/Վահե Արմեն — «ՄԻ ԱՐԹՆԱՑՐՈՒ ԱՅՍ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ» շարքից

Վահե Արմեն — «ՄԻ ԱՐԹՆԱՑՐՈՒ ԱՅՍ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ» շարքից

 

 

ՆԱԽԱՍԿԻԶԲ

 

Եվ ի վերջո

Ինչպես նորաքայլ մանուկ

Կանգնեց մոռացված ոտքերի վրա

Պատռեց սև թիկնոցը

Կրակի ճարակ դարձրեց սավանները ճերմակ

Եվ անցավ տաճարների ու պոռնկատների միջով

Վանականների ու պոռնիկների կողքով

Որոնք մի պատի երկկողմում

Թաղում էին

Իրենց մարմինները հոգու գերեզմանոցում

Եվ հոգիները մարմնի գերեզմանոցում

Եվ ողբերգում էին

Սեփական մահը

 

 

ՔՆԱՏ

 

Արթնացա

Կեսգիշերից հետո

Փողոցում

Ցայգածաղկի թփի տակ

Քնած էր ամբողջ աշխարհը

 

Իմ սենյակում

Զրույցում էին

Աստվածն ու սատանան

Մեկի ձայնը

Նման էր հողին թափվող անձրևի

Մյուսի ձայնը

Փոսի մեջ թափվող

Մի բուռ հողի

 

 

ԼՈՒՐ

 

Այսօր

Դիկտատորի մահվան լուրը

Կարդացի այն թերթում

Որի մեջ Բեթհովենը

Փաթաթել էր իր նոտաները

Եվ ընկերներս

Լյուդվիգի համար

Մրմնջացին աղոթքը

Նջեցյալների

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ՉԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Երբ արթնացրին

Միանգամից սկսեց

Մղձավանջը մենության

 

Լույսը երբ միացրին

Տեսավ պատը

Եվ մթությունը

 

Երբ գնացք նստեցրին

Մի ձի խրխնջաց

Ու երկիրը կանգ առավ

 

Երբ գլուխը անջատեցին մարմնից

Լքված տաճարում

Հողին ընկավ

Արցունքից թաց

Մի թաշկինակ

 

 

ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ՊԱՏԿԵՐԸ

 

Մեջքով կանգնած պատին կախված հայելուն

Մաքրում եմ դեմքս

Այն թաշկինակով որ իմ մանկության շապիկն էր

Եվ դեռևս խոնավ է

Արցունքներից մի տղամարդու

 

Հեռվում

Ինչ փոշեծածկ է ու ծխածածկ

Պատկերը լուսամուտի

 

Մեջքով կանգնած պատին կախված հայելուն

Դատարկում եմ գրպաններս

Ու լցնում ափերս

Այն պայթուցիկներով

Որ երեկ

Հարվածում էի

Պատին այն պալատի

 

 

ՍՐՏԱԿԻՑ ԶՐՈՒՅՑ ՉՏԵՍԱԾ ԸՆԿԵՐՈՋՍ` ԹԻԴԱՅԻ ՀԵՏ

 

Տեսնում ես Թիդա*

Որքան նման է

Քունթայի** լռությունը

Իմ հառաչանքին

Եվ իմ գիշերային մղձավանջները

Նրա առօրյա կյանքին

 

Չգիտեմ Թիդա

Ինչու եմ երբեմն Վան Գոգին երազում տեսնում

 

Այսօր աճուրդում վաճառեցին

Կտրած ականջով դիմանկարը

«Աշխարհը չիրականացված նախագիծ է»

 

Նկարչի դեմքը

Իմ երազներում

Դեռևս նման է

Գիշերում արևածաղիկների

 

Գիշերները սենյակիս վարագույրները

Չեմ փակում Թիդա

 

Նա

Գնացքով

Գնում էր Թարասքոն***

Գնում էր Ռուեն****

 

Մահվան հետ

Հետիոտն

Գնաց դեպի աստղ

 

*Teeda  ** Kunta *** Tarascon **** Rouen

 

 

 

ԱՐԵՎԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինչ խաղաղություն կա այս սպասման մեջ

Եվ թաքնված

Ինչ հրաշք ուրախություն

 

Ամենագեղեցիկ բանաստեղծություններս

Գիշերները մոռանում եմ  երազիս մեջ

Եվ արթմնի

Ոչ մի հետք չկա նրանցից

Չգիտեմ ինչու

Մոռանում եմ երազիս մեջ

Որ մոռացկոտ եմ

 

Ուսերիս վրա  զգում եմ

Արևի շնչառությունը

 

Հոգնած եմ քույր իմ

Ինձ մի արթնացրու այս անքնությունից…

 

 

ԳՈՂԳՈԹԱ

 

Այն խաչը որ կախել էի պարանոցիս

Երեկ վաճառեցի

Ոսկերիչին

 

Իմ խաչը

Փայտյա մի մատիտ է

Թղթի ուսին

 

Իմ Գողգոթան

Կարճ մի բանաստեղծություն

Սակայն

Մեծաշուք

 

 

ՓՌՆՉՅՈՒՆ

 

Հազարամյա  գերեզմանի կողքին

Ճերմակ վարսերով մի աղջիկ

Փորում է հողը և

Ծխախոտի ծխուկը

Անջատում է

Բռնապետի աչքի խոռոչում

 

Ժամանակը կանգ է առնում

Լռում է ամբողջ աշխարհը

Մի բանաստեղծ

Փռնչում է դագաղի մեջ

 

Երկրի բարձունքում

Մի արծիվ

Մեռնում է վախից

 

 

ՊԱՐ ԿՐԱԿԻ ՎՐԱ

 

Կույրի նման որ գիշերը անգամ

Չի հանում ակնոցն աչքերից

Ակամա

Հագավ կոշիկները և քնեց

Մի քիչ հոգնած էր

«Երանի…» ից

«Եթե…» ից

 

Խենթանում էր մերկ ոտքերով

Կրակի վրա պարելու ցանկությունից

 

Հաջորդ առավոտ

Կոշիկները մի քիչ հողոտ էին և

Ոտքերը

Տենդահար

 

 

ԽԱԲՎԱԾՆԵՐԸ

 

Մուրացկաններին տվեցինք մեր ձեռքերը և

Սրա -նրա առաջ ձեռք մեկնեցինք

 

Ստրուկներին տվեցինք մեր ոտքերը և

Սեփական ոտքով սպանդանոց գնացինք

 

Անհավատներին տվեցինք մեր ականջները և

Մեկս մյուսի ականջին ննջեցյալների աղոթքն մրմնջացինք

 

Ստորներին տվեցինք մեր աչքերը և

Ինչոր տեսանք մեր աչքից տեսանք

 

 

ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԽԱՂ

 

Խաղն ավարտվեց

Գարունը եկավ և

Ձնագնդերը

Մեր ափի մեջ հալչեցին

 

Հիմա

Այս անվերջանալի խաղում

Մեր հրացաններում առկա արճճե գնդակների հետ

Ի՞նչ անենք…

 

 

ՅՈԹ ԵՐԳ

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ

 

Դպրոցում

Բոլոր առարկաներից ամենից շատը

Սիրում էի աշխարհագրությունը

Բայց չգիտեմ ինչու

Աշխարհագրության դասաժամերին

Միտքս շարունակ պոեզիայով էր զբաղված

Հիմա  էլ լավ է որ չգիտեմ

Բանաստեղծություններ գրելիս

Ինչու է միտքս շարունակ վերհիշում

Աշխարհագրությունը

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ՏԱՎԻՂԻ ՀԱՄԱՐ

 

Փակուղի փողոցի խորքում

Ամեն գիշեր

Դուռը մի տան կիսաբաց էր

Թաղի գողերը

Բոլոր տների եղած-չեղածից տեղյակ էին

Բացի այդ տնից

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ԴԱՓԻ ՀԱՄԱՐ

 

Ոչ ոք չիմացավ

Առաջին քարը

Որմի անմեղը վերցրեց գետնից

Բարեպաշտ ու անհավատ

Ատելությամբ ու զայրույթով

Քարկոծեցին նրան

Բացի մի խենթից

Որ ձեռքի քարը

Հորի մեջ նետեց

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ՇՎԻԻ ՀԱՄԱՐ

 

Հարևանի երեխան

Չէր հավատում

Որ չգիտեմ թե որ մի տատրակը

Երեք օր է չի երևում այլևս

Եվ ինչու է արևը

Այսօր անհամբեր

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ

 

Երեք անգամ բղավեց

Սիրում եմ քեզ

Երեք անգամ սիրահետեց

Առաջին անգամ նրան

Վերջին անգամ էլ նրան

Եվ ճանապարհի ընթացքում

Ուրիշներին

Նրա հետ միասին

 

 

ՄԻ ՀԱՏՎԱԾ ԳԻԹԱՌԻ ՀԱՄԱՐ

 

— Կգա՞

 

Ափիս մետաղադրամը

Երկինք նետեցի

Մինչև ոտքերի մոտ Աստծո

Մի անցորդ ժպտաց և քթի տակ շշնջաց

Մի անհանգստացիր

Այս մետաղադրամի երկկողմն էլ

Ղուշ է

 

 

 

ՄԻ  ՀԱՏՎԱԾ ԴՈՒԴՈՒԿԻ ՀԱՄԱՐ

 

Ոչ ոք Մովսեսից բացի

Չծնվեց ժպիտը դեմքին

 

Ոչ ոք Քրիստոսից բացի

Արցունք չթափեց

Չարտասվեց

Խաչի վրա հոգևարքի վերջին պահին

 

Արևի շալը

Բանաստեղծը

Նախքան ռազմաճակատ մեկնելը

Գցեց երկրի ուսերին և

Արթնացավ ցրտից

 

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը