/Գրականություն — բանակ

Գրականություն — բանակ

Հայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրել են հանդիպումներ զորամասերում, ռազմական ուսումնարաններում…

Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ պատվիրակությունը, որի կազմում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ, «Գարուն» հանդեսի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը, հանդիպեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաների հետ: Վարժարանի փոխտնօրեն, գնդապետ Վանիկ Մինասյանը, ներկայացնելով Էդվարդ Միլիտոնյանին, վարժարանի սաներին տեղեկացրեց, որ վերջինս ոչ միայն գրող է, այլև բանակաշինության ասպարեզում ներդրում է ունեցել, մասնավորապես՝ 1997-1999 թթ. աշխատել է որպես ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ:

Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը կարդաց իր բանաստեղծություններից՝ նվիրված հայոց բանակին, Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին: Նա արժևորեց սպա-զինվոր փոխհարաբերությունը՝ բարեկրթության հենքի վրա, ինչպես նաև ընթերցանության դերը, գեղարվեստականության բարերար նշանակությունը զինվորների բարոյահոգեբանության ձևավորման վրա: «Հայոց լեզուն գռեհկաբանություններով, ագրեսիվ բառապաշարով համեմելը ոչ կանոնադրական հարաբերությունների առիթ է ստեղծում»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարևորեց ժամանակակից գրականության դերը մեր օրերում:

Հանդիպման ավարտին Էդվարդ Միլիտոնյանը 50-ից ավելի գրքեր նվիրեց վարժարանի գրադարանին: