/Գագիկ Սարոյան «Բալլադներ»

Գագիկ Սարոյան «Բալլադներ»

ԲԱԼԼԱԴ ԹԵՎԱԲԵԿ ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԵՐՄԱԿ ԿԱՐՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Թևաբեկ էր նա,

Ասաց՝ եկել է հեռուներից, եկել, լուր է բերել։

Հրեղեն հավք էր նա,

Փետուր ուներ ոսկի,

Թևը վիրավոր էր, իսկ վերքը՝ վարդ,

Կարմիր արյան տեղակ

Նրա վարդե վերքից

Բառեր էին ծորում

Կանաչ սրոհունդին,

Խոտից տնքոցները

Պոկվում զատիկ-զատիկ,

Ճախրում էին լույսի սրահներում,

Ճախրում էին սրտի ձորերից վեր։

Ա՜խր թևաբեկ էր,

Սովահար էր, հոգնած, լուր էր բերել,

Եվ որպեսզի հանկարծ նա չհանգի

Իմ բվեճը թևեց գիշերների եզրով,

Մատղաշ գորտեր բերեց նրա համար

Արփի լճի մոտիկ ծանծաղուտից։

Ա՜խր թևաբեկ էր,

Գուցե հու՞յս էր բերել,

Եվ որպեսզի հանկարծ նա չսպառվի

Իմ հոպոպը գնաց նրա համար

Հոնի հատիկ բերեց Լոռվա ձորից,

Իսկ չարթ թռչունը իմ՝

Արցախամայր գյուղից

Հասած կաղին բերեց, որ կազդուրվի։

Ա՜խր թևաբեկ էր հազարանը,

Նրա վերքից վարդե

Բառեր էին կաթում կանաչ սրոհունդին,

Բառեր զարմանալի,

Իսկ ես՝ խառնվածս,

Անօգնական, մոլոր,

Ասես հարազատի սնարի մոտ

Դողում էի դառը տագնապներից։

Ա՜խր թևաբեկ էր,

Գորգանախշ էր ասես կանաչներին,

Կոտրած թևը՝ փռած կանաչ սրոհունդի վրա։

Ասացի՝ ի՞նչ անեմ, ի՞նչով օգնեմ, թռչու՛ն հուրհազարան,

Ասաց․

-Ժողվի՛ր թափված արյունը իմ կանաչ խոտից,

Բառերն իմ հավաքի՛ր,

Շարի՛ր աքացիայի սուր փշերին,

Եթե ինձ բան լինի

Ու չհասնեմ հանկարծ

Ոսկե քաղաքը իմ հայրենի,

Որտեղ երգն է վսեմ Թագավորը միակ,

Եթե ինձ բան լինի,

Իմ բառերը շարի՛ր աքացիայի փշին,

Որ մի պատանի գա ամեն գարուն

Եվ շուքի տակ չքնաղ աքացիայի

Իմ բառերով երգի

Իր երկրի ճերմակ կարոտների մասին,

Իմ բառերով,

Բայց ձե՛ր վերադարձը երգի

Դեպի հայրենի տուն․

Եվ սա է լուրը իմ,

Որ ձեզ բերի։

 

 

ԲԱԼԼԱԴ ԽՈՒՃՈՒՃ ԵՎ ՏՆԱՇԵՆԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

 

Իմ քաղաքը

Անվերջ փոթորկվում է

Իր թաքուն, ներքին ծովերի պես։

Իմ քաղաքը

Սրամտության կանոնները գծում է

Իր նավահանգիստ փողոցների թաց ասֆալտի վրա,

Որ աղջնակները թռչկոտեն

Դասարան առ դասարան,

Իսկ երբ երբեմն գիշեր է լինում,

Խմածներն էլ են

Տնկոզ-տնկոզ թռչկոտում

Կյանքի նույն դասարաններով,

Իսկ հետո նայում են՝

Հո տեսնող չեղավ։

Իմ քաղաքը մնացել է

Կարմիր տուֆի և սև տուֆի արանքում՝

Կրի սպիտակ շերտում։

Իմ քաղաքը

Առավոտյան զարթնում

Եվ մոռանում է գիշերվա արկածները,

Որ իր բանաստեղծները, նկարիչները,

Երգասացները, արհեստավորները, խելառները

Չտխրեն։

Իմ քաղաքը

Նստում է պառավների և բիձեքի հետ

Իր տների առաջ

Եվ բամբասում է իր թոռներից։

Իմ քաղաքը

Սիրում է իր հարսներին

Եվ իր փեսաների համար

Ոչինչ խնայում,

Բացի հարևանի հարսներից, իհարկե։

Իմ քաղաքը

Իր լավագույն տարիներին

Երգում էր կեպին աչքերին քաշած,

Իր հարյուրավոր գարեջրատներում նստած,

Երբ սովետ էր ու կյանքը՝ էժան,

Երբ սովետ էր ու մահը՝ թանկ։

Իմ քաղաքը

Սովորում էր համբուրվել Գորկա այգում։

Իմ քաղաքը

Սովորում էր տղամարդ դառնալ

Տեքստիլ կոմբինատի ֆեզեներում,

Ուր լիքը ջրահարսներ էին լողում

Մոլորակի հյուսիսային կողմերից եկած։

Իմ քաղաքը

Իր տանիքների վրայից

Սուլում էր հին ու նոր աստվածներին,

Նրանք լսում էին, թե չէ, չգիտեմ,

Բայց որ աղավնիները

Ճախրում էին կապույտ երկինքներում՝

Կարող եմ վկայել։

Իմ քաղաքը

Պատվի մասին իր պատկերացումները

Իր սրտի մեջ էր պահում։

Իմ քաղաքը

Շատակեր չէր,

Սակայն պարկերով էր գնում ձմերուկը,

Արկղներով պոմիդորը,

Զեյթունը դույլերով,

Իսկ երշիկը, բաստուրման և սուջուխը,

Եթե շարեիր իրար ետևից,

Յոթ անգամ կգրկվեր մոլորակը,

Իսկ ութերորդ անգամին

Ընդամենը մեկ թիզ չէր հերիքի,

Եվ այդ մեկ թիզի արանքում

Ապրում էր իմ քաղաքը․

Ցուրտ ձմեռներին՝ դռները բաց,

Եվ սիրտը բաց,

Անուշ գարուններին

Հերվա խաշամը վառելով

Եվ աչքերը ծխով լի,

Իսկ ամառները

Բալը շաքարի հետ լցնում էր շշերի մեջ,

Եվ կախում էր քոխերի,

Փայտանոցների, ածուխանոցների պատերին,

Որ արևներ գան ցրտերի ժամանակ,

Իր ծերության ոսկորները թաթախելու համար,

Բալօղու աշնանային ուրախություններով։

Իմ քաղաքը

Տեղյակ չէր Աստվածներից,

Նա ոչ աթեիստ էր, ոչ ֆարմասոն,

Ոչ հեթանոս, ոչ  առաքելական, ոչ ֆրանկ։

Նա իր նարդին էր գլորում,

Եվ իր փաստոնն էր խաղում բոշի պուրակում,

Բայց նա ոտքի էր կանգնում,

Երբ կարճ Աղասը

Իր գլխի վրա դրած էր տանում

Իր զավակներից մեկի դագաղի կափարիչը։

Եվ նա խաչակնքում էր,

Երբ մահվան թափորի ետևից

Անցնում էր փողային նվագախումբը

Հանդիսավոր և հպարտ՝

Մոցարտի Ռեքվիեմի նվագները

Այնքան էլ լավ չնվագելով։

Իմ քաղաքը

Հիշաչար չէր,

Բայց նա ոչինչ չէր մոռանում,

Իսկ եթե մոռանում էր,

Հարցնում էր Դոնդիկովին, Եղշատովին և Գ․Սարգսյանին։

Իմ քաղաքը

Արվեստներ ուներ և մարդիկ ուներ արվեստով ապրող․

Տեղով մեկ թատրոն էր

Իմ քաղաքը։

Նրա ուրախությունը բանավոր էր,

Իսկ տխրությունը

Բալի, խնձորի, տանձի և ջուջուպլուզի պես ծառեղեն,

Կուզես քաղիր, կուզես ոչ։

Իմ քաղաքը

Թաղ առ թաղ, մայլա առ մայլա

Երազանքներ ուներ զարմանալի։

Եվ կռիվներ էր անում

Դանակով, փայտով, զորամասերից գողացած

Պայթուցիկներով, ազդանշանային հրթիռներով։

Իմ քաղաքը

Եռում էր սիրուց։

Բոլորը սիրում էին բոլորին,

Նամանավանդ երբ հեռու էին լինում։

Իմ քաղաքը

Սիրում է փողը, որ շռայլեր այն

Ռեստորաններում, բարերում,

Հարսանիքներում, ծովափներում, թաղումների ժամանակ,

Այո, նաև թաղումների ժամանակ,

Երբ զգույշ մոտենում էր

Մահվան վիշտը փարատելու եկած

Նվագողներից դհոլահարին,

Եվ մի բան էր խոթում նրա գրպանը,

Իհարկե, այնպես, որ տեսնողը տեսնի։

Իմ քաղաը տեսանող էր

Ամեն ինչ տեսնում էր և գիտեր,

Սակայն ձև էր թափում, թե չգիտի։

Իմ քաղաքը

Լոպպազ չէր, բայց գիտեր,

Որ ոսկին փայլում է։

Եվ այդ պատճառով

Նա հարկ էր համարում

Այդ մասին հուշել մնացած աշխարհին։

Իմ քաղաքը

Ցնծում էր կյանքի մեջ։

Իմ քաղաքի բարերում Եվրոպա էր (համարյա Փարիզ),

Ուր տանգո և շեյկ էին պարում։

Իմ քաղաքի ռեստորաններում Արևելք էր,

Ուր ծաղկում էր ռաբիսի խոտը։

Իմ քաղաքի բանվորական ճաշարաններում

Օվկիանոսային անգլուխ ձկներ էին

Տապակվելուց առաջ պոչով անում,

Թե իբր բարև,

Իսկ կավե չանախներում

Եփվում է աշխատավորի ուրախությունը։

Եվ որ ամենակարևորն է․

Բոլորը վերջում գնում էին

Գծի ետև կոչվող թաղ՝

Խմելու չանի փառապանծ գարեջուրը,

Որը լցնում էր

Լոնդոն անունով մի արդար քաղաքացի։

Ցնծում էր կյանքի մեջ,

Ամեն օր նա իր ժամացույցը ուղղում էր

Տեքստիլ կոմբինատի շչակով

Եվ շտապում էր ապրելու։

Իմ քաղաքը

Աշխատում էր գիշերը, ցերեկը և երեկոյան,

Էլի ցերեկը, երեկոյան և գիշերը,

Հետո երեկոյան, գիշերը և ցերեկը,

Նրա աչքերը քնաթաթախ էին

Աշխատանքից և սիրուց,

Նա աշխարհի բոբիկ ոտքերի համար

Գուլպաներ էր գործում։

Եվ որպեսզի դա քիչ չթվա,

Նաև կոշիկ էր հագցնում աշխարհին

Եվ փառք էր տալիս գործարաներին,

Աստվածներին, ֆիզիկոսներին, արհեստավորներին։

Մարզիկների համար նա ներբողներ էր հորինում

Ավելի վսեմ, քան Պինդարոսը։

Նրա նկարիչները գիտեին

Աշխարհը գեղեցկացնելու կանոնը։

Նրանք երբեմն վրձիններով

Ներկ էին քսում երկնքի կտավներին,

Որ աշխարհը շեն լինի։

Նրա երգասացները

Դուդուկից լավ էին երգում կարոտի մասին,

Որ բերել էին իրենց հետ, իրենց հին հայրենիքներից։

Իմ քաղաքը

Սիրուց մերժվածներին

Մխիթարում էր մի անեկդոտով,

Նա մի առակով ետ էր կանչում

Տրտմություն անապատներում մոլորվածին։

Իմ քաղաքը սիրո մեջ հաջողակներին

Տանում և լուսանկարում էր,

Որ աշխարհից չպակասի սերը,

Որ տեսնողը՝ շատ,

Իսկ երազանքը անսպառ և ազնիվ լինի։

Իմ քաղաքի

Հացը իր սրտում էր։

Իմ քաղաքը

Անվերջ փոթորկվում էր

Իր բարբառի տափաստաններում,

Իր բարբառի ըմբոստությունը

Քաջություն էր տալիս պատանիներին,

Իր բարբառի գը-ն ու կ-ըն

Պաշտպանում էր իր աղջիկներին ու հարսներին

Օտար և վավաշոտ աչքերից,

Իմ քաղաքի

Երեխաների ուզեմգը-ն

Խելքահան էր անում ծնողներին․․․

Կարճ կապեմ․

Իմ քաղաքը

Չի թվարկվում, չի մասնատվում, չի փաթեթեավորվում,

Իմ քաղաքը տեղով մեկ թատրոն է,

Տեղով մեկ բանաստեղծություն

Այսինքն՝ ստորգետնյա քարիզ

Նա իր ներքին առոգանությամբ ոռոգում էր

Իմաստները հայրենիքի

Եվ հայրենիքը իմաստունների։

Իմ քաղաքը

Իր փլատակների տակից

Իր զավակների մարմինները հանելու հետ

Հանում էր նաև գրքերը

Եվ շարում էր փողոցներում՝

Դագաղների կողքին,

Որ հետո էլ իր ապագա երեխեքը

Կարդալու բան ունենան։

Իմ քաղաքը

Ցուրտ գիշերներում

Նստում էր խարույկների մոտ,

Եվ տաքացնում էր իր չոքերը,

Թե՞ սիրտը, չգիտեմ,

Սակայն դառնության ու սգի

Կարծր օրերի մեջ էլ

Նա չէր մոռանում

Թափ տալ իր շորերից փոշին։

Իմ քաղաքը

Գիտի, որ իրական վիշտը ադամանդ է դառնում,

Միայն թե նա ներսերում է ցոլում,

Թաքուն, թաքուն ներսերում սրտի,

Եվ այդ ներսերի զորությամբ

Իմ քաղաքը մարդ մնաց։

Ոչինչ, որ վիրավոր է դեռ,

Վերքերը, որ խորն են

Դեռ կփակվեն մի օր,

Եվ Ախուրյանը, ով հոսում է

Ոչ միայն տափաստանով Շիրակի,

Այլ հորդում է նաև իմ քաղաքի երկինքներով,

Նա՝ որպես զուլալ մի թաշկինակ,

Որպես հոգու մի դաստառակ,

Դեռ լվալանու և սրբելու է աչքերը

Իմ քաղաքի։

Եվ մի քամի է գալու

Ջաջուռի կողմերից

Եվ սանրելու է

Խուճուճ մազերը տնաշենի՝

Իմ քաղաքի։