/Հոգևոր թռիչքի, երազանքի մասին

Հոգևոր թռիչքի, երազանքի մասին

Հունիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հալեպահայ երիտասարդ գրող Սևան Հանեշյան-Պետուրյանի “Արեգնատենչ հորիզոններ” գրքի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ուրախալի համարելով այն փաստը, որ սփյուռքահայ երիտասարդը գրում է հայերեն, նկատեց, որ Սևան Հանեշյան-Պետուրյանը թեև այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն Քեսաբի բառուբանը, բնանկարը, էությունը առկա են նրա գրքում: “Սևանի գործերում ժամանակակից աշխարհի մտածողությունն ես զգում, մեր հայ բանաստեղծության՝ արևելահայ թե արևմտահայ, արձագանքները, երիտասարդ մարդու մտածումները կան այստեղ”,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ անդրադառնալով նաև հեղինակի աֆորիստիկ մտածողությանը:

Պետրոս Դեմիրճյանը, “Արեգնատենչ հորիզոններ” գրքում զետեղված Սևան Հանեշյան-Պետուրյանի “Երկու խոսքը” համարելով սփյուռքյան նոր սերնդի մանիֆեստ, նշեց, որ այդ մանիֆեստում նկատել է ակնածանք ավանդական արժեքների նկատմամբ, ինչպիսիք են լեզուն, պատմությունը, ինչպես նաև հայի ներաշխարհի և մտածողության մասշտաբայնություն: “Ինձ համար հետաքրքիր էին տիեզերքի վերաբերյալ Սևանի դատողությունները, ընդ որում՝ արտաքին և ներքին տիեզերք, այսինքն՝ հոգու տիեզերքը պակաս անսահման չէ, որքան արտաքին տիեզերքը և պակաս անբացատրելի չէ, որքան արտաքին տիեզերքը: Տիեզերքի այս անընդհատ շրջանառումը ստիպում է մի քիչ էլ կարդալ, մի քիչ էլ առաջ գնալ, տեսնել՝ ի վերջո այդ ամբողջ ապրումների շրջանակը ուր է տանում, և հասկանաս իր ներաշխարհը, իր ներաշխարհի միջոցով էլ՝ քո ներաշխարհը. սա ընթերցող-գրող կապի ամենալավ արտահայտություններից մեկն է”,- ասաց Պ. Դեմիրճյանը: Նրա հավաստմամբ՝ բացի անհատական գոյության, մարդու հոգեկանին վերաբերող խնդիրներից, ժողովածուում կան նաև ազգային խնդիրներ, արդարության համար պայքարի վճռականություն և սփյուռքի՝ հատկապես նոր սերնդի մոտ իր արմատների փնտրտուք, պատմական հայրենիքի արմատների, գեների փնտրտուք:

Հակոբ Չոլաքյանը, նշելով, որ Ս. Հանեշյան-Պետուրյանի բանաստեղծություններն առանձնանում են աֆորիզմներով, բյուրեղացած մտքերով ու մտածումի թռիչքներով, ընդգծեց, որ ամեն մի բանաստեղծություն պատմություն է, բայց նաև ապրում ու մտածում: Սևանի պոեզիային բնորոշ է իմացապաշտությունը, որն առհասարակ հատուկ է արևմտահայ գրականությանը: “Սևանի բանաստեղծության մեջ կա մեր մանկությունը, անցյալը, որից հնարավոր չէ փախչել, և մեր հայրենիքն իր բոլոր արժեքներով: Կա նաև բանաստեղծությունը, որ լավագույնս կարտահայտե սփյուռքահայ մարդու զգացումները իր ազգի հանդեպ”,- ամփոփեց Հ. Չոլաքյանը:

Ելույթ ունեցան նաև Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը և ուրիշներ:

Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանը՝ նշելով, որ թեև մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց լեզվի հանդեպ սերն այնքան մեծ է եղել, հայագիտություն է ուսումնասիրել: “Որպես հայ երիտասարդ Սփյուռքում գիտակցում ենք՝ հողն է պահում մեր լեզուն: Շատերս ենք փնտրում մեր արմատները: Այդ նպատակով ուխտագնացություն կատարեցի Արևմտյան Հայաստան, տեսա մեր դարավոր վանքերը, եկեղեցիները, որոնք այժմ փլատակ են: Այդ ուխտագնացությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ բանաստեղծությունների վրա”,- խոստովանեց նա և հավելեց, որ իր գործերը հոգևոր թռիչքի, երազանքի մասին են:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ