/ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ «Կաշառք»

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ «Կաշառք»

– Շնորհակալությու’ն, տիկի’ն, ես Ձեզ անչափ երախտապարտ կլինեմ:

Հնդիկ ուսանողը ձեռքերը միացրեց իրար, խորը գլուխ տվեց ու հեռացավ: (Ընդհանրապես, ու-սուցչին պատվելն ու հարգալից վերաբերվելը հատուկ է այդ ժողովրդին): Նրա տված թուղթը մնաց դասախոսի ձեռքին: Վերջինս շուռումուռ տվեց այն ու տեսնելով գրության չափը՝ սրտնեղեց. հն-դիկը խնդրել էր իրեն անգլերենից հայերեն թարգմանել մի կարճ գրություն, այնինչ պարզվեց, որ այն բավականին աշխատատար գործ է (և ինչպե՞ս են իրենց նման բան թույլ տալիս): Մի պահ վա-րանեց, որոշեց առհասարակ չսկսել թարգմանել ու ետ տալ՝ ասելով, որ ժամանակ չունի, մանա-վանդ, որ իրականում էլ հենց այդպես է: Սակայն մեղավորն ինքն է. պետք չէր վերցնել՝ առանց ծանոթանալու գրության բովանդակությանը: Եվ ընդհանրապես, ինչու՞ պետք է ուսանողի համար նման գործ կատարի: Հանուն ինչի՞: Բայց հետո հիշեց հնդիկի խոնարհ կերպարանքը, նրա հեզա-բարո խնդրանքը և թուղթ ու գրիչն առնելով՝ նստեց սեղանի առջև: Ի վերջո, մարդը միշտ պետք է օգնի մարդուն: Հատկապես նման պարագայում, երբ մարդ օտար երկրում է, հեռու՝ հայրենիքից, ծնողներից, հարազատներից: Երևի խեղճուկրակ մի ուսանող է, հետո՞ ինչ, որ բժշկական համալ-սարանում է սովորում:

Իր ենթադրած կերպարի հուզականությունից ազդված՝ նա առանձնակի պատրաստակամու-թյամբ սկսեց աշխատել:

Մոտ կես էջ արդեն գրել էր, երբ հնդիկը հայտնվեց իր գլխավերևում:

Mam, I’ll be much obliged to you*,– նորից ասաց ու ինչ–որ բան սեղմեց ձեռքի մեջ: Երիտասարդ դասախոսը նայեց նրա փակված ափին, ապա՝ դեմքին: Իսկ հնդիկը, ի պատասխան, ցուցադրեց իր արտասովոր ճերմակ ատամները՝ ժպիտով ու ընդգծված նորից սեղմեց փակ ափը: Ի՞նչ էր նշա-նակում դա: Այն, որ նա ափի մեջ ինչ–որ բան էր պահում, կասկած չկա: Իսկ նրա բազմանշանակ ժպիտը վկայում էր, որ ափի միջինը նախատեսված է իր համար: Ի՞նչ կարող էր լինել այնտեղ:

Ամբողջ ժամանակ հնդիկը ետուառաջ էր անում՝ սպասելով աշխատանքի ավարտին: Այդ ըն-թացքում նա շարունակում էր ձեռքը փակ պահել՝ երբեմն տրորելով ու ճմրթելով ափի մեջ եղածը: Նրա խորհրդավոր պահվածքն արդեն սկսեց խիստ ազդել երիտասարդ դասախոսի վրա: Նույն նախադասությունը նա ստիպված էր լինում կարդալ մի քանի անգամ, որովհետև կարդացված բա-ռերի տեսողական շարքը չքանում էր նրա մտքից ու իմաստը մնում անհասկանալի: Տե՛ր Աստված, ի՞նչ է ուզում տալ այս հնդիկը: Նա նորից զգուշորեն աչքը գցեց հնդիկի կլորացած ափին ու նրա բութ մատի արանքից նշմարեց թղթի ինչ–որ նշույլ… Ա՜, ուրեմն նա ուզում է փո՜ղ տալ…

Արտասահմանցի ուսանողը դասախոսին կաշա՞ռք է առաջարկում: Ու՞մ տեղն է իրեն դրել այս ուսանողը, իրեն՝ անաչառ համարում ունեցող խոստումնալից դասախոսին, ով բացի ուսանողնե-րին օգնելուց, ուրիշ ոչ մի առնչություն չի ունենում նրանց հետ: Մի՞թե սրան հայտնի չէ իր անկաշ-առ անունը…

Այդ ընթացքում հնդիկը դարձյալ ետուառաջ էր անում: Իսկ գուցե վերցնի՞: Չէ՞ որ սա վարձատ-րություն է աշխատանքի դիմաց: Յուրաքանչյուր աշխատանք արժանի է վարձատրության, հատ-կապես նման կարգի տեխնիկական տեքստերի թարգմանությունները սովորաբար թանկ են վճարվում: Ո՛չ, ո՛չ մի դեպքում: Հետո կգնա, այս ու այնտեղ կասի, թե իր դասախոսին փող է տվել… Օ՜հ, իրեն ոչինչ պետք չէ, շառից հեռու: Սա տեղով փորձանք է իր գլխին:

Սիրտը սկսեց արագ–արագ խփել: Վիրավորանքը, անսպասելիությունը, վախը խառնվել էին իրար ու արգելակում էին անգլերեն նախադասությունների վերածումը հայերենի: Գրիչը սկսեց վատ գրել. մի քանի անգամ խազում էր նույն տեղի վրա, մինչև որ երևար գրածը: Ասես գրիչը նույնպես հրաժարվում էր ափի միջի պահածից: Իսկ ափը, տրորելով ու սեղմելով իր միջինը՝ բռունցք էր դարձել ու սպառնում էր իրեն… Ինչ պետք է՝ կասի: Ինքը ուսանողի ձեռքից փող վերց-նող չէ՛, երբեք չի՛ վերցրել և ոչ էլ պատրաստվում է անել այդ:

Վերջապես ավարտելով չարաբաստիկ աշխատանքը՝ վերջակետ դրեց վերջին բառի վրա՝ պատրաստվելով արտասանել մտքում արդեն շարադրած տեքստը: Նույն պահին ևեթ հնդիկը հայտնվեց նրա դիմաց, երջանիկ ժպտաց, հանդիսավոր մեկնեց ձեռքն իր ողջ երկարությամբ ու բացեց ափը. ափի վրա վերուվար էր անում շփոթված, ճխլտված ու քրտինքից կիսաթաց տեղա-կան ծծովի կոնֆետը…