/ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ «ԿՈԿՈՍ ՓՂԻԿԸ»

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ «ԿՈԿՈՍ ՓՂԻԿԸ»

Կար-չկար ընդամենը երեք տարեկան մի փղիկ կար: Ինչպես բոլոր հեքիաթներում, նա էլ այս հեքիաթի մեջ շատ արագ մեծացավ: Փղիկը խոշոր ու բարի աչքեր ուներ: Անտառի թռչունները նրա լայն մեջքի վրա հանգիստ քնում էին, երգում ու ծլվլում: Ճնճղուկը նույնիսկ փղիկի մեջքին բույն էր դրել: Փղիկի անունը Կու էր: Նա կոկոս շատ էր սիրում: Հաճախ այնպես էր թափահարում կոկոսի ծառերը, որքիչ էր մնում տեղից պոկեր: Անտառի բնակիչները` արջը, առյուծը, վագրը, աղվեսն ու նապաստակը, գրեթե բոլոր թռչունները մի օր, անձրևից հետո, հավաքվեցին անտառի բացատում և որոշեցին Կուին միաձայն անվանել Կոկոս փղիկ: Սկզբում ծիծաղում էին այդ անունի վրա, սակայն շուտով բոլորը հարմարվեցին: Նրա հետ ամենաշատ ընկերություն էր անում Նունու անունով կապիկը: Որպեսզի կոկոսի ծառերը Կուն արմատահան չաներ, Նունուն արագ-արագ բարձրանում էր ծառի վրա և համեղ կոկոսները պոկելով, տալիս էր փղիկին: Փղիկն էլ Նունուին պաշտպանում էր գիշատիչ կենդանիներից: Շուտով նրանց կողքին հայտնվեց նաև հարյուր տարեկան ծեր ագռավը, որն անտառում փոստատար էր աշխատում: Եվ ահա մի օր առյուծը, առանց ծրարի, բաց նամակ է ուղարկում իր ընկերներին: Այնտեղ գրված էր, որ այսօր մայր եղնիկի ծննդյան օրն է: Ոչ թե եղնիկը պետք է ծնունդը նշի, այլ իրենք կշրջապատեն բացատը և եղնիկներին որսալով, մի լավ կզվարճանան: Ագռավը շատ խղճաց եղնիկին և նամակը բարձրաձայն կարդաց Կոկոս փղիկի մոտ: Նունուն վախեցած դես ու դեն էր ցատկոտում:

-Դե շուտ գնանք նրան փրկելու, թե չէ խեղճ եղնիկին պատկերացնում եմ արդեն առյուծի թաթերի մեջ ու ամբողջ մարմինս դողում է, — շտապեցնում էր Նունուն:

-Շտապենք, — ասաց Կոկոս փղիկը, — ճվճվալու փոխարեն, արագ բարձրացիր մեջքիս: Մենք պիտի փրկենք եղնիկին ու իր ձագերին:

-Կռռ, կռռ, — լսվեց ագռավի ձայնը: — Նամակը տեղ չեմ հասցնի, վերջ, արդեն պատռել եմ: Հիմա կթռչեմ բացատ ու քեզ ցույց կտամ առյուծի տեղը: Նա անհետացավ ամպերի մեջ:

Միամիտ եղնիկները, իսկապես, սեղան էին բացել ու պատրաստվում էին շնորհավորել իրենց մայրիկի ծննդյան օրը: Նրանք անտառի ամենագեղեցիկ ծաղիկներով ու մրգերով զարդարել էին բացատի կանաչ տարածքն ու բոլորովին էլ չէին մտածում մոտակա վտանգի մասին:

-Ես ամեն ինչ տեսա վերևից, առյուծը թփուտների մեջ սողալով մոտենում է եղնիկներին, — ասաց ագռավը:

-Ապրես, սրանից հետո ոչ թե փոստատար, այլ անտառի հետախույզն ես լինելու,- ասաց Կոկոս փղիկը:

Ագռավն իր նոր պաշտոնի համար շատ ուրախացավ: Նա վայրէջք կատարեց Կոկոս փղիկի մեջքին, ապա հին ու կոշտացած սուր ճանկերով կառչեց փղիկի մեջքի կնճիռներից:

Կոկոս փղիկը մոտենում էր բացատին, սակայն ագռավի բերած լուրերի համաձայն, առյուծն ավելի էր մոտեցել:

Եղնիկ մայրիկը հանկարծ թփերի մեջ խշրտոց լսեց: Զգալով վտանգը, նա իր ձագուկներին ուղարկեց բացատի խորքը, իսկ ինքը կանգնեց մենակ և վախվորած հոտոտեց շուրջը:

-Ինչ լինելու է, թող որ ինձ լինի, միայն թե ձագուկներս ողջ մնան, — մայր եղնիկի աչքերը լցվել էին արցունքով:

Խորամանկ առյուծը հեռվից նկատել էր Կոկոս փղիկին: Նա լավ գիտեր, եթե փղիկը իրեն բացատում բռնի, հաստատ կողերը կջարդի: Նա անսպասելիորեն սկսեց ծաղիկներ հավաքել: Եղնիկի ձագուկները վախից կծկվել էին թփերի տակ: Հանկարծ նրանք նկատեցին, որ առյուծը ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ մայր եղնիկին ու ծնկի իջավ նրա նուրբ ու քնքուշ դնչիկի տակ:

-Դու անտառի գեղեցկուհին ես, մայր եղնիկ, եթե դու չլինես, անտառի ժպիտը կչքանա…

Եղնիկը նայեց և իր թիկունքում տեսավ հսկա Կոկոս փղիկին: Նա կնճիթով կոկոսներով լցված մի զամբյուղ էր բերել: Մայր եղնիկը իսկույն հասկացավ, որ առյուծը խորամանկել է` աչքի առաջ ունենալով Կոկոս փղիկի ուժն ու բարությունը:

Անտառի բացատում ուրախ ծնունդ էր, իսկ առյուծը աննկատ հեռացել էր:

-Շնորհակալություն քեզ, Կոկոս փղիկ: