/Բանաստեղծությունը՝ ապրված օրերի և ճշմարիտ ապրումների արդյունք

Բանաստեղծությունը՝ ապրված օրերի և ճշմարիտ ապրումների արդյունք

Հունիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի “Ասեղնաշոր” ժողովածուի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ առօրյա փոքր դիպվածները, թվացյալ փոքր կայծերը Սուսաննա Հովհաննիսյանը դիտարկում է իր աչքերով ու դարձնում բառ ու բանաստեղծություն, ընդգծեց, որ այդ դիտարկումները նման են հայելու մեջ ինքն իրեն նայելուն: “Երբեմն, արձակի նման շարադրանքում, նա խաղում է բառի հետ, ինքնահեգնող հայացքով դիտարկում կյանքը, այն ուսումնասիրում, գնահատում կողքից, այսինքն՝ չի ընկնում հառաչանքների ու ողբերգությունների գիրկը և առավել թեթև, անգամ զվարթության քողով պարուրում է թե՛ իր տեսած, թե՛ ուրիշների կյանքը”,- ասաց Էդ. Միլիտոնյանը:

ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ Ս. Հովհաննիսյանի պոեզիան հետաքրքիր է և՛ ձևի, և՛ բովանդակության իմաստով, ինչպես նաև ապրված օրերի և ճշմարիտ ապրումների արդյունք է: “Նա, կարծես, շարունակում է այն մոտիվները, որոնք մեզ ուղեկցել են անընդհատ: Մոտիվները չեն փոխվել, բանաստեղծական ձևերը, մտածողությունը և արտահայտչամիջոցներն են փոխվել, և այդ ամբողջի մեջ բովանդակությունը պահելով՝ Սուսաննա Հովհաննիսյանը իր ձայնով, ելևէջով ու հնչերանգով է խոսում”,- նկատեց նա և հավելեց. “Հայ կին, որ իր երկրի կենտրոնում է և այդտեղից է դիտարկում իր շուրջը կատարվող երևույթները”:

“Սուսաննան կարողանում է իր շուրջը ստեղծել այն լուսավոր կենսոլորտը, որն անհրաժեշտ է իր մարդկային կերպարը, բանաստեղծական խառնվածքը դրսևորելու համար”,- շեշտեց Արևշատ Ավագյանը՝ վստահեցնելով, որ բանաստեղծը մի քանի բառով, մի քանի նախադասությամբ կարողանում է ստեղծել բնության մեջ առկա այն առարկայի, երևույթի գեղեցկությունը, որը սովորական ընթերցողը կարող է նաև չտեսնել:

Ս. Հովհաննիսյանի բանաստեղծություններից կարդացին Գայանե Սամվելյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը: