/ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ «Բանաստեղծական խոստովանություններ»

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ «Բանաստեղծական խոստովանություններ»

Բժիշկ Ռաֆիկ Տեր-Գրիգորյանը կյանքի ճանապարհի ամեն հանգրվանից ազնիվ ապրումների  գրավոր վկայություններ ունի: Բանաստեղծությունը մշտապես ուղեկցել է նրան և դարձել նրա հոգու կենսագրության անբաժան մասը: Նա կարող է խոստովանել, որ բանաստեղծությունը հարստացրել է իր կյանքի ուղին՝ պարգևելով մարդկայինի որոնումների բազմապիսի պահեր: Մտածող անհատը արվեստի ու գրականության մեջ որոնում է կյանքի հարցականների պատասխանը՝ փորձելով հարստացնել իր հոգին, առանց որի կյանքը դառնում է գունազուրկ: Ռ. Գրիգորյանը ստեղծագործական աշխատանքով փորձել է կյանքի հետ ազնիվ երկխոսություն ծավալել՝ մշտապես գտնվելով փիլիսոփայական խոհի բարձունքում:

“Իջիր, ճերմակ ձյուն” բանաստեղծական ժողովածուն (Երևան, 2017) բժիշկ-բանաստեղծի հոգու հուզառատ պատմությունն է, որի առանցքում երազանքն ու տեսիլն են, հիշողությունն ու կարոտի ծփանքը:

“Իջիր, ճերմակ ձյուն” ժողովածուն ընթերցողին կարող է մղել կյանքին ուղղված հետադարձ հայացքի: Ինչպե՞ս ես ապրել. ժողովածուն բազմաձայնում է այս հարցը՝ մատնացույց անելով հոգևոր որոնումների մի լացն ու անհանգիստ ճանապարհ: Այդ հարցին բանաստեղծն ունի իր պատասխանը՝ “Կարդացեք այս ազնիվ խոհ ու խոստովանությունները և կտեսնեք կյանքի իմ հետագիծը”:

“Մի կտոր հող մայր հայրենիքի”. գրքի առաջին բաժնում հայրենի մի կտոր հողի ծովածավալ ընկալումն է, նրանով հպարտությունը: “Մեկ ազգ, մեկ հավատ, մեկ լեռ Արարատ” բանաստեղծությունը, որն հուշում է Հովհ. Շիրազի “Բիբլիական” պոեմի հետ ոճական առնչությունների մասին, հայտնաբերում է Նոր Երրորդություն, որն է՝ “Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ լեռ Արարատ”:

Արարատ լեռը, հայրենիքից հեռացած հայերի համար տունդարձ ուղեցույց է, և բանաստեղծը դարձի հավատացյալն է:

Ռ. Գրիգորյանը “զմրուխտյա աչք” Սևանա լճի երգիչն է: Գեղեցիկ են լիճը բնութագրող մակդիրներն ու համեմատությունները, որոնք կենդանի են հատկանշում այն: Ահա մի համեմատություն, որը, մորը բնութագրելու իմաստով, տիպիկ շիրազյան է.

— Փեշերդ հավաքել, մի բուռ ես դարձել,

Մի բուռ մորս պես:

Բանաստեղծը լճի հին ափերը համեմատում է հեռվում մնացած մանկության հետ: Համեմատությունը կենդանի է և դիպուկ: “Սևանա լճին” բանաստեղծությունը լճի հետ մրմունջ-խոստովանություն է՝ կյանքի բեկումնային պահերի թե ցավագին և թե հուսադրող ելևէջներով:

Լճի “կերպարը” մոր կերպար է. նա է հեկեկալու կյանքին հրաժեշտ տված որդու վրա: “Դու մայրական գիրկ…”, “Սևանին”, “Հողիդ համար՝ ստնտու…”:

Լիճը նաև ընդհանրանում է բնության հետ: Բանաստեղծը բնության հետ խոսում է առանց քաղաքակրթության բերած պատնեշների: Սակայն բներգությունը սոսկ բնապատկերի ներկայացումը չէ: Ռ. Տեր-Գրիգորյանը բնության մեջ տեսնում է շարժվող հոգի, որը կիսում է մարդու ապրումները և միաժամանակ ցույց տալիս կատարյալի ճանապարհը: Լեռնաշխարհում բնությունն ու մարդը սրտակից ընկերներ են:

Բանաստեղծին հրապուրում է Սև ծովը՝ սկզբում՝ խաղաղ, ապա՝ ալեկոծ:

Բնությունը պարգևում է հոգեկան ապրումի այն բացառիկ պահը, երբ մարդը “ամեն հյուլեում” երջանկություն է տեսնում (“Ամառվա կեսօր: Արևն է կախվել”):

Հոգեկան ազնիվ վերապրումները խտանում են՝ անցյալը դարձնելով անկորույս: Կենդանի են մնում արդեն անցյալ դարձած ապրումները: Անցյալը մնում է ներկա: Այդ ներկան մաքուր բանաստեղծության շնորհքն ու պարգևն է: Ռ. Տեր-Գրիգորյանը “Իջիր, ճերմակ ձյուն” գրքում ունի իր ներկան՝ զգացմունքների բարդ երանգապնակով:

Հիացմունքն ու վիշտը, լուսավոր զգացողությունն ու թախիծը, հավատն ու անդարձի ցավը կողք կողքի են, որոնք միասին հյուսում են ճշմարիտ ապրումի բանաստեղծությունը: Հակադիր ապրումները ապահովում են բանաստեղծության ամենակարևոր՝ խորքի չափումը: “Ես հիացել եմ, ես վշտացել եմ”. սա մեր ասածը հաստատող վերնագիր է. ի մի են բերված վիշտն ու հիացմունքը, որպես միաժամանակյա ապրում:

Աշնան բնապատկերը թախիծ է ծնում և խոհերի մեջ սուզված մարդուն մղում գարնանային տեսիլների (“Աշնանային”): Ռ. Տեր-Գրիգորյանի գրչի տակ բնապատկերը “մտածող” է, մասնակից մարդու տրամադրություններին և հույզերին:

“Ձմեռնամուտ” բանաստեղծությունը նվիրված է Համո Սահյանին, ինչը խոսում է մեծ բանաստեղծի ստեղծագործության հանդեպ երկյուղած զգացողության մասին: “Ձմեռնամուտ”-ում առկա է սահյանական պոեզիայի ռիթմը:

Կան բանաստեղծություններ, որոնցում ընդգրկվում է փիլիսոփայական խոհը: “Հայացքս կարմիր սարին”, “Կաղնիս”, “Ծագող արևի շողերը գրկեմ” և այլ բանաստեղծություններ խոհափիլիսոփայական փոքրիկ փունջ են կազմում: Առանձին բանաստեղծություններում մենք տեսնում ենք աշխարհի անհավասար կշռույթները ծանութեթև անող անհանգիստ արվեստագետին:

— Լացից, ծիծաղից, խինդից ու վշտից

Շաղախված աշխարհը թողնեմ ու գնամ,

Սուտ արքաների սին խոստումներից

Կեղծված աշխարհը թողնեմ ու գնամ:

Բանաստեղծը կյանքի խառնապատկերին հակադրում է մարդկային միտքն ու կամքը, որոնք “վերևում” են և ազատ ճախրի մեջ (“Ատում եմ սողալն ու շեղ քայլելը”):

Պոեզիան հազարավոր տարիների իր ճանապարհին եղել է ազնիվի ու բարու պաշտպանը, և Ռ. Տեր-Գրիգորյանը շարունակում է բանաստեղծության այդ առաքելությունը, քանզի մեր ժամանակներում մարդակինն ավելի խոր պաշտպանության կարիք ունի: Ահա և նա բնութագրում է մեր դարը (“Մեր դարը”): Դա 20-րդ ալեկոծ դարն է՝ իր հակասական փուլերով ու ծանրակշիռ ելևէջներով:

Շատ են եղել դավն ու ցավը, և դարը “ցավի տակ կքած” մոտենում է ավարտին: Չեն մոռացվում անմեղ զոհերը՝ “Քանիսը ընկան անեծք շուրթերին”: Դարի սրտից չեն ջնջվի “եղեռն ու դավը”:

Դարի դիմապատկերը հնարավորինս տրված է բնորոշ գծերով:

Ռ. Տեր-Գրիգորյանի բանաստեղծությունները կյանքի իմաստի փնտրտուքի արդյունք են, ճանապարհ գնացողի տեսահորիզոնի լուրջ բացահայտում: Նա կապի մեջ է հայ պոեզիայի ավանդների հետ, երբեմն արձագանքում է հայտնի բանաստեղծներին (Հ. Թումանյան, Հ. Սահյան):

Ռ. Տեր-Գրիգորյանը հաճախ է դիմում Տիրոջը, իր մրմունջներին խառնում աղոթասացական մեղմ երանգներ (“Տեր, տուր մաքրություն այս լույս աշխարհին…”): Բնորոշը “Խոսք առ Աստված” բանաստեղծությունն է, որը արտահայտում է հոգևոր անքակտելի կապը Աստծո հետ: Նման բովանդակության բանաստեղծությունները կազմում են մի շարք (“Ժամանակակից առակ”, “Զրույց քամու հետ”, “Այնքան արագ ենք քայլում դեպի մահ”, “Խոսք առ Աստված”):

Ռ. Տեր-Գրիգորյանը հավատացած է բառի, բանաստեղծության ուժին: Բանաստեղծությունը, ըստ էության, ուղեցույց է կյանքում, ճշմարտության բացահայտման ուղին:

Իսկ ամենակարևորը՝ բանաստեղծության մեջ խտանում է կյանքը, դառնում անկորնչելի: Ռ. Տեր-Գրիգորյանը իր բանաստեղծություններին վերաբերում է որպես կյանքի էջերի:

Ընթերցողը ևս այդ բանաստեղծություններում տեսնում է ապրած հույզ ու զգացմունք, ինչն այսօր դուրս է թողնված պոեզիայից: Ռ. Տեր-Գրիգորյանը ներքին բանավեճ է մղում պոեզիայի արժևորման համար: Նա պաշտպանում է պոեզիան որպես մարդու հոգևոր աշխարհի արտացոլման միջոց, որն ունի դեպի գեղեցիկը նպատակամղվածություն:

“Իջիր, ճերմակ ձյուն” ժողովածուն նաև մաքրության կոչ է հնչեցնում. մաքրություն աշխարհին, կյանքին, մարդու ներաշխարհին: