/Էլֆիք Զոհրաբյան «ՃԻԼԻՄՈՆԸ»

Էլֆիք Զոհրաբյան «ՃԻԼԻՄՈՆԸ»

Օրենքով գողը կանգնեց, եկավ ընդառաջ:

— Ո՞ւմ պետք է պատժենք, հարգելի՛ Ճիլիմոնյան: Մենք քեզ ընդունում ենք որպես մեր…

— …Շնորհակալ եմ, — քրտինքը թևքով սրբելով ասաց Ճիլիմոնյանը, — ուզում եմ՝ գործընկերոջս բերանի մեջ վեց անգամ կրակեք: Նա ինձ չի գնահատում:

— Վաղը ժամը մեկից տասնչորս պակաս ցանկությունդ կիրագործվի: Բարձր ենք գնահատում քո՝ տեղեկություններ հաղորդելու ճշտությունը, հարգելի՛ դասախոս: Գիտե՞ս՝ քանի՜ սխալ մարդուց մաքրվեցինք քո ազնիվ էության շնորհիվ, — ժպտաց գողը…

— Պարո՛ն Ճիլիմոնյան, — ասաց կրտսեր գործընկերուհին մտասույզ Ճիլիմոնյանին, ով ափսոսաց, որ միայն երևակայության մեջ ուներ օրենքով գող ծանոթ, — վաղուց Ձեր դասի ժամն է:

Ճիլիմոնյանը հավատացած էր, որ եթե օրենքով գողերն իր տեղն իմանան, հաստատ կհամագործակցեն. չէ՞ որ պատժվելու արժան մարդկանց ամբողջ ցուցակն ինքն անգիր գիտի:

Մինչև նոր լսարան մտնելը, պատկերացրեց, թե իր մասին լեգենդներ լսած ուսանողներն ինչպես հոտնկայս կծափահարեն ու լացակումած կասեն. «Մեր աչքերին չենք հավատում, որ Դու՛ք եք մեզ դաս տալու»: Ուսանողներից ոմանք անգամ չկանգնեցին: Ճիլիմոնյանը մեծահոգաբար ներեց նրանց և, ուժ հավաքելով, սկսեց դասախոսությունը: Պատկերացրեց, որ երկու տարի հետո իրեն աներկբայորեն ռեկտոր են նշանակում, և ինքն այդ կուրսին հեռացնում է համալսարանից, քանի որ բոլորն էլ անբովանդակ հայացքով են ունկնդրում իրեն, ոչ մեկը չի մտածում հոգևորի մասին: Նա միայն գերազանց սովորող քնքուշ մի ուսանողուհու կներեր, ով մինչև կիսամյակի վերջ կսիրահարվեր իրեն, իսկ քննությունից հետո կգնային հյուրանոց՝ նշելու հաջող գնահատականը…

Միջանցքում Ճիլիմոնյանն արժանացավ մռայլ գործընկերուհու սառը բարևին և պատկերացրեց, որ մերժել է այդ տիկնոջ սիրո առաջարկը, ինչի պատճառով արժանացավ անժպիտ ողջույնի: «Թող միակողմանի սերը տանջի նրան, բզկտի նյարդերը»: Ճիլիմոնյանն այնքան հավատաց իր երևակայությանը, որ մի պահ ցանկացավ մոտենալ և բացատրել գործընկերուհուն, որ ինքն ամուսնացած է և չի կարող միասեր սրտի վրա բռնանալ: «Տեղյակ եմ, որ ամուսինդ էրեկտիլ դիսֆունկցիայով է տառապում, և դա քո մեջ ագրեսիա է ծնել: Բայց հասկացի՛ր, ես գեղեցիկ կառուց-վածքով, մեծ կրծքերով աղջիկներ եմ սիրում, — Ճլիլիմոնին թույլ թվաց «հարվածը», — Իսկ դու, սիրելի՛ գործընկերուհի, նաև մարմնով աժդահա ես և ունես թերաճ բեղիկներ: Կներե՛ս…»:

Ճիլիմոնը հաղթանակած քայլեց դեպի տուն: Զբոսայգում համբուրվող զույգեր տեսնելիս միշտ պատահաբար նրա թղթապանակի թղթերը թափվում էին: Այդ ընթացքում հասցնում էր վայելել տեսարանը և մտովի մերկացնել զույգերին: Մի անգամ էլ քիչ մնաց ծեծ ուտեր համբուրվող տղայից, քանի որ իր հայացքը բռնել էր աղջկա ճերմակ ոտքերը: Ճիլիմոնին անհասկանալի թախիծ էր համակում զբոսայգուց հեռանալիս, հետո փորձում էր վերլուծել պատճառը: Ո՛չ եռանկյուն աչքերը, ո՛չ բեղերը, ո՛չ հաստ ապակիներով ակնոցները պատկառելի տեսք չէին տա նրան, եթե չլինեին ալեխառն առատ մազերը: Բոլորին հավատացնում էր, որ մինչև քառասուներեք տարեկանը քաղաքի ամենահամակրելի երիտասարդն է եղել, և բազմաթիվ աղջիկներ չեն ամուսնացել իր պատճառով: Հորինում էր այնպիսի սրտաճմլիկ պատմություններ, որոնց չհավատալը սրբապղծություն կհամարվեր: Մինչդեռ բախտը կապեց փոխքաղաքապետի՝ վաղուց չամուսնացած դստեր հետ՝ հավատացնելով, որ ինքը հայտնի գեներալի տղա է, այնինչ իր վաղամեռիկ հայրը ծխնելույզ մաքրող էր, իսկ խորթը՝ աշխատանքից հեռացված ենթասպա:

Ճիլիմոնը պատկերացրեց, որ հասարակությունը կարեկցանքով է լցված իր հանդեպ. իր կինն անհրապույր է, գեղագիտորեն աններդաշնակ իր կյանքին, իսկ անկողնում խոնավ գերանի է նման: Ճիլիմոնյանը բարձր գնահատեց իր ներողամտությունը կողակցի հանդեպ, ով միշտ բերանը բաց էր քնում, ու դա դեռ քիչ է, քնած ժամանակ կենցաղային մակարդակի տեքստեր ասում, երբեմն էլ՝ անհաջող կերպով կատվի նմանակում: Բայց ոչ ոք չգիտեր, որ Ճիլիմոնյանը քնում է առանձին սենյակում իր զարհուրելի խռմփոցի պատճառով: Իսկ եթե չէր կարողանում քնել, նշանակում էր ամբողջ հանրապետությունն այդ ժամին աղոթում է, որ նրան ոչինչ չպատահի: Իրեն ուժեղ էր պահում, որպեսզի մահից հետո լեգենդներ պատմեն իր հզոր կամքի, ոչ մեկին չանհանգստացնող նրա բնավորության մասին: Իրականում Ճիլիմոնյանին դուր չէր գալիս, որ ընտանիքի անդամները երդվյալ քնողներ են իր հազի ժամանակ, որից ինքն արթնանում էր՝ մեղադրելով ուսանողներին, իրեն չգնահատող գործընկերներին և կրթության նախարարին: Հենց այդ պահին էր հիշում «սխալ ապրողների» ցուցակը:

Ճիլիմոնը պատկերացրեց՝ երբ տուն մտնի, կգրկախառնվեն. դուստրը պիջակը կխլի, որդին՝ պայուսակը, կինը սիրահարվածի ժպիտով կուղեկցի ներս: Երբ տուն մտավ, կինն այնպես բղավեց «ցեխոտ են կոշիկներդ», որ պայուսակը թրմփաց գետնին: «Դիմացի՛ր, եղբա՛յր, դու մեծ գործ ես անում. սերունդներ կրթում, չսովորողներին պատժում կաշառք վերցնելով, իսկ եթե ավել գումար են տալիս, ազնվորեն վերադարձնում ես մանրը: Հետաքրքիր է՝ 2068 թվականին մարդիկ գնահատել կսովորե՞ն»: Դուստրը ոտքը չիջեցրեց սեղանի վրայից, երբ հայրը սենյակ մտավ:

Ճիլիմոնը նոր էր նստել հյուսկեն մի աթոռի վրա, երբ դուռը բռունցքներով թակեցին: Բոլորին հավատացրել էր, որ այդ աթոռը նվեր է ստացել երկրի նախագահից, ում ուսման վճարն ինքն է մուծել սեփական գրպանից, քանի որ «այդ հանճարեղ ուսանողը թշվառ վիճակում էր և համալսարանից դուրս էր մնալու»: Եվ իբր վաթսունամյակին մի աթոռ նվեր ստացավ իր «նախագահ ուսանողից»: Մինչդեռ միայն Ճիլիմոնի կինը գիտեր, որ դա հորինվածք է:

Ներս մտնողն անարցունք լացող մի պառավ էր, ով Ճիլիմոնյանի ոտն էր եկել՝ խնդրելու փրկել կործանումից. ընտանիքի միակ աշխատող տղային պաշտոնանկ էին արել:

— Հանգստացե՛ք, տիկի՛ն: Ասե՛ք ձեր որդու տվյալները, — առնվազն վարչապետի դիրքերից խոսեց Ճիլիմոնը:

— Հաբմար…, չէ՜, Համբարձում…, թե՞ Թոփչյան… Վա՜յ, չէ՜, մոռացա… Չե՞ք հիշ-ում տղայիս ազգանունը: …Թը…, թը՜…, հա՛, գտա՜, Կիրակոսյան, — հուզված խոսելիս պառավը բարձր բխկաց, և դա դեռ քիչ է, ներողություն չխնդրեց:

Ճիլիմոնյանը կնոջ դավաճանությունը կներեր, բայց բխկացող կնոջը, համարելով հակագեղագիտական գոյ, գիլյոտինի տակ կդներ: Իրեն զսպեց ու մտքում խոնարհվեց սեփական ներողամտության առաջ:

— Գիտենք՝ շփվում եք մեծավորների հետ, դե Դուք էլ մեծ մարդ եք…, ու թե էս գործը հաջողացնես, — «դու-ի» անցավ պառավը՝ բարձրացնելով Ճիլիմոնյանի արյան ճնշումը, — կենդանի գովազդդ պատրաստ է, ընկե՛ր Ճիլիմոն:

— Ձեզ համար առնվազն Ճիլիմոնյան…

— Հա՛, կներե՛ք: Ինչի՞, Ձեզ Ճիլիմոն չե՞ն ասում:

Սա արդեն աններելի թվաց Ճիլիմոնյանին: Պառավի բերանը մկնդեղ կխցկեր, եթե Աստծուն չհավատար:

— Ինչու՞ են հեռացրել Ձեր տղային:

— Էնպես հեռանան դրանք, որ ես իմանամ: Երեխես կաշառակեր վարպետներից չի: Մի երկու անգամ է փող ընդունել, էն էլ օլիգարխներից: Մի ջահել քածի աշխատանքի ընդունելիս փող վերցրեց, սա էլ ծակվել էր… Մեր տան միակ աշխատողն էր տղաս, ցավդ տանեմ, օգնի՛ր մեզ… Դրսից ամիսը երկու անգամ են օգնում, էդ էլ մուննաթով, մենք դա փող չենք համարում…

Եթե պատասխանատվության չենթարկվեր, Ճիլիմոնը եգիպտական սափորով կխփեր պառավի հակագեղագիտական գլխին, բայց էլի իրեն զսպեց, մտքում շնոր-հակալություն հայտնեց:

— Լավ, — ասաց նա, վերցրեց հեռախոսը և իբր համար հավաքեց:

Պառավը հրաշքի սպասողի պես հետևում էր Ճիլիմոնի ամեն շարժմանը՝ ուշադրություն չդարձնելով իրենց հետևող տանտիրուհու ոչնչացնող հայացքին:

— Պարո՛ն նախարար, ես եմ… Այո՛, այո՛, շնորհակալ եմ: Դու՛ք ինչպես եք: Կարճ կապեմ. իմ շատ հարգելի բարեկամը՝ …Համբարձում, ը՜…, ազգանունն ի՞նչ էր…

— Տոնոյան:

— Տոնոյա՞ն, թե՞ Կիրակոսյան, — լսափողը փակելով՝ շշնջաց Ճիլիմոնը:

— Ասեցի՝ Տոնոյան: Իմ ազգանունն էլ ասե՞մ, …իշխանական ցեղից ենք…, հորս արև…

— Պարո՛ն նախարար, մեր Տոնոյանին սխալմամբ հեռացրել են աշխատաքից, մանրամասները վաղը կասեմ, խնդրում եմ, վերականգնել նրա գործը: Այո՛…, շատ շնորհակալ եմ: Հա՞, ճանաչու՞մ եք…

«Ճանաչել» բառի վրա պառավն այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ Ճիլիմոն-յանի դուստրը սարսափահար ներս ընկավ:

— Ո՞վ է մահացել…

— Նոր են մահանալու…, — սաստեց պառավը:

— Լռե՛ք, տիկի՛ն, դու՛ էլ լռի՛ր, նախարարի հետ եմ խոսոմ:

Աղջիկը խեթելով գնաց:

— Տեսնու՞մ եք՝ տղես ազգային ճանաչում ունի, — ոռնալով լացեց պառավն ու քիթն աղմուկով սրբեց:

— Տիկի՛ն, …Կներե՛ք, պարո՛ն նախարար, ոչինչ չի պատահել: Ձեր լավությունը կփոխհատուցեմ, իմ ազգականներն էլ՝ ինձ: Բայց ես կհրաժարվեմ…, մարդն անշահ պետք է լավություն անի: Հանգիստ լինենք, չէ՞: Տեղյակ կպահեք… Գիտեմ՝ Ձեր քիթն անաղմուկ սրբելու ժամանակ էլ չունեք… Շնորհակալ եմ… սա շատ…

Եվ հանկարծ այս պահին սատանայական մի հեռախոսազանգ եկավ՝ մատնելով բարեսիրտ Ճիլիմոնյանին:

— Սա… երկրորդ զանգ է… Տիկի՛ն, նախարարը կլուծի այդ հարցը, բայց պետք է նրա լավության տակից դուրս գանք…

Այդ պահին խոսակցությանն ականջ դնող դուստրը նետվեց սենյակ և բղավեց.

— Բարերա՛ր հայրիկ, հիմա էլ էս սմքած պառավի՞ց ես ուզում փող պոկել, խաբել ու էլի ծեծված տուն գալ: Քո զավակներն ինչու՞ են գործազուրկ:

— Ե՞ս եմ սմքած… Դե ա՛ռ ձեզ կաշառք, — ծղրտաց պառավն ու եգիպտական սա-փորը ջարդեց Ճլիլիմոնի գլխին: