/ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ «ԴԵՊՈՒՏԱՏԸ» ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ «ԴԵՊՈՒՏԱՏԸ» ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԵՊՈՒՏԱՏԸ

 

Ձորի ափին, թփի տակ`

Էշը գտավ մի փողկապ,

Շուրջը պարեց, թռվռաց,

Վզից կախեց ու զռռաց.

 

Էս ինչքա՜ն է ինձ սազում,

Վաղուց էի երազում,

Էլ ի՜նչ փալան, էլ ի՜նչ բան`

Դեպուտա՛տ եմ իսկական:

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ

 

Սարը տեղից պոկեցի`

Դաշտի վրա տնկեցի.

Դաշտը ամպից վեր անցավ,

Սարի տեղը դաշտ դարձավ:

 

Ծովը տեղից հանեցի,

Ցամաքը ծով արեցի.

ծովի տեղը ցամաքեց,

Ցամաքը ծովը պատեց:

 

Պարապ էի, խառնեցի

Գայլ ու վագր, էշ ու ձի,

Հիմի գնամ` ամենքին

Շարեմ տեղերը նախկին:

 

 

ԶԲՈՍԱՆՔ

 

Այսօր հայրիկին այգի կտանեմ,

Վաղուց չի եղել հայրիկը այգում,

Միշտ գործից հետո նստում է տանը

Եվ համացանցում գրքեր է կարդում:

 

Բայց կարդացել եմ ես այդ գրքերում

(Տեսնես հայրիկը ո՞նց չի կարդացել),

Որ հարկավոր է ամեն իրիկուն

Գոնե մի փոքր այգու մեջ շրջել:

 

 

ԱՆԲԱՆ ՇՈՒՆԸ

 

Մի շուն ունեմ, հո շո՜ւն չի,

Ի՛սկը պատկեր է արջի,

Բոյը` բարձր, դունչը` մեծ,

Միշտ փռված է բնի մեջ,

Ո՛չ հաչում է, ո՛չ` վազում,

Լափում է և երազում:

 

 

ԻՄ ԹՈՒԹԱԿԸ

 

Իմ թութակը լավ չի խոսում`

Երկու կիսատ բառ գիտի,

Արայի տեղ` առռռ է ասում,

Ձիուկին էլ` դի-դի-դի:

 

Չորս տարեկան աղջիկ է նա,

Իր անուն էլ չի ասում,

Հենց կանչում եմ նրան` Իննա՜`

Նա կերի է սպասում: