/ԱՐԱՔՍ «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԱՐԱՔՍ «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳԻՇԵՐ, ՀՈՒՇԵՐ

 

Գիշեր, հուշեր, Հարդագող,

Լուսնակամար երկնքում

Մի աստղաբույլ է շողում,

Մայրս ալյուր է մաղում…

Գիշեր, հուշեր, կաթնալույս,

Ճերմակաթև փրփուրում

Գիշերն իր դեմքն է օծում,

Մայրս խմոր է հունցում…

Գիշեր, հուշեր, մանկություն,

Անհոգ խաղեր, վառ գարուն,

Հեքիաթներիս այս խաղում

Մայրս լավաշ է թխում…

Գիշեր, հուշեր, երազներ,

Կիսաքուն և կիսարթուն,

Լուսե մանուկ` օրոցքում,

Մայրս օրոր է ասում…

 

 

ԵՐԱԶԱԹԱՓ

 

Ինչպես տարին, երազներն էլ

Ունեն իրենց եղանակը-

Ձմեռ, գարուն, ամառ, աշուն…

Հիմա հոգուս երազները

Լուռ ննջում են աշնանային

Մեգ-մշուշում…

Աշնան քամին խաղում է

Իմ երազների հսկա կաղնու

Ակնաբնի գորշ-մոխրագույն

Խոռոչներում,

Բայց ծառն անսասան է, կանգուն.

Միայն ոսկեդեղին տերև-երազներն են

Հանդարտ իջնում

Հոգուս լռին կածաններին,

Որտեղ հիմա խոր աշուն է,

Երազաթափ մեգ-մշուշում…

 

 

ԵՐԱԶՆԵՐՍ

 

Կանաչ-կարմիր գարուններս

Շաղ տվեցի լեռնալանջի հովիտներին,

Երիցուկի թերթերի պես ճերմակ-ճերմակ,

Գարնան գրկում աշնանացան երազներս…

Ես ցանկացա գույն ու ձև տալ

Երազներին իմ ցիրուցան,

Եվ ջերմացնել հոգիս նրանց

Կապույտ-կապույտ հրդեհներում`

Չհասցրի…

Քամին փորձեց առևանգել

Ցաքուցրիվ երազներիս ուշացած չուն,

Ու թաքցնել պատառոտված փեշերի տակ`

Չհասցրեց…

Անձրև մաղեց.

Արտասվեցին երազները իմ ցիրուցան,

Ու թափվեցին նրանց բյուրեղ

Արցունքների կաթիլները

Լեռնալանջի հովիտներում,

Երիցուկի թերթերի պես ճերմակ-ճերմակ…

 

 

ԻՄ ԵՐԳԵՐԸ

 

Իմ երգերը աղոթքներն են իմ լռելյայն.

Մերթ հոսում են նրանք անձայն,

Մերթ դուրս ժայթքում

Աղբյուրի պես հորդ, ինքնաբուխ,

Ու ես զսպել հոսքը վարար,

Եվ խցանել ակունքները նրանց վճիտ`

Անկարող եմ…

Ես երկնում եմ նրանց ցավով,

Փաթաթում եմ հույսի շապիկ-խանձարուրով,

Ձեզ նվիրում:

Եվ հոսում են նրանք սրտիս

Դեպի ձեր սիրտ տանող

Լուսե արահետով,

Որ ձեզ հասնեն.

Դեռ կհոսեն նրանք,

Քանի կամ, ապրում եմ…

 

 

ԼՈՒՍԱՆՈՒՄ Է

 

Գորշ, դառնահամ տառապանքիս ճիրաններում

Սիրտն իմ դարձած հողմ մոլեգին,

Մի մոռացված երգ է սուլում,

Հյուսելով հին մի մեղեդի

Հոգուս մաշված ստեղներին…

Ե՞րբ կավարտվի գիշերն այս մութ ու խավարտչին.

Ես հոգնել եմ լուռ ծիկրակող բյուր աստղերի

Նենգ, դավադիր թարթումներին ակնդնելուց;

Մինչ լուսինը հիվանդ, դալուկ օրորում է ինձ անընդմեջ,

Ու թափ տալիս արծաթ փոշին իմ ծրարված անքնության,

Հեծեծում է հոգիս բախտի անորոշ ու գորշ ճամփեքին`

Անրջելով իր մոլորյալ Հուսո աստղը հեռուներում…

Լուսնի գունատ լույսն է կաթում

Իմ սենյակի վանդակաճաղ

Պատուհանի թաց ապակուն.

Լուսանում է…

 

 

 

ԾՈՎԱԿ ԻՄ ՎԱՆԱ

 

Ծովակ իմ Վանա, կապտաչյա հրաշք,

Թեև արտաքուստ թափանցիկ ես դու,

Բայց հոգիդ խորն է, անթափանց, անհուն,

Ակունքն հույզերիդ անզննելի է,

Ու անպեղելի` խորքը ընդերքիդ:

Խաղաղ, անվրդով թվացող դեմքդ

Ծածկում ես կապույտ քողով շղարշե,

Մինչդեռ ներքուստ դու տարերքներ ունես,

Կրքեր մոլեգին, որ սպառնում են անդորրդ խլել:

Խռովքը հոգուդ դու թաքցնում ես

Զմրուխտ աչքերիդ խորքում խնամքով

Եվ գերում ես ինձ թավշյա ժպիտով,

Կապույտ իմ երազ…

Հևքդ զգում եմ երկինք մխրճվող

Քո ալեծածան կուրծքը մեղմ շոյող

Աչքերիս լույսով:

Մնա գեղանի, պահպանիր դու քեզ,

Որ տագնապներդ չկնճռոտեն դեմքդ փիրուզյա,

Ու քեզ չավերեն հողմերն անխնա,

Պահպանիր կուսական հմայքդ անաղարտ,

Ծփա՜, կապտաջինջ իմ գեղեցկուհի,

Որքան նման ենք իրար, ծովակ իմ…

 

 

 

ՁՆԾԱՂԻԿՆԵՐ

 

Ձնծաղիկներ, ձնծաղիկներ,

Ձյան աչքերից արտահոսած

Արցունքի տաք, ջինջ կաթիլներ,

Հողի կրծքին ծաղիկ դարձած

Հակինթաշար բյուրեղիկներ:

Որքան որ նուրբ,

Դուք Ճկուն եք, ուժեղ նույնքան,

Որ փակում եք

Ձյունաբքի, հողմի ճամփան:

Դուք մայր հողի առաջին

Ծիլ ու բողբոջներ,

Արթնացնում եք մեր սրտերում

Եվ հույս և սեր,

Ձեր թերթերին թեև թարմ են

Հետքերը ձյան,

Քնքուշ բույրն ու ավետիսն եք

Բացվող գարնան.

Ձնծաղիկներ, ձնծաղիկներ,

Մարգարտաշող ձյան ծաղիկներ…

 

 

ՄԵՆԱԿ ՄՆԱՑԻ

 

Ծաղկափթիթ ու սիրատենչ

Գարուններս ձեզ բաշխեցի,

Գունատ տերևն ինձ լոկ մնաց

Եվ հեկեկոցն աշնան լացի:

Թե կարեկցանք, թե սեր պոռթկուն

Նշխարք-նշխարք բաժանեցի,

Որ աշխարհում բաժին խիղճն իմ

Ոչ մի կաթիլ չպակասի:

Եղա ընկեր, քույր սրտակից,

Վիշտ ու հոգսը ձեր կիսեցի,

Տառապանքիս ու ցավիս հետ,

Ավաղ, մենակ միշտ մնացի:

Հրդեհներում իմ հրաշունչ

Ջերմացրեցի որքան սրտեր,

Բայց իմ սիրտը մրսեց, մարեց

Ձմռան ցրտում անհույս, անսեր…

 

 

ՄՈՌԱՑՈՒՄԸ ՍՊԵՂԱՆԻ

 

Մոռացումը թող որ լինի

Կարոտներիս սպեղանի,

Իսկ աշունը անձրև մաղի

Ուշաթափվող երազներիս

Թերթիկներին,

Թող հուշ լինի, քաղցր մի սուտ

Այն, ինչ որ կար,

Աշուն հագած հոգուս խորքում`

Հար վշտահար…

 

 

 

ՆՎԻՐՈՒՄ

 

Գնամ, ձուլվեմ մայր բնության տարերքներին խելացնոր,

Ու մանկանամ ես վերստին, մայրս երգի քաղցր օրոր,

Վազեմ կանաչ մարգագետնով հևասպառ ու ոտաբոբիկ,

Գողանամ և աչքերիս մեջ պահեմ երկինք մի պատառիկ:

Երբ շառաչեն ջրվեժները բարձունքներից գոռ ու հպարտ,

Ուշաթափվող խենթ ջրերում տեսնեմ հայոց ոգին անպարտ,

Վեհ, ժայռակոփ լեռների դեմ խոր ձորերը խորան դառնան,

Խորանում այդ ես ծնկի գամ ու աղոթեմ վերջին անգամ:

Երգերիս բույր ու գույներով օծեմ ճամփան Հարդագողի,

Վերջին անգամ ինձ սպասի խենթ նժույգն իմ երազածին,

Ծառ ու ծաղկանց հետ անրջեմ, լուսնին թաքուն ժամադրեմ,

Ինձ պարգևած շնորհները բնությանը ետ նվիրեմ:

Լուսնից թախիծ առևանգեմ, աստղերից` հուր-ցոլանք,

Ճեղքեմ կուրծքը կարոտներիս, փրկեմ սերերս թանկ,

Գինի ըմպեմ բորբ շուրթերով, հողմերի հետ գոտեմարտեմ,

Գրիչ վերցնեմ վերջին անգամ, կյանքիս առասպելն ավարտեմ…

 

 

ՈՒՇՔԻ ԵԿ

 

Մի փչիր այդպես անխնա, սաստիկ,

Ու մի մտրակիր ծառերին, քամի,

Փոքր ինչ մեղմացիր…

Թե զգաս ցավը կոտրված ճյուղի,

Տեսնես դու հոսող արցունքը

Ծառի ակնախոռոչից,

Կզղջաս, անշուշը, ցավով, երևի,

Եվ գուցե մոր պես

Կգրկես նրանց,

Կգգվես, քամի:

Ուշքի եկ, փոքր ինչ հանդարտվիր, քամի…