/Ծանրակշիռ ներկայություն 60-ականների գրականության մեջ

Ծանրակշիռ ներկայություն 60-ականների գրականության մեջ

Հոկտեմբերի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Զորայր Խալափյանի “Այսքան բան” գրքի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշելով, որ 1990-ական թվականներին սոցիալական, պատերազմական և այլ խնդիրների պատճառով գրականությունը մնացել էր ստվերում, նկատեց, որ այս ժողովածուն շատ լավ ներկայացնում է Զ. Խալափյանի՝ այդ թվականների մտածումները, խիտ բանաձևումները՝ խորքային, հետաքրքիր, փիլիսոփայական, նաև հեգնական շեշտադրումներով: Վստահեցնելով, որ ընթերցողը մի այլ հայացքով է ընկալելու Զ. Խալափյանի գրական ժառանգությունը, նրա   բազմաշերտ արձակը՝ Էդ. Միլիտոնյանն ասաց. “ժամանակների մեջ նոր ուսումնասիրողներ են գտնվելու, և 60-ականների մեր արձակի մասին պարզունակ, կաղապարված, քարացած կարծիքները վերանայվելու են: Զորայր Խալափյանը, Աղասի Այվազյանը, Մուշեղ Գալշոյանը և ուրիշ գրողներ, որոնք, կարծես թե, որոշակիորեն մնացին ստվերում, և ընթերցողը նրանց այնքան էլ չճանաչեց, երկրորդ շնչառություն են ունենալու ժամանակների մեջ և նորովի են բացահայտվելու՝ որպես տաղանդավոր արձակագիրներ”:

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, որը վարում էր ցերեկույթը, ևս նկատեց, որ հայ գրականությունը վերանայման կարիք ունի՝ սկսած դասականներից մինչև ժամանակակից գրողները: “Մենք պետք է տեսնենք՝ այս գրողները դիմացե՞լ են ժամանակի քննությանը, թե՞ ոչ, և պետք է նայենք այսօրվա հայացքով”,- մասնավորապես ասաց նա և հավելեց, որ շատ դեպքերում ակնհայտ է դառնում, որ գրողներն իրենց գրվածքներով մարգարեացել են ներկա ժամանակների մասին:

Ըստ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ 60-ականներից սկսվեց անհատի հոգեբանության, կերպարի, մարդու էության բացահայտման ընթացք, և Զ. Խալափյանը դարձավ այն սերնդի ներկայացուցիչներից, որոնք բերեցին նոր սերնդի կերպարը հայ գրականության մեջ: Անդրադառնալով “Այսքան բան” ժողովածուին՝ բանախոսն ընդգծեց, որ գրքում ընդգրկված գործերն իրենց հնչեղությունը պահելու են բոլոր ժամանակներում: “Շատ հարուստ նյութ է տալիս խորհելու այն բոլոր հարցերի շուրջ, որ հուզել են իրեն, և որոնք այսօր արդիական են բոլորի համար”,- ամփոփեց նա:

“Ինձ թվում էր, թե մենք Զորայր Խալափյանի մասին ամեն ինչ գիտենք, բայց երբ գիրքը լույս տեսավ, պարզվեց, որ ահագին բան չգիտենք”,- խոստովանեց կինոգետ, դրամատուրգ Դավիթ Մուրադյանը և դա բացատրեց նրանով, որ Զ. Խալափյանն անընդհատ ինքնանորացող գրող է՝ օժտված ինքն իրեն անընդհատ նորացնելու և ինքն իր միջից յուրաքանչյուր անգամ մի նոր գրող դուրս բերելու հատկությամբ: Նրա հավաստմամբ՝ թեև իր կյանքի օրոք նա, ասես, ստվերում մնաց, այնուամենայնիվ, ծանրակշիռ ներկայություն էր 60-ականների գրականության մեջ և 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակում եղանակ էր ստեղծում: Անդրադառնալով Զ. Խալափյանի՝ “Որտեղ էիր, մարդ Աստծո” վիպակի և մյուս գործերի հիման վրա նկարահանված ֆիլմերին՝ Դ. Մուրադյանը արժևորեց դրանք՝ համարելով գեղարվեստական ձեռքբերում հայ կինոյի համար:

Սուրեն Աբրահամյանը, հանգամանորեն վերլուծելով “Այսքան բան” ժողովածուն և ընդհանրապես նրա գրականությունը, ընդգծեց, որ Զ. Խալափյանի սերնդի գրականությունը պատմականացման, այսինքն՝ գրականության պատմության տեսքով ներկայանալու խնդիր ունի:

Ելույթ ունեցան նաև Վրեժ Սարուխանյանը, Կարինե Մարտիրոսյանը, Բակուր Կարապետյանը, գրողի քույրը՝ Մելիտա Խալափյանը, Նելլի Շահնազարյանը:

Զ. Խալափյանի եղբայր Թեմիկ Խալափյանը, ով հավաքել և կազմել է “Այսքան բան” գիրքը, խոստովանեց, որ ձեռագրերի վրա աշխատելիս՝ յուրովի նորից հայտնաբերել է Զորայր Խալափյան գրողին, ճանաչել նրա լեզվական առանձնահատկությունները: