/ՄԱՆՈՒՇԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Մանկական բանաստեղծություններ»

ՄԱՆՈՒՇԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Մանկական բանաստեղծություններ»

Մեր քարեղեն Հայաստանը

 

— Հայրի՛կ, ինչո՞ւ ես քար այդքան սիրում,

Փարվում ես դրանց, գրկում, համբուրում,

Կարծես տան անդամ լինեն քեզ համար,

Քար չե՞ն, հայրի՛կ ջան, սովորական քար,-

Հարցրեց փոքրիկը հայրիկին ծնկած,

Որ քարն էր շոյում՝ որմից ցած ընկած:

— Քիչ էլ համբերի՛ր, կիմանաս շուտով,

Որ քարի մեջ ես խրված արմատով,

Որ այս քարերն են քեզ տալու թևեր,

Տանելու լազուր երկինքներն ի վեր:

Քարը մեր հոգու անմահ կտորն է,

Սիրտ ու մտքի պես անհուն ու խորն է,

Մեր արյան ուժն է, նրա երակը,

Մեզ կյանք պարգևող օջախ֊կրակը,

Այն հայրենիք է, օրրան ու ոստան,

Ինձ ու քեզ համար չքնաղ Հայաստան:

Մեծացի՛ր, դարձի՛ր նրան ծառա, տեր,

միասի՛ն եղեք հավերժի ընկեր,

Մեկդ մյուսին չուրանաք երբեք,

Ձեզ բարի ճամփա անխոտոր, անթեք:

 

 

Մանուկ ընթերցողին

 

Ա՛յ մեղուշիկ, փափկաթուշիկ,

Պապ ու տատի վա՛րդ անուշիկ,

Քեզ պես հրաշք ով ունենա,

Դար էլ ապրի, չի ծերանա:

Կյանքդ լինի պայծառ, թեթև,

Նախշուն, ինչպես թիթեռի թև…

 

 

Սպասում են

 

Մի տե ս, խելո՛ք հայորդի,

Ճամփիդ կանգնել են հերթի

Մանկապարտեզ ու դպրոց

Իբրև լույսի զույգ ամրոց:

Սպասում են ոտք դնես,

Որ թևանցուկ անեն քեզ,

Տանեն շավղով գիտության,

Հիմքը դառնան վաղվա տան:

Քեզանով քեզ արարեն,

Աստղերն հոգուդ մոտ բերեն,

Հասուն դառնաս օրեօր,

Կամքով՝ ուժեղ ու հզոր:

 

 

Թվացյալ պատիժ

 

Հենց տիկնիկս արթնանա,

Կասեք՝ թող տեղ չգնա.

Տանելու եմ սահադաշտ

Թուխծամիկին այս անհաշտ,

Որ իմանա տան հարգը

Դրսի գերի անկարգը:

Իմանա՝ ինչ է անում,

Երբ ինձ լեզու է հանում:

Սառույցին զոհ որ դառնա,

Նո՛ր արժեքս կիմանա:

Մեկ է, նա հո չգիտի՞,

Որ դիմանալը պիտի

Հետագայում տա արդյունք,

Բերի մեդալ ու բարձունք,

Որ սահադաշտն աշխարհի

Չքնաղ հեքիաթն է բարի:

Ես այն նախշում եմ սիրով

Չմուշկներիս հետքերով:

 

 

 

Կատվի տունը

 

Փիսոն զառամել, մառան չէր գնում

Ու ամբողջ օրը նա տանն էր մնում.

Նստում էր տատի հիվանդ ծնկներին

Կամ դառնում թոռան՝ Աշոտի գերին:

Չար տղան կատվին շատ, շատ էր տանջում

Փիսոն մի վայրկյան անգամ չէր ննջում.

Պիտի ստիպված ծառից ցատկեր ցած,

Կա՛մ դառնար ճարպիկ, քաջ լարախաղաց,

Կա՛մ ականջ ու պոչ Աշոտիկին տար,

Որ նա պինդ քաշեր և ուրախ ժպտար:

Դե՛, փիսոն էլ մեր կարգին դիմացավ,

Բայց մեկ էլ մի օր լուռ անհետացավ:

Տատը նկատեց՝ մառան է գնում

Ու ամբողջ օրը այնտեղ է մնում:

Զարմանում է տատն ու չի հասկանում.

Ի՞նչն է փիսոյին միշտ մառան տանում,

Ախր ուժ չունի, որ բռնի մկներ,

Որ և՛ օգուտ տա, և՛ հայթայթի կեր:

Տատը սուսուփուս գնում է մառան

Ու զգույշ նայում ճեղքից հին դռան:

Ու տեսնում է ի՜նչ, փիսոն խելացի

Քանդել կապերը այն մեծ կապոցի,

Որով տատն ինքը իջեցրել էր ցած

Խաղալիքները Աշոտի ջարդած,

Ու կառուցել է այնքան շքեղ տուն,

Որ կհաջողվեր սոսկ խելոք մարդուն:

Խորանարդները՝ ծաղկած անկողին,

կես արած հոլը հագցրած ձողին՝

Գլխավերևում հովանի շքեղ,

Պատռած գնդակը՝ փափուկ գլխատեղ,

Մեծ բեռնատարը գլխիվայր դրել,

Հարմար թիկնակով նստոց է արել:

Խճանկարի հավաքածուն ճոխ

Ոտքի տակ գորգ է հիմա ոտնակոխ,

Խոսող քարտեզն էլ դարձրել վերմակ,

Մտել է, մուշ-մուշ քնել դրա տակ:

Փիսո՛, դու փիսո՛, այդքան խելացի՞,

Ո՞վ այսպես կաներ քեզանից բացի:

Հիացմունք, զարմանք ամբարած սրտում

Տատը մառանից հետ է դառնում տուն.

Պետք է թաքցնել թոռից անկասկած,

Խեղճ կատվի տունը չքանդվի հանկարծ: