/ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Բանաստեղծական շարք»

ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Բանաստեղծական շարք»

***

 

Մամ, Աստծու մրմունջով է լցվել

աշխարհի աչքերից պոկված այս փոքրիկ խուցը…

Ես մոմեր եմ վառում իմ հոգում

ավելի պայծառ, քան երեկ էր…

Մամ, ես ուղղակի մոլորված եմ

փոքրիկ հրեշտակներով լցված աղոթքում…

Օդը թեթև էր դարձել, և ես վրաս եմ գցում

օդը`

անձրևոտ ու մի քիչ թաց…

Ես թևեր եմ լղոզում պատուհանին,

որոնք կաթկթում են Աստծու ծիածանագույն

շուրթերից…

Օրը մի հին աղոթք է` բաբախող սրտի

զարկերակից պոկված…

Ես միացնում եմ ափերս`

շփոթված Աստծու մրմունջից և անձրևից, որ

այսքան թաց է…

Մամ, ես երգում եմ,

և սենտիմենտալ երկինքը արտասվում է…

…Ինչ թաց է այսօր անձրևը…

 

 

***

 

Պապ, աշխարհն այնքան էլ չի փոխվել:

Պտտվում է հին օրերի կարուսելը.

նոր ձայներ, դեմքեր` ուզածիդ չափ…

…Չաղերն ամուսնանում են նիհարների հետ,

խաբեությունը երթևեկում է կանգառից կանգառ, տնից

տուն…

Ես մեծանում եմ րոպե առ րոպե, ժամ առ ժամ…

…Մայրս առաջվա պես համեղ բլիթներ է թխում,

քույրս մատների արանքից բարևում է կյանքին…

…Եվ այսպես էլ ապրում ենք…

Քաղաքն էլ է նույն ձևով ապրում,

միայն թե օտարանում են դեմքերը,

հեռվանում հեռու ու մոտիկ բարեկամները:

Նոր միջատներ են հայտնվում, որոնք կրծում են օդը…

…Եվ շնչելը դառնում է դժվար:

Ճռռում են հին դռները.

Ժանգոտած երջանկություն կա տանը, փողոցում,

քաղաքում…

 

…Պապ, ասենք, հեշտ չէ ապրելը,

երբ օդը սղոցում են առնետները,

իսկ խաբեությունը երկար լեզուն է տարուբերում`

ի նշան արդար հաղթանակի…

Պապ, հիմա շատ են ագռավները,

հրեշտակի թևերով սատանաներ` ուզածիդ չափ:

Ասենք` աշխարհն այնքան էլ չի փոխվել.

նորից չաղերն ամուսնանում են նիհարների հետ…

 

 

 

Նրանք կարդում են Օշո

 

ուզում եմ կանանց մասին գրել,

որ միայնակ են ու կարդում են Օշո

 

25-ամյա Էռնայի դեմքին

խաղում է նիմֆետուհու

վուլգար, մանկական ժպիտը.

Էռնան մայր է.

ամեն առավոտ արթնանում է

հաստատ համոզմամբ,

որ առավոտները տղամարդկանց հետ

լուսացնող կանայք

պարզունակ են իրենց էությամբ,

դատարկ` ներաշխարհով

 

փոքրիկ Էրոն

տղամարդու վաղահաս

լրջությամբ

նայում է մորը.

իրեն ամեն դեպքում համոզում,

որ դայակի ու մոր աչքերը

տարբեր են

 

Էռնան ժպտում է,

համառորեն փորձում համոզվել,

որ երջանիկ է,

որ միայնակ, հուսահատ

կին լինելը շատ է սերիալային

 

Էռնան գոհ է միայնությունից.

կարդում է Օշո–

տղամարդկանց, սեքսի, սիրո մասին…

 

աշխատավայրում ժամերը

զսպանակի պես ձգվում են երկար.

Էռնան ինտերնետում է,

նամակ է գրում,

հաց ուտում,

ժպտում,

քայլում…….

Էռնան ապրում է

իր կյանքը,

և կարևոր չէ,

որ հղիությունից հետո

ճարպակալած մի էգի

մտքով անցնում է

Էռնաին որակել …….անորակ,

անքնությունից ուռած աչքերով

նայել օրորոցում

ի վերջո քնած մանկիկին,

որ ոչ այլ ինչ է,

եթե ոչ տղամարդու նկատմամբ

իր ցանկությունը

օրենքով հաստատված լինելու

տրամաբանական արդյունք,

հետևանք….

նայած, թե ով է արուն

 

Էռնային համակարգչի

էկրանից ժպտում է Էրոն,

Էռնան վերցնում է լսափողը.

–Ոնց ես մուկիկս

տղան շնչում է

մոր հոտը,

լսափողը փոխանցում դայակին

 

հետո մայրը

երկար է պայքարում

իր բացակայության,

դայակի ներկայության հետ

 

աշխատանքից հետո

Էրոյին խաղալիք է գնում.

տղան քնած է

 

դատարկ,

հեղձուկ սենյակում,

ձկան պես համր կինը,

քնած երեխայի ներկայությամբ

ամուսնու հետ սիրով է զբաղվում

և նրա մտքով չի էլ անցնում,

որ Էռնայի նմաններն էլ

կարող են սիրել.

նրանք ուրիշ են.

Էռնան ուրիշ է…

նրանք կարդում են Օշո–

տղամարդկանց, սեքսի, սիրո մասին…

 

 

***

 

… Մա, ես մեծանում եմ…

անտարբերությունից դառնացած

երազս ձուլում երկնքին

և պարզապես ժպտում…

Այս դառնացած օրը արդեն

հասցրել է փոխել իր երանգը

և վաղ առավոտյան հատակին է նետել

իր կիսահեգնական

և անփույթ բարևը…

…ուրեմն բարև…

…Ես մի կերպ արթնացել եմ

և նետում եմ վրայիցս

գիշերվա անախորժ երազները,

լայն բացում եմ աչքերս և ժպտում…

Բարև, մա,

քո անքուն գիշերներից մեկը

սայթաքելով հասել էր իմ դռանը,

հետո ներս էր մտել

և հուշել ինձ տագնապը քո…

…էլի չես քնել…

…ես եմ քո փոխարեն երազ տեսել…

…մի բարի ծերուկ քեզ էր նայում դառնացած…

…հայրդ էր…

…մա, այսքանը:

…Ես պարզապես մեծացել եմ

և չեմ կարող հանդուրժել քո անքուն

գիշերները, տագնապն ու չկայացած

երազները…

և ամեն առավոտ լավ կամ վատ,

ուրախ կամ տխուր քեզ, մա,

ես բարև եմ ասում…