր կանչում

Հիմա

Կիզված ու շիկացած

Ամենածածկ

Ավազների շերտով պատվում…

Տապակվում էր

Ու պապակվում,

Ավազվում էր անապատվում…