/ՔԻԱՆԱ ՌԱՇԻԴԻ «ՆՈՐ ԷՋ» շարքից

ՔԻԱՆԱ ՌԱՇԻԴԻ «ՆՈՐ ԷՋ» շարքից

***

Իմ հողը

Հենց այս ծաղկամանն է

Կարող եմ այն գրկել

Արևի դիմաց

Եվ ոչ մի տեղ կանգնած չլինել

 

 

***

Օրվա ճարպահոտը

Խոհանոցի սուր ջերմատենդը

Քաղցկեղով

Սոխով ու սխտորով դիմահարդարված սեղանը

Դանակը

Կյանքը հենց սա է նշանակում

Այն որ ոտքերդ

Քո կարպետից առավել դուրս երկարացնես

Ու թույլ տաս

Որ անցնի

Օրինակ հենց այս պատկերից

 

 

***

Տղաս արթնացիր

Այս գիշեր դարձյալ մղձավանջները կգան

Արթնացիր տղաս

Այս գիշեր դարձյալ բռունցքներս

Ճմռթում են մանկական գրավոր վարժություններս

Գարունը ինչպես թույլ մի սաղմ

Վիժվում է ինձնից

Եվ անկողինս արյան ձմեռ

Արթնացիր տղաս

Ես վախենում եմ մղձավանջներից

Ես վախենում եմ մենությունից

Ես վախենում եմ քո փոքրիկ ձեռքերից

Արթնացիր

Պետք է հսկաների հետ մարտնչես

Լուսամուտի բծերի հետ

Իմ սրտի հետ

Որ քո սրտում է

Պետք է մարտնչես երկրի մղձավանջների հետ

Պետք է ինձ համբուրես երջանկության պարզ երկրամասում

Աթնացիր

Որքան շուտ արթնանալու պահ եկավ

Որքան շուտ ընտելացար իմ մեջ կուչ եկած երկրին

Որքան շուտ նետեցիր խաղալիքներդ դեպի արև

Արթնացումը դառն է

Արթնացումը անօրինություն է բերում

Արթնացումը հիվանդացնում է

Օրոր

Օրոր իմ բալիկ

Գիշերվա թաց երևակայությունը

Կրկնության կրկնվող սարսափը

Եվ այս մոլորվածության շարունակությունը մինչև…

 

 

***

Համաշխարհային պատերազմներից

Կանանցից

Այս թղթի վրա բառերի ոտնձգությունից

Պտղավորվում է

Աշխարհ եմ գալիս

Բոլոր կանանց երեխան եմ դառնում

Ինչ տարբերություն

Բանաստեղծությունը պատերին

Լոզունգը պատին

 

 

***

Իմ փոքրիկ տղան

Կապույտ գլխարկով

Կապույտ երազանքներով

Իմ փոքրիկ տղան

Իմ կարմիր սերը

 

 

***

Թեև հեռու-հեռավորությունից անկարող եմ

Քեզ համար երկու փոքրիկ թևեր կնկարեմ

Արևը կբերես ինձ համար

Ժպտում եմ

Լալիս եմ

Չճանաչելով դառնությունները

Տագնապահար գրկում ես ինձ

Կյանքի բույր եմ ստանում

Ժամանակի անցման բույրը

Լինելիության բույրը

Քեզ իմ տղան եմ անվանում

Քեզ նայում եմ

Այս ապշանքից

Օր

Ըստ օրե

Ավելի եմ լռակյաց դառնում

Փոքրիկ ճակատդ խոժոռում ես

Տղամարդ լինելուդ նշանը

Այն կնճիռն է որ քեզ շատ է սազում

Քեզ ճանաչում էի

Դեռևս տարիներ առաջ

Երբ կանգնում էի հայելիների առաջ

Ինձ չեմ հիշում

Քո բույրին եմ միաձուլվում

Գիշերը

Արթնության բոլոր ժամերին

Քեզ իմ  տղաս եմ անվանում

Պատերը կարճանում են

Չգիտեմ արթուն եմ

Քնած եմ

Այլևս չեմ ճանաչում սահմանները

Այս անքուն գիշերները

Ինձ վերածում է մի այլ արարածի

Կես գիշերին իմ խորունկ կապակցումը քեզ

Իմ խորունկ կապակցումը քեզ մինչև առավոտ

Էությանդ սնուցումը իմ էությունից

եվ այն որ այլևս չկամ

Քեզ իմ  տղաս եմ անվանում

Կապտավուն մեղմ լույսի միջից

Ինձ դժվարությամբ դուրս եմ քաշում

Եվ ամբողջ գիշեր քեզ եմ նվիրում իմ էությունը

Ձեռքդ տանում ես բերանիդ

Ձեռքերդ համբուրում եմ

Քո ձեռքերը ինձ լինելու

Այսպիսի տառապանքին դիմանալու

Բավականություն է պարգևում

Սկսում եմ քեզ ճանաչել

Սկսում եմ քեզ ինձանից անջատված նայել

Քանզի շատ դժվար է քեզ դու ասել

Քանզի դու իմ մի մասն ես

Այն պահից երբ սաղմ էիր

Մինչև սրտիդ ձևավորումը

Մինչև քո անմաշկ ոսկորի տեսնելը

Մինչև քո հրաշք շարժումները իմ էության մեջ

Ինչպես կարող եմ քեզ դու անվանել

Թեև հեռու-հեռավորությունից անկարող եմ

Քեզ համար լույսերով ողողված փողոց կդառնամ

Թեև դառն եմ

Մեզ համար անվերջանալի բերկրանք եմ

Տղաս

Տղաս

Տղաս

 

 

***

Սիրտը

Որոշ մարդկանց էության կենտրոնն է

Սիրտը որ ապրում է ոչ ստրկությամբ

Սիրտը որ խորհում է ոչ մակերեսին

Սիրտը որ սիրում է

Չի շարունակում ստելը…

Ճշմարիտ սիրտը

Վստահելի

Ծիծաղկուն

Կատակող

Որքան այս կոտրվող տեղում վերքեր կան

Անտեսանելի վերք

Միայնակ վերք

Լռակյաց վերք

Որքան դժվար է միայնակ կապույտից

Գալ միայնակ հողին

Եվ հայացքիդ հայելին

Ճաքերով լի…

Որտե՞ղ է տեղը ծիրանագույների

Ասա ինձ տղաս

Գուցե դու եկել ես ինձ փրկելու

Անգամ եթե փրկիչը գերեզմանում ննջած լինի

Ասա ինձ տղաս

Փոքրիկ ձեռքերովդ

Սեղմիր իմ ցուցամատը

Դարձիր իմ հենարանը

Որքան պարզ կարող եմ

Անիմաստությունից հասնել իմաստի

Որքան հնազանդ եմ քո բույրին

Տղաս

Մարթիա

Ապրիր քո անվան իմաստով

Եթե անգամ ես ընմիշտ մոռացված լինեմ

Քո անունը քո մայրն է

Սիրտ

Սիրտդ սիրիր

Եթե անգամներ կորի զարտուղիներում

Սիրտդ քո փրկարարն է

Սիրտս քեզ եմ հանձնում

Այն ծովերին պահ տուր

Թող շնչի

Ուսապարկիդ մեջ պահպանիր

Քեզ հետ իմ սիրտը տար անտառներ

Հոգնել եմ այս տաշեղային երկրամասից

Այս աշխարհից խրտվիլակային

Տղաս

Մարթիա

Երկինքը

Իր ամբողջ աստղերով քոնն է

Երբեք մի բավարարվի մի աստղով

Ես

Քո մայրը

Հիմա հոգնած եմ շատ

Խորը քուն կմտնեմ

Չտեսնելու համար

Չլսելու

Սիրտ

Տեսողություն

Իմ բոլոր մարդկային զգայարանները դարձիր

Երբեք իմ ավարա հոգին

Չընդունեց կեղծությունները

Երբեք չհագնես իմ ավարա հոգին

Աչքերովդ որ անհանգստացնում է ինձ

Քո աչքերը նշանն են խորքայնության

Մարթիա

Տղաս…

 

 

***

Ի՞նչ ասեմ

Աշխարհը լռում է

Քո գալստյան համար

Ի հարգանս քո գալստյան

Բառերը արձակվում եմ իրենց մարմիններից

Ի՞նչ ասեմ

Ի՞նչ կարող եմ ասել

Ուղեկիցս

Էությունս

Երակ առ երակ ողջ մարմնովս տարածված

Կանգնել եմ ճանապարհի վերջում

Եղանակները կանգնել են

Օրացույցն էլ

Տիկ-տակ

Արևային ժամացույց

Երանի մի բառ լիներ արտահայտելու համար

Այն ամենի համար

Որ անցավ իմ միջով

Մահը ընկալեցի

Ծնունդը

Քո փոքրիկ սիրտը

Փոքրիկ սիրտդ

Իմ բռունցքների չափ

Իմ մեծ սիրտը

Քո բռունցքների չափ

Ի՞նչ ասեմ

Աղոթեք ինձ համար

Մի աստղ ձեր ափում

Դեպի ձեր էության երկինքը

…Եվ նրա համար

Եվս մի 24 ժամ

Մի հրեշտակ կգա մեր երկիրը

Մի հրեշտակ մարդկային թևերով

Տղաս

 

 

***

Փողոցի երեխաներն եմ ես

Մեծ ստերով

Անապատի երեխաներն եմ ես

Խորունկ ստերով

Գնչու երեխաներն եմ ես

Տաք ստերով…

Թափառում եմ

Սա իմ գիշերային թափառումներն են

Փողոցից

Մինչև անապատ

Մինչև գնչուները….

Տաք ստերից

Մինչև սրանից հետոյի երեխաները

Եվ սրանից հետոյի երեխաները

 

 

***

Դեպի մայրամուտ էլ որ կանգնում եմ

Այս մոլորվածությունը ինձ բաց չի թողնում

Խխունջները

Ծովային թռչունները և շարունակությունը արևի

Սիրտս կարոտ է երկարատև մի մոռացության

Մերթ սիրո տանջանքը և մերթ

Ամենայն ինչ բառերի վերածելը

…Եվ բառերի պարանից ազատվելը

Առանց բայի շարունակում ես այս մայրամուտը

Կա մեկը որպեսզի ինձ թթի չիր առաջարկի

Կա մեկը որպեսզի ինձ համար ժպտա ժայռերի ետևից

Կա մեկը որպեսզի ես ավելի ուշ քուն մտնեմ

Երբ քեզ կորցնում ես

Ծովը այլևս ժամանակ չի ընձեռնում

Հիշեցի Ռեբեկային

Ռեբեկա

Անավարտ գեղեցկություն որ ծովից չվերադարձավ

Երբեք չվերադարձավ

Այստեղ դեպի մայրամուտ

…Մի կին կա որ ամեն պահ իր թանձր շրթներկը

Ավելի թանձր

Թանձր

Կին որ մեծ մտքեր չունի

Կին որ վաղը պիտի գեղեցիկ լինի

Կին որ փողոցները

Պողոտաները և աչքերը շարունակում է մայրամուտում

Կրիաների ամբողջ խոսքն էլ հենց սա էր

Մերթ դուրս գալ սեփական պատյանից

…Մերթ մոլորվածություն

Ինչ անսպասելի մայրամուտ

Ինչքան է հոգուդ հետ խաղում այս փրփուրը բերանիդ ցավից

Ծովից

Ինչքան է քունս տանում

Կորցնում եմ ժամանակը

Հիշում եմ մի տղա երեխայի

Չգիտեմ ով է

Եվ շրջազգեստս կարմրում է

ուղևորների երթ ու դարձը

Եվ կնոջ զարմանալի անտարբերությունը

…Եվ հանկարծ անձրև

Որ չի տեղում

 

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը