/Բանաստեղծություները՝ երաժշտության խոսքային դրսևորումներ

Բանաստեղծություները՝ երաժշտության խոսքային դրսևորումներ

Հոկտեմբերի 16-ին Երևանի «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծ Թովմա քահանա Անդրեասյանի նոր ձայնասկավառակի (սյուիտ լարային կվինտետի համար «Մի կնոջ դիմանակարը» և 12 կիթառային պիես) և այդ ստեղծագործությունների նոտայագրքերի շնորհանդեսը: Երաժիշտները (Գևորգ Վարդանյան – 1-ին ջութակ, Նարեկ Սահակյան – 2-րդ ջութակ, Նարեկ Ասատրյան – ալտ, Միքայել Նավասարդյան – թավջութակ, Թաթուլ Հաջյան – կիթառ) կատարեցին սյուիտի 1-ին, 2-րդ մասերը, այնուհետև երեք կիթառային պիես կատարեցին Թաթուլ Հաջյանը և տեր Թովման: Շնորհանդեսին մասնակցում էին երաժիշտներ, կոմպոզիտորներ, բանաստեղծներ, հյուրեր և Նորքի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ կոմպոզիտոր Արամ Սաթյանը նշեց. «Տեր Թովմա քահանա Անդրեասյանի ստեղծագործական գործունեության հետ վաղուց եմ ծանոթ: Գնահատելի է, որ նա տարիների ընթացքում շարունակում է իր գործունեությունը` ավելացնե­լով նոր երանգներ, կատարելագործելով իր ստեղծագործությունները: Տեր Թովման կարողացել է տարիների ընթացքում կուտակած ձեռքբերումները կերպավորել «Մի կնոջ դիմանկարը» լարա­յին սյուիտի մեջ՝ ստանալով ձևի և բովանդակության մի կառուցվածք, որը, ըստ իս, դարձել է իր ստեղծագործական ճանապարհի լավագույն նմուշը»։  Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը ավելացրեց. «Այս երաժշտության մեջ կա լիքը սեր, հոգու մաքրություն, ճաշակ, գեղեցիկ մեղեդիներ և, լավ իմաստով, անսպասելի ռիթմեր, որոնք հմայք են պարգևում ստեղծագործություններին և հետա­գա­յում նորից ունկնդրելու ցանկություն առաջացնում»: Թաթուլ Հաջյանը և տեր Թովման կատարեցին երեք գործ` գրված կիթառի համար: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ՝ «Տեր Թովման ինչպես իր բանաստեղծություններում է ներկայանում իր լուսավոր էությամբ, այնպես էլ իր երաժշտությամբ: Նրա բանաստեղծություները կարծես նրա երաժշտության խոսքային դրսևորումները լինեն: Ինձ հաճելիորեն զարմացրեց նրա շնորհների բազմազանությունը»: Բանաստեղծ Արևշատ Ավագյանը նշեց, որ տեր Թովման` Վահան Անդրեասյանը, տարիների ընթացքում միշտ էլ ապրել է, ոգեշնչվել երկու մուսաների` երաժշտության և պոեզիայի շնորհիվ:

Շնորհանդեսն անցավ ջերմ, հոգեպարար մթնոլորտում: