/ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձայնդ լսելն էր

գոյությունը իմ,

(թեկուզ հեռվից)

պետք չէր հայելի,

շունչն ու

շարժումը

քեզնով եմ զգացել

իմ գոյությունը…

 

Ես կույր չեմ ծնվել

և մութն ինձ համար

եղել է միայն

անցողիկ գիշեր,

իսկ գոյս մթնում

քեզնով եմ զգացել…

 

Ձմեռ է…

Գիշեր…

Փողոցի լապտերների

կաթնագույն

լույսի հետ

խառնվում է

սադափե փայլը

ձյան փաթիլների

և ես լսում եմ

նրանց ձայնը`

խորհրդավոր

լռության մեջ,

իսկ հարցերս

անպատասխան,

դանդաղ

սառչում են

պատուհանիս

ապակու վրա`

եղյամագիր…

 

Ձմեռ է…

Գիշեր…

Մթության մեջ

ոչ դու կաս,

ոչ ես,

ոչ էլ սև կատուն,

որպես թալիսման…

 

Առավոտյան

նա մլավում էր

մի անկյունում

սենյակիս`

հաստատելով

իր գոյությունը

ինքն իրեն համար…

 

Արևն ելավ…

սառած հարցերը

դանդաղ հալվեցին

պատուհանիս

ապակու վրա

ու անհետացան…

 

Սեղանիս վրա

սպիտակ թղթեր են,

որ պահանջում են

ինձանից մտքեր,

կարծես նրանք էլ

ձնով են ծածկվել,

իսկ նրանց կողքին

ըմբոստ գրիչն է,

որ չի ցանկացել

այսօրվա մասին

գրառել ոչինչ,

իսկ վաղվա մասին

դեռ շուտ է գրել…

 

Ողջու’յն,

Գոյություն,

Ե’ս եմ

Տերը

քո գոյության…

 

 

 

Ո՞Վ ԵՍ

 

Երբ ապրում ես

արդեն կարծրացած

միօրինակ կյանքով,

երբ անակնկալները

համարում եմ ես,

որ ինչ լինում է

պիտի լիներ

ու անսպասելին

սպասված է դառնում`

խուսափում ես

նոր ծանոթ մեկին

հանդիպել,

վախենում ես

սիրահարվել ու սիրել,

վախենում ես,

որ կարող է

ներխուժել,

ճեղքել կյանքիդ

գտած հունը,

որ երկար ժամանակ

պահում ես զուսպ,

անկաշկանդ

խաղաղությամբ,

բայց ոչ անտարբեր

կյանքի ընթացքին…

 

Ո՞վ ես…

անծանո՞թ,

թե կենսագրությունից դուրս

«հետգրություն»

կամ ուշացումով

կյանքիս ճանապարհին

հայտնված

պատահական անցորդ,

որ փորձում է

ջարդել

ծրագրավորված

կարծրատիպը,

փոխել օրվա ռիթմը`

ապացուցելու համար,

որ կյանքում

ոչինչ

հենց այնպես չի լինում,

ինչպես □պատից կախված

հրացանը մի օր կրակում է…

մանավանդ թատրոնի բեմում…

 

Մտածելով այս հարցը

չի լուծվում,

սիրտն է

այդ հարցի տերը,

որ փակել է

իր դռները`

թողնելով այնտեղ

մի անհաջող սեր,

որ խանգարում է

ուրիշին սիրել…

 

Մտածելը`

գլխացավանք է,

գլուխկոտրուկ,

երբ այդ հարցը

չկար վաղուց

կյանքիդ □մենյույում□

և չկա ընտրության

ցանկություն.

կօգներ միայն

ջահելությունը,

որն ափսոս

մնացել է

անցյալ դարում…

 

 

ԲԱՑ ԴՈՒՌ

 

Այլ աշխարհի

անհայտ ճանապարհ,

այստեղ դուռը բաց է

բոլորի համար,

երբեք չի փակվում,

սակայն կասկածում եմ,

թե նա դուռ ունի,

ում է պետք դուռը,

որ բաց է բոլորի առաջ

և տանում է փակուղի…

 

Մենք դանդաղ

մոտենում ենք`

երբեմն սլանում

այդ բաց դռներին

ընդառաջ,

որից հեռու

մնալու համար

հնարել ենք`

սեր, երջանկություն,

սպասում ու պայքար…

 

Դե օգնիր ինձ

ապրել,

թե կարող ես,

բերման ենթարկիր,

բանտիր քո գրկում,

գտիր գաղտնիքը`

անհնարինը

դարձնել ակնհայտ.

□կանգ առ ակնթարթ□

հավերժության մեջ…

 

Կորցրած սերը

ետ բերել

չեմ սիրում,

կրկին սիրելը

ինձ խաղ է թվում,

բոլորն էլ խաղում են

ապրելու համար`

Շեքսպիրյան

բոլոր

պատմությունները…

 

Առանց հանդիպման

սերը չի ծնվում

և շարունակվում`

հանդիպումներով

կամ հաստատում ենք,

կամ էլ հերքում ենք

նրա գոյությունը…

 

Երբ տուն եմ գալիս

ու դուռս փակում`

դրսում թողնելով

□խաղերը□ բոլոր,

մենակ մնալով

իմ զարգացած

վեցերրորդ

զգայարանի հետ

հաճախ զգում եմ`

ինձ հասկացող,

չհասկացող,

ինձանից լավ

ընկեր չկա…

 

 

ՈՐՏԵՂ ԵՍ

 

□Էյ, ո՞վ կա այդտեղ,

գոնե մեկն ու մեկը□

(ինչպես հարցնում էր

Սարոյանական

հերոսներից մեկը),

ազատությունս

փնտրում է նրան,

գարունը

բացել է պատուհանս,

ուզում եմ գոռալ.

-Որտե՞ղ ես…

 

Արձագանքի պես

հարցիս պատասխան`

հետ հարց եմ լսում.

-Իսկ որտե՞ղ ես դու…

 

Գարնանային

նոր զգեստ եմ կարում,

(չէ որ հանում ենք

վերարկուները)

հագուստներն են

թեթևանում,

նրանց հետ էլ

հոգիդ է

ազատ շնչում,

իսկ հարցը

մնացել է

անցյալից…

 

Քամին

մեկ ցրում է

ցուրտը ձմռան,

մեկ էլ քշում

սարերից ձյունածածկ`

դեպ ծաղկող քաղաք…

միանգամից

ոչ մի ձմեռ

չի հեռանում…

 

Գարուն եմ սիրում,

գարնանն եմ ծնվել,

կհավաքվենք

ապրիլի մեկին

հարազատներով,

հարազատ դարձած

մտերիմներով,

իսկ անցյալից

մնացած

անպատասխան հարցս

նորից կշարունակվի.

-Որտե՞ղ ես…

 

Գարուն է…

բաց է պատուհանս`

արևն է բացել այն,

ու վերադառնում են

չվող թռչունները,

որ տարեց-տարի,

կարծես,

պակասում են…

 

 

 

ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կյանքը սևագրություն է,

սխալներով,

առանց ջնջումների,

ապրում ենք,

երբեմն զգալով

մեր սխալները

և ուրիշների,

բայց

ուղղել չենք կարող,

այսինքն

ապրածն ապրած է,

ճիշտ էր,

թե սխալ…

 

Երբեմն

անցյալից

դասեր էնք քաղում

ու շարունակում

սևագրությունը

և լինում է այն,

ինչ պիտի լինի,

այն մաքրագրելը

անհնարին է…

 

Կյանքն ընթանում է,

մեր շնչառությամբ,

կան դասընթացներ,

ինչպես ճիշտ շնչել,

և արտաշնչել,

իսկ անսխալ

ապրելու համար

դասընթաց չկա,

կան դասեր կյանքի,

բայց լինում է այն,

ինչ պիտի լինի

և մենք շատ հաճախ,

երբ սխալվում ենք,

մեզ դրանով էլ

մխիթարում ենք,

կամ արդարացնում…

 

Այսպես շնչելով

առաջ ենք գնում

մինչև վերջին շունչը

ու կանգ ենք առնում,

թողնելով միայն

սևագրությունը…

Հետսևագրության

շունչը սպառվել է…