/Վանո Եղիազարյան «ԳՐԱՔՆՆԱԴԱՏ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՆ. XXI ԴԱՐ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

Վանո Եղիազարյան «ԳՐԱՔՆՆԱԴԱՏ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՆ. XXI ԴԱՐ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արմեն Ավանեսյանն արդի հայ գրական քննադատության հուսալի դեմքերից մեկն է, որն ունի գիտական հայեցակարգ և գիտակցված մեթոդաբանություն, ինչի պակասն այնքան զգացվում է մեր գրականագիտության մեջ: Գիտությանը հայտնի է Ա. Ավանեսյանի «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008)» ուսումնասիրությունը , ինչի համար նրան շնորհվել է գիտական կոչում: Իսկ 2017 թ. տպագրվել է Ա. Ավանեսյանի «Անկախության պոեզիան. XXI դար» արդիական ուսումնասիրությունը :
Սույն գրախոսության նպատակն է գիտականորեն արժևորել Արմեն Ավանեսյանի «Անկախության պոեզիան. XXI դար» ուսումնասիրությունը, որի մասին դեռևս չի գրվել որևէ գրախոսություն, որը հաստատում է հոդվածի արդիականությունը: Մեր խնդիրն է մասնագիտորեն արժևորել արդի հայ պոեզիայի մասին գրված գրականագիտական այս գիրքը:
Գրախոսության մեջ կիրառել ենք արժեբանական (աքսիոլոգիական) մեթոդը:
Գրախոսության գիտական նորույթը ուսումնասիրության գրականագիտական արժևորումն է` արժանիքների և թերությունների բացահայտմամբ:
Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը :
Գիրքն սկսվում է մուտքով, որտեղ հեղինակը համառոտ ներկայացնում է իր ուսումնասիրության նպատակն ու խնդիրները, նշում նաև այն մասնագիտական մեթոդները, որոնցով առաջնորդվել է. «Ուսումնասիրության մեր նախընտրած մեթոդները համակցված են և պատմամշակութային մեթոդից անցում ենք կատարում հոգեբանական մեթոդին և երբեմն-երբեմն ընդմիջարկում համեմատական մեթոդով» : Նշենք, որ պատմամշակութային տերմինը կուլտուր-պատմական մեթոդի Ա. Ավանեսյանի ոչ հաջող թարգմանությունն է: Ավելին` գրքում նկատելի են այլ մեթոդներ ևս, որոնց մասին հեղինակը լռել է, ինչպես` միֆաքննադատության մեթոդը, որ կիրառել է Վահան Վարդանյանին նվիրված հոդվածում և այլուր:
Հեղինակը մուտքի մեջ գրում է. «Գուցե ճիշտ կլիներ, որպեսզի առանձին անդրադառնայինք նաև պոեմի ժանրին, որն, անշուշտ, որոշակիորեն պասսիվացել է, այնուամենայնիվ, հետաքրքիր դրսևորումներ ի հայտ է բերում 2000 թվականից հետո» : Փաստենք, որ գրականագետը չի անդրադարձել անկախության շրջանի պոեմներին, թեև իր գրքի վերնագիրը պահանջում էր:
Գրականագետը հստակեցնում է նաև իր խնդրադրության սահմանները. «Կռահելով ավանդականորեն եկող բանավեճի ընթացքը և հիմնավորելու համար անկախության պոեզիայի ուսումնասիրության մեր հարցապնդումը, պետք է փաստենք, որ «անկախության պոեզիա» հասկացությունը սոսկ ժամանակահատվածով չէ պայմանավորված, այլև եզրույթի արժեք ունի: Ուստի պատահական չէ մեր կողմից XXI դարի շեշտադրումը» :
Հենց մուտքի մեջ էլ ներկայացվում է այն հայեցակարգը, որ դարձել է Արմեն Ավանեսյանի` արդի պոեզիայի մեկնաբանման համակարգը: Այսպես` գրականագետը ընտրել է մեկնաբանման հստակ հայեցակարգ` դեմքեր, գրքեր և միտումներ բաժանումով, որ գիտականորեն հիմնավոր ու համոզիչ է:
Առաջին` «Դեմքեր» գլխում հոդված առ հոդված ներկայացվել են արդի պոեզիայի հայտնի դեմքերը` Էդ. Միլիտոնյանը, Սոնա Վանը, Վարդան Հակոբյանը, Շանթ Մկրտչյանը, Ներսես Աթաբեկյանը, Գևորգ Թումանյանը, Հրաչյա Թամրազյանը, Հրաչյա Բեյլերյանը, Գագիկ Դավթյանը, Խաչիկ Մանուկյանը, Վահան Վարդանյանը: Երկրորդ` «Գրքեր» գլխում գրականագետն արժևորում է անկախության շրջանում տպագրված ուշագրավ գրքերը` Սերո Անտոնյանի «Վերջին տերևաթափ», Արտաշես Արամի «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս», Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը», Նոնա Պողոսյանի «Ապրելու կանկավարկած», Գոհար Գալստյանի «Ջրօրհնության կարգով» և «Տանիքի դարպասներ», Դարկիո Խաչատրյանի «Անմեռ երգեհոն», Հասմիկ Սիմոնյանի «Լուսնոտ բառեր», Լուսին Ղազարյանի «Ես քոնը չեղա», Հրաչյա Մելիք-Սարգսյանի «Սպասումներ», Նաիրա Ջուլհակյանի «Գիշերաթիթեռ», Նշան Աբասյանի «Ուրիշ լռություն», Քրիստինե Հովսեփյանի «Սև թուղթ», Լուսինե Հովակիմյանի «Գետնից բարձր»:
Գրքի երրորդ` «Միտումներ» գլխում անդրադարձ է արվել անկախության պոեզիայի մեկնաբանման տեսական հարցադրումներին, ըստ այդմ` այն բաժանելով «Ժամանակակից գրական չափանիշների մասին», «Նոր պոեզիայի ճյուղավորումները», «Նորերը», «Երիտասարդ բանաստեղծների հայրենիքի ընկալումը 2016-2017 թթ.» ենթագլուխների:
Նշենք, որ Ժ. Քալանթարյանը քննադատի գնահատականը համարում է ոչ ճշգրիտ` «միշտ մոտավոր», սակայն միաժամանակ գտնում է. «Որքան էլ մոտավոր լինի չափանիշը, որքան մեծ` սխալվելու հավանականությունը, և դժվար` քննադատի գործը, նա պարտավոր է ցորենը որոմից զատել: Բարձրագույն չափանիշը ժամանակի ոչ թե դեպքերի, այլ ոգու մեջ թափանցելու կարողությունն է, ասելիքի կարևորությունն ու թարմությունը, բանարվեստի հարստությունը, լեզվի ճկունությունը» :
Փաստենք, որ Գևորգ Թումանյանը անընդունելիորեն ներկայացվում է արդի բանաստեղծության դեմքերի մեջ, մինչդեռ Ռազմիկ Դավոյանի անունը չի էլ հիշատակվում, թեև վերջինս արդի պոեզիայի առաջնակարգ դեմքերից մեկն է: Դեմքեր գլխում անհրաժեշտ էր ներառել արդի անկախության շրջանի պոետական դիմագիծ ունեցող Ռազմիկ Դավոյանին, Հրաչյա Սարուխանին, Արմեն Մարտիրոսյանին, Հակոբ Մովսեսին, Հովհաննես Գրիգորյանին, Հենրիկ Էդոյանին, Արտեմ Հարությունյանին, Դավիթ Հովհաննեսին և այլոց:
Գևորգ Թումանյանի և Սոնա Վանի բանաստեղծության «նորարարական» միտումը չի բխում հայոց լեզվի պահանջներից, ավելին` արհամարհվում է հայերենի կետադրությունն ու ուղղագրությունը, որն անընդունելի է, ինչի մասին հարկ էր` վերաբերմունք արտահայտեր գրականագետը: Գրողն ազատ է իր գրի մեջ, սակայն գրականագետը պարտավոր է գիտական չափանիշներով մեկնաբանել գրական ստեղծագործությունը, իսկ այս դեպքերում անթույլատրելիորեն ոտնահարվում է հայոց լեզուն:
Փաստենք նաև, որ գրախոսվող գրքի երկրորդ գլխում հայտնվել են հեղինակների գրքեր, որոնց խոսքը մեղմ ասած նահանջ է գեղարվեստականությունից, սակայն լավատես գրաքննադատն առաջնորդվել է մի առողջ սկզբունքով. «XXI դարի քննադատն էլ, ով կառուցողական նպատակներ ունի, ամեն ինչ անում է գտնելու, տեսնելու և վեր հանելու այն լավը, դրականը, որը զարգացման հեռանկար կարող է տալ: Սույն գիրքը հատկապես այդ միտումն է որդեգրել` հիմնականում նախորդ երկու գլուխներում» :
Հիշյալ երևույթը նկատելի է ամենուր, այսպես` Հասմիկ Սիմոնյանի գրքի գրախոսության մեջ գրաքննադատն ասում է իր ներգործող խոսքը, որը մասնագիտական օբյեկտիվ գնահատական է և քննադատի ուղղորդում` ուղղված սկսնակ «օժտված բանաստեղծուհուն» :
Գրքում ցանկալի էր գնահատված տեսնել Արևշատ Ավագյանի, Լյուդվիգ Դուրյանի, Ղուկաս Սիրունյանի, Լիպարիտ Սարգսյանի, Երվանդ Պետրոսյանի, Յուրի Սահակյանի, Վահագն Մուղնեցյանի, Սամվել Կոսյանի, Սամվել Զուլոյանի, Ալեքսանդր Ղումաշյանի, Մարո Երկնափեշյանի, Էդվարդ Հախվերդյանի և այլոց գրքերը:
Գրախոսվող գրքի երրորդ գլխում` «Անկախության շրջանի գրական չափանիշների մասին» տեսական հոդվածում, Ա. Ավանեսյանը հանդես է բերում արդի գրաքննադատի` մեզ համար լիովին ընդունելի մասնագիտական դիրքորոշում: Այս հոդվածը, մեր ընկալմամբ, գրքի լավագույն մասն է` տեսական հարցադրումներով ու պատկերացումներով:
Այսպես` նախ գրականագետն իրավացիորեն գտնում է, որ «սևակյան շրջանից սկսված հայ գրականությունը բնորոշվում է «արդի» սխալ եզրով» : Իրոք անընդունելի է, երբ արդի «եզրը կիրառվում է թե´ 60-70-ական թվականների առիթով, և թե´ ներկայիս ընթացիկ գրականությանն անդրադարձի դեպքում» : Մանավանդ այն դեպքում, երբ «գրականության պատմությունը այդ տարիների վերաբերյալ ի հայտ է բերում իրարից տարբեր պարբերացումներ» :
Ժամանակն է, որ արդի գրականագիտությունը կատարի այդ սրբագրումը: Արդի եզրույթը իր բառարանային իմաստով պետք է հասկանալ` «այժմյան, ներկայիս, հիմիկվա», այն է` ընթացիկ գրականությունը:
Մեր պատկերացմամբ, ժամանակն է, որ նորագույն գրականության մի առանձին շրջան համարվի 20-րդ դարի գրականությունը , իսկ արդի գրականություն անվանվի 21-րդ դարի գրականությունը, ինչպես փորձել է անկախության պոեզիան համակարգել Ա. Ավանեսյանը. «Անկախության շրջանի հայ բանաստեղծության արժեքը նշանակալի է որպես XX դարավերջի և XXI դարասկզբի իրողություն, և ունի գրական ամբողջություն: Մենք ունենալով մեկնաբանության մեր մեկնակետը, կփորձենք տեսական համակարգվածության ենթարկել և վերլուծել այս շրջանի երկրորդ ժամանակահատվածի` XXI դարի բանաստեղծությունը` հստակ սահմանելով մեր ուղղվածությունը` գաղափարական հարցադրումներ» :
Կյանքն առաջ է ընթացել, գրականությունը մտել զարգացման նոր ճանապարհ, մինչդեռ գրականագիտության մեջ արդի գրականության իրողություն է անվանվում 1960-70-ական թվականներին ստեղծագործած, արդեն վաղուց մահկանացուն կնքած Սլավիկ Չիլոյանը, Աշոտ Ավդալյանը և այլք, որն անընդունելի է ու կարոտ է նոր հայացքով անդրադարձի:
Այս առումով, մեզ համար լիովին ընդունելի է Ա. Ավանեսյանի` XXI դարը սահմանագիծ համարելու մոտեցումը:
Գրաքննադատն իրավացիորեն նկատել է, որ արդի գրականությունը մասնագիտական վերարժևորման կարիք ունի. «Փոխվել են պոեզիայի մասին մեր պատկերացումները, արտաքին էֆեկտները, բառախաղերը, անգրագետ կառուցումները, որպես նորություն-թարմություն են ներկայացվում, մեկ-երկու հաջողված տող ունեցող բանաստեղծությունները գլուխգործոց են հորջորջվում, արդյունքում մոռացվում են տաղաչափության կանոնները, բանաստեղծության ներքին դինամիկան, լեզվամտածողությունը և ամենակարևորը` գեղարվեստականությունը» :
Պոեզիայի արժևորման առաջին պայմանը գեղարվեստականությունն է, որն այնքան նահանջել է արդի գրականության մեջ, ինչը նկատում է նաև Ա. Ավանեսյանը. «Գեղարվեստականությունը գեղեցիկի մասնավոր երևումները չեն սոսկ, այն իրենից գրողի աշխարհայացքի համակարգ է ներկայացնում: Գեղարվեստը գեղեցիկի կարևորումն է: Նրանց ում հասու չէ գեղեցիկը, սքողում են իրենց տգիտությունը օրինգինալ երևալու ճիգի տակ» :
Երկրորդ կարևոր չափանիշը Ա. Ավանեսյանը համարում է «գրական ավանդների` ազգային արմատի խնդիրը» ` ավելացնելով, որ «ավանդույթ ասելով, չպետք է հասկանալ համաշխարհային փորձի բացասում» :
Գրաքննադատը նկատում է. «Հայկականության բացակայություն կա անկախության շրջանի հայ պոեզիայում» , մյուս կողմից` «տեսական միտքը պոեզիայում իշխում է գեղարվեստականին, իսկ տեսականն էլ համակարգված չէ և միջնորդավորված է» , որի արդյունքում «համաշխարհային տեսական միտքը հեղեղել է այսօրվա գրական դաշտը, և մի տեսակ դուրս են մնում ազգային խնդիրները» : Սրանք լուրջ մտահոգություններ են, որ բարձրաձայնում է գրաքննադատը` ուղղորդելով արդի բազմաշավիղ պոեզիան ճիշտ ճանապարհով` դեպի գեղարվեստականություն և հայկականություն, որ տեսականորեն լիովին ընդունելի է մեզ համար: Հավելենք ոչ պակաս կարևոր մի չափանիշ ևս` մարդասիրությունը, քանզի արվեստը ստեղծվում է մարդու կողմից` ի շահ մարդկության:
Ժ. Քալանթարյանը գրում է. «Խոսքի ազատության նոր պայմաններում գրողների ներսում ձերբազատված ստեղծագործական էներգիան երևան է հանել ոճերի, մեթոդների ու նախասիրությունների այնպիսի ապշեցուցիչ բազմազանություն, որի պատճառով օրինաչափությունների բացահայտման ու ընդհանրացման ամեն մի փորձ իր մեջ ներառում է անհատականությունների համահարթեցման մեծ վտանգ» : Այնուամենայնիվ, Ժ. Քալանթարյանը խոսելով արդի պոեզիայի մասին` ինքն իսկ նկատել է այդպիսի մի քանի ընդհանրություններ, ինչպես` օրվա դեպքերի հրապարակախոսական մերկությամբ վավերագրելը (էջ 56), քաղաքացիական պոեզիայի` վավերականը ընդհանրական դարձնելու միտումը (էջ 60), ավանդականի և նորարարության զուգակցումը (էջ 70), պոեզիայի տեղեկատվական հագեցվածությունը (էջ 72), անտիպոեզիան (էջ 73), պոեզիայի պայմանականությունը, վերացարկումը և այլաբանության նախընտրությունը (էջ 80), ուրբանիստական (քաղաքային) պոեզիան (էջ 89) և այլն:
Արմեն Ավանեսյանը, թերևս ի մտո ունենալով այս ընդհանարացման փորձը, գրում է. «Փորձենք առանձնացնել բանաստեղծության տեսակները` (ինտելեկտուալ պոեզիա, լեզվապաշտ պոեզիա, մետաֆիզիկական պոեզիա, քաղաքային պոեզիա, հրապարակախոսական պոեզիա, ավանդապաշտ պոեզիա, անտիպոեզիա) և այս ուղղությամբ տալ 50-ամյա բանաստեղծության նկարագիրը» : Ապա գրականագետը փորձել է կատարել իր այդ ընդհանրացումը` առանձնացնելով հետևյալ «ճյուղավորումները».
1. Չափական բանաստեղծություն,
2. Քրիստոնեական ավանդույթից ածանցվող բանաստեղծություն,
3. Առասպելաբանական կամ բանահյուսական բանաստեղծություն,
4. Ինտելեկտուալ բանաստեղծություն,
5. Այլ գրականության հետ խաչաձևող բանաստեղծություն:
Սակայն հարկ է նշել, որ գրականության տեսության մեջ ընդունված է, որ չափականն ամանակային տաղաչափությունն է : Կարծում ենք Ա. Ավանեսյանի չափական բանաստեղծություն եզրույթը գերադասելի է անվանել դասական պոեզիա, մանավանդ չափական բանաստեղծություն ասելով` Ա. Ավանեսյանը նկատի ունի «դասական պոեզիայի ձևային-կառուցվածքային և բովանդակային սահմանների մեջ» ստեղծվող պոեզիան:
Հարկ է փաստել, որ Զ. Ավետիսյանը ևս փորձել է նկատել արդի պոեզիայի որոշ ընդհանրություններ. դրանք են «բնույթով` հրապարակախոսական, կառուցվածքով` ազատ բանաստեղծություններով» պոեզիան, որոնցում գերիշխողը սուր ծաղրի ենթատեքստ ունեցող հեգնանքն էր, ««միջնադարականներ»- կամ դարձի բանաստեղծներ» , որոնք «ձգտում էին վերադառնալ հայ միջանդարյան հարուստ բանաստեղծության կենսունակ ավանդներին, ճոխ լեզվաոճին, պատկերավորման ինքնատիպ միջոցներին, քրիստոնեական կոդերին, սիմվոլներին, տաղերգության սեմանտիկ դաշտի նշանների շռայլ բազմազանությանը, վերջապես` ծիսական հանդիսավորությանը» , հայրենասիրական պոեզիա , ուրբանիստական պոեզիա , համաշխարհային գրականության խաչաձևումներ` ազգայինի պահպանմամբ , անտիպոեզիա :
Եղել են նաև այլ պարզունակ և ոչ գիտական խմբավորման փորձեր, ինչպես` հայրենաբնակ, գյումրիաբնակ, վանաձորաբնակ, արցախահայ բանաստեղծներ :
Համադրելով Ժ. Քալանթարյանի, Զ. Ավետիսյանի և Ա. Ավանեսյանի ընդհանրացումները` նկատելի են դառնում արդի հայ բանաստեղծության զարգացման ընդհանուր միտումները, որոնք հիմնականում նույնական են, սակայն կան եզրույթների ձևակերպման որոշ տարբերություններ:
Ա. Ավանեսյանն ունի երևույթների գնահատման և ընդհանրացման համակարգված պատկերացում և տեսական մտածողություն: Դա ակնհայտ է ոչ միայն գրախոսվող գրքի կառուցվածքում` դեմքեր, գրքեր, միտումներ տրամաբանական ընտրությամբ, այլև արդի պոեզիայի զարգացման միտումների ընդհանրացումների փորձի, ինչպես նաև հայրենիքի ընկալման երիտասարդ բանաստեղծների պատկերացումների համակարգման դեպքում :
Ա. Ավանեսյանը երբեմն-երբեմն արտահայտում է նաև իր վերաբերմունքը արդի գրական դաշտի անընդունելի երևույթների մասին, ինչպես «այսօրվա գրական դաշտում համատարած տիրող ցուցանքով, որն անբովանդակ ձևապաշտություն է սոսկ» :
Գիրքը, բնականաբար, ունի նաև որոշ թերություններ: Այսպես` ակնհայտ է, որ գիրքը պատշաճ խմբագրման և սրբագրման չի ենթարկվել, ավելին` տպավորությունն այնպիսին է, որ խմբագիր և սրբագրիչ չի էլ եղել:
Անտեսված են 21-րդ դարի պոեմները, որը ևս պոեզիա է, ուստի առկա է վերնագրի ու բովանդակության մասնակի անհամապատասխանություն:
Անտեսված է թեմայի մշակվածությունը, այն է` չեն հիշատակվում գրականագիտական այն գրքերը կամ հոդվածները, որ գրվել են այս կամ այն գրողի, նաև առհասարակ արդի պոեզիայի ուսումնասիրման մասին:
Հրաչյա Բեյլերյանին նվիրված հատվածում մեկնաբանվում են 1982 թ. «Հարթավայրի սիրտը» և 1988 թ. «Մհերի դուռ» գրքերը, մինչդեռ դրանք 20-րդ դարի գրական երևույթներ են, հարկ էր, որ վերնագրին համահունչ մեկնաբանությունը ծավալվեր երրորդ` 2004 թ. տպագրված «Վերջալույսը թռչուն» գրքի շուրջ: Այս երևույթը նկատելի է այլ հոդվածներում ևս:
Վահան Վարդանյանին նվիրված հոդվածում ավելի շատ քննության է արժանացել հեղինակի դրամատուրգիան (էջ 171-176), քան պոեզիան, որը ևս շեղում է գրքի վերնագրից: Ամեն դեպքում չափածո դրաման չի կարելի դիտել որպես պոեզիա, այն դրամատիկական սեռի ստեղծագործություն է, և սխալ է պոեզիային նվիրված գրքում վերլուծել դրամատիկական սեռի երկը: Սա մասնագիտական անճշտություն է, ինչպես նաև` էջ-171-ում «դրամատուրգիայի ժանրի միջոցով» արտահայտությունը, որում թվում է` գրականագետը դրամատուրգիան ժանր է անվանում, մինչդեռ, կարծում ենք, ճիշտ խմբագրման դեպքում պետք է լիներ «դրամատիկական սեռի չափածո դրամա ժանրի միջոցով»:
Առանձին դեմքերին նվիրված հոդվածներում չի հստակեցված մեկնաբանման մասնագիտական մեթոդը, երբեմն հոդվածն ավարտվում է հստակ ամբողջացված եզրակացությամբ, իսկ երբեմն էլ եզրահանգում չի արվում (Վարդան Հակոբյան, Շանթ Մկրտչյան, Հրաչյա Բեյլերյան):
Շանթ Մկրտչյանի մասին գրում է. «Վերլիբրը նրա ստեղծագործություններում քմահաճ տողերի շարան չէ: Բառային շղթան այնպես է կառուցված, որ պահպանվի այդ բանաստեղծության բնորոշ ռիթմը» : Սակայն մեջբերվում է բանաստեղծից մի հատված, որտեղ խախտված է վերլիբրի տողանց չունենալու պարտադիր սկզբունքը, ինչի մասին Մանուկ Աբեղյանը գրում է. «Տողի ամբողջականությունն ազատ ոտանավորների հիմնական պայմանն է, տողանց չի թույլատրվում ազատ ոտանավորների մեջ» : Սա խախտում է բանաստեղծը, սակայն այդ թերությունն իբրև առավելություն է ներկայացնում գրականագետը:
Գրքում գործածված են պոստմոդեռնիզմ (էջ 115), հայկական հիպերավանգարդիզմ (էջ 117) եզրույթները, սակայն դրանք չեն ստացել տեսական համակարգված հիմնավորում:
Առհասարակ նկատելի է, որ արդի գրականագիտության մեջ անտեսվում է նկատված թերությունների մասին խոսելը, որն ինքնին լուրջ թերություն է: Այս երևույթն առկա է նաև գրախոսվող գրքում. բացառություն է Հասմիկ Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» գրքի` գույների չարաշահման մասին դիտարկումը (էջ 226):
Գիրքը չունի ամփոփում, օգտագործված գրականության ցանկ, որոնք պարտադիր են այս կարգի ուսումնասիրությունների համար:
Այս ամենով հանդերձ` Արմեն Ավանեսյանի գրախոսվող գիրքը եկել է հիմնովին վերջ տալու այն սին պատկերացմանը, թե գոյություն չունի արդի հայ բանաստեղծություն: Արմեն Ավանեսյանը` որպես քննադատ, հստակ արտահայտում է պոեզիայի մասին իր գրական չափանիշները` գեղարվեստականություն և հայկականություն, որի պակասը զգալի է արդի հայ պոեզիայում: Քննադատի խոսքը դիպուկ է, տեսականորեն համակարգված, որը գրքի ամենակարևոր արժանիքներից մեկն է: Քննադատն ունի գրական երևույթների գնահատման և ընդհանրացման համակարգված պատկերացում և տեսական մտածողություն: Նրա գնահատականներն արդի պոեզիայի մասին հնարավորինս օբյեկտիվ են, թեև կան նաև ոչ ճշգրիտ արժևորումներ: Անկախության պոեզիան` իբրև գրական իրողություն, տեսականորեն մեկնաբանվել և արժևորվել է գրքում` ի ցույց դնելով այդ պոեզիայի ուժեղ և թույլ կողմերը, որը կնպաստի արդի հայ բանաստեղծության նորովի զարգացմանը: