Ինքնատիպ է եղել Գրիգոր Նարեկացու “Մատեան ողբերգութեան” պոեմի հազարամյա ուղին, բայց անկախ ընկալումների տարբերությունից, մեկն է եղել գնահատականը. նրան վերագրվել է մաքրագործող-բուժիչ մեծ ներունակություն, որի մեջ ինքնին արդեն արվեստի բուն առաքելությունն է: “Ողբ, ողբերգություն” միջնադարյան ամենատիպական ժանրային բնութագրումներին զուգընթաց պոեմն ունեցել է “Նարեկ աղօթից”, “Գիրք աղոթից”, “Աղոթամատեան”, “Աղոթամատոյց” և նման վերնագրեր: Այն որպես զուտ աղոթագիրք են ընկալել առաջին հետազոտողներն ու հրատարակիչները` Ղ. Ալիշանը, Գ. Ավետիքյանը, Գ. Զարբհանալյանը, Հ. Նալյանը և ուրիշներ:
20-րդ դարասկզբից սկսեց ընդլայնվել Նարեկի գրական առանձնահատկությունների բուն արժևորումը Ա. Չոպանյանի, Մ. Աբեղյանի, Լ. Շանթի և գիտության, արվեստի ու գրականության հայ և ոչ հայազգի շատ նշանավոր գործիչների կողմից: Արշակ Չոպանյանը, պոեմն անվանելով հայ քերթողական հանճարի մի աննման հրաշակերտություն, շեշտում է, որ “ամենեն քիչ աստվածաբանականը և ամենեն շատ քնարերգականն է ամբողջ գործին մեջ” (ԱՉ, էջ 10), և Նարեկը “ընդհանուր և մասնավոր է միանգամայն, մարդկային և միանգամայն անհատական” (էջ 11):
Մանուկ Աբեղյանը, ներկայացնելով 10-11-րդ դարերի ընդգծված կրոնական ոգու և միստիկ անձնապաշտության և մյուս կողմից աշխարհիկ վայելքապաշտության հակոտնյա գոյությունը, նշում է, որ Նարեկացին ինքը ապրել է խստակենցաղ կրոնավորի կյանքով, հնարավորություն ունեցել ներանձնանալ իր խոհերի ու ապրումների մեջ, ինչի բանաստեղծական հզոր պոռթկումը տեսնում ենք “Ողբերգության մատյան”-ում, “որ իսկապես մեր առաջին մեծ բանաստեղծական երկն է, ուր մի նոր արվեստավորությամբ և մի նոր շնչով մնայուն ձև են ստացել ոչ միայն կրոնավորի անհատական ու դասային, այլև ընդհանուր մարդկային հավիտենական գաղափարներ և զգացումներ, ապրումներ ու անրջանքներ” (ՄԱ, էջ 587):
Նարեկի ժանրային ու խոհական երկակիության (կրոնավորի աղոթք և մարդկայինի գրական մեծ խտացում-պոեմ) սթափ գնահատականը գնալով միտում է հանդես բերում սքողելու առաջինը, բացարձակացնելու երկրորդը: Լևոն Շանթը պոեմի խորը արժևորումների մեջ նաև հայտարարում էր. “Ոչ էությամբ, ոչ ձևով, ոչ ալ ոգիով աղոթքներ չեն ատոնք… Նարեկը մարդկային հոգիի մը խորունկ ալեկոծումն է” (ԼՇ, էջ 113):
Սկիզբ է դրվում Նարեկը մեծ արվեստի չափանիշներով գնահատելու, նրա մարդկային համընդհանուր և տարժամանակյա խորքի հետ շփվելու դժվարին փորձին, որ դեռ երկար պետք է շարունակվի ու երբեք չհասնի վերջին: Այս իրավիճակում հասկանալի է բանավիճային կեցվածքը` պոեմը կտրելու աղոթագրքային կաղապարից և այնտեղ տեսնելու միայն իրական մարդկային հարաբերություններ ու ապրումների այսաշխարհային խորք: Վերջին ուսումնասիրությունները (Մ. Մկրյան, Վ.Նալբանդյան) և օտարազգիների ներբողային գնահատականները (Լև Օզերով, Ստ. Ռասսադին, Էդ. Մեժելայտիս, Ս. Ավերինցև և ուրիշներ) դրա հաստատումն են: Իսկ ժողովուրդը ընկալման անմիջականությամբ յուրովի գնահատել է Նարեկի բուժիչ ուժն ու առաքելությունը, հորինել բազմաթիվ ավանդազրույցներ նրա հեղինակի սրբաշեշտ հրաշագործությունների մասին, որոնք պատմվել են սերնդեսերունդ, նաև գրի առնվել:
Ի վերջո, մեկընդմիշտ անառարկելի է դառնում այն, որ “Մատյանում որպես քնարական հերոս հանդես է գալիս մարդը իր հոգու ամենախորունկ ու ամենանուրբ ծալքերով, իր ապրումների, խոհերի ու զգացմունքների ամենաբազմազան հակասություններով” (ՄՄկ, էջ 499): Որ մարդկային այս ընդգրկունությամբ անխուսափելի էր Նարեկը ալեկոծ օվկիանի հետ զուգահեռելը, զգացնել է տվել 20-րդ դարասկզբի մեր վաղամեռիկ բանաստեղծը. “Նարեկը ալեկոծություն մըն է, հոգեկան վրդով մրրիկ մը և ալեկոծություն մը, ուր բառերն ու կշռությունները ալիքներու բաշխումին չափակցությունը` անոնց ինքնակործան շաչումները ունին” (ՄՄ, էջ 268):
Համամարդկային այս խորքն է, որ ժամանակների առաջընթացի մեջ Նարեկը շառավիղում է դեպի օտար ընթերցողի հոգին: Այսօր արդեն Մատյանը կարդում են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, ռումիներեն, հատվածային թարգմանությամբ` նաև այլ լեզուներով: Հովհ. Թումանյանի հաստատումով, “այո, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին” (ՀԹ, էջ 241):
“Մատեան ողբերգութեան” պոեմը աղոթքի կառուցվածքային ու ժանրային ձևերի մեջ դառնում է հզոր մարդերգություն, որ կոչված է խոսելու բոլոր տարածությունների ու ժամանակների հետ: Աղոթքը եռօղակ մակարդակներով (կատարյալ ու ամենակարող Աստված-մեղավոր մահկանացու-դժվարին վիճակից կամ մեղքերից ազատվելու աղերսանք) հաճախ կանոնիկ խոսք է` ուղղված ամենափրկիչ Աստծուն: Գրիգոր Նարեկացու պոեմում հստակորեն պահպանված այս կաղապարը ներառում է մարդկային խոհերի ու ապրումների անսահման խորքեր, մարդու բանական հասունացման ու բանականորեն Կատարյալին մոտենալու տվայտալից ուղիների ստվարագծումներ և նրա մաքրագործման-փրկության ու անմահության այսաշխարհային հաստատումներ:
Նարեկի բոլոր գլուխները Արարչի կատարելության ներբողների և մանավանդ մահկանացուի մեղքերի թվացյալ կրկնությունների մեջ ենթարկվում են կառուցվածքային առաջընթացի ներքին տրամաբանությանը: Հենց սկզբից խոսելով բոլորի անունից և բոլորի արատներն առնելով իր մեջ` Նարեկացին դրամատիկ է դարձնում իսկական արարմանը կոչված լինելու, բայց վախճանին չհասնելու հնարավոր վիճակը.
Մի լիցի ինձ երկնել և ոչ ծնանել,
Ողբալ և ոչ արտասուել,
Խորհել և ոչ հառաչել,
Ամպել և ոչ անձրևել,
Ընթանալ և ոչ հասանել: (Բան Բ, բ)
Հակասությունների երկու բևեռների միջև անմիջապես նրբորեն ստեղծվում են շփման եզրեր, նույն հոգսի գողտրիկ մտերմություն. “Արդեւք մոռացե՞ս զբարերարելդ` ակնկալութիւն, անտեսցե՞ս զգթասիրելդ` խնամող” (Բան Բ, գ):
Նարեկին բնորոշ ոճային հակասությունների մեջ այս սահմանը Աստծո ներբողով և մարդու ինքնաձաղկմամբ անընդհատ պետք է հեռանա և հոգեբանական նոր վիճակներով կրկին մոտենա, որ ապահովի փրկագործման աներեր հույսը: Հենց այդ հոգեվիճակների արտաքին ու ներքին կապերը անսահման մեծացնում են Նարեկի մարդակենտրոն ընդգրկումները, պոեմը հավաստի է դարձնում մարդու բուժման-մաքրագործման իրական ու խոհական հիմքերը: Բայց շատ են երկու ծայրաբևեռների անջրպետները: Տառապող անհատը հեռացել է բոլոր առաքինություններից, և կարծես հնարավոր չէ գտնել փրկության որևէ հույս: Մյուս կողմից, այդ փրկության համար ու՞մ վրա է ընկնում ամենամեծ հոգսը` ի՞ր, թե՞ իրեն արարողի: Սա մտքի ուղին է` ձեռք բերելու որոշ ինքնավստահություն. “Եւ զի մի զփրկութեանն վստահութիւն ի սպառ կտրեցից” (Բան Է, ա):
Բայց անչափ են արատները, մեղսագործ է մարդը, ստիպված է ինքնածին ու ընտանի ոսոխների` իր մեղքերի դեմ հանել ամեհի ու խուլ մարտիկների, թեկուզ դա իրեն պատճառի “դժվարակութ ծառերի պտուղ քաղելու կսկիծ, անկոխ ճամփեքի չարաչար տաժանք”:
Մարդու երկվությունները հաստատող բառապատկերային հակադրությունները մեծացնում են բանաստեղծական ասոցիացիաների ընդգրկումը: Այն մի դեպքում ներկայացնում է քննարական հերոսի ուղղակի երկատվածությունը, ձգտելու ու չհասնելու դրաման. “…Անձկամ և ոչ տեսանեմ, փափագեմ և ոչ հանդիպիմ, կարօտիմ և ոչ պատահիմ…” (Բան ԻԸ, բ): Այս վիճակից բնական անցում է արվում դեպի մարդկային էության մասին անկողմնակալ վերհուշը, ուր անթաքույց է ինքնարդարացման միտումը.
Քանզի ով ոք ի մարդկանէ մեղաւ և ոչ զղջացաւ.
Ով ոք զազրացաւ և ոչ ամաչեաց.
Ով ոք գարշեցաւ և ոչ պատկառեաց.
Ով ոք կործանեցաւ և ոչ հեծեծաց… (Բան ԻԹ, բ)
Մարդկային երկվության դրաման ընդգծվում է տարժամանակյա դասական պատկերով. արյունով ու կաթով լի երկու ըմպանակներ, երկու բուրվառներ` խնկաբույր ու ճենճերահոտ, քաղցրություն ու դառնություն պարունակող երկու անոթներ, մատների ծայրին պահած երկու գավաթներ` մեկի մեջ գինի, մյուսում լեղի, “Դէմք կրկնակի կերպից, մինն տխրեալ և միւսն ցասուցեալ” (Բան Լ): Անսահման են մարդկային էության այսպիսի ընդհանրացումները, և այստեղ շատ դիպուկ է Մ.Աբեղյանի դիտարկումը. Նարեկացին “բուռն սաստկությամբ նկարագրում է ավելի մեղքի զգացումը, մեղավոր մարդուն, քան մեղքը” (ՄԱ, էջ 595):
Ի վերջո և՛ ծայրաբևեռների հարաբերությունը, և՛ բառապատկերային հակասությունը Նարեկացին նրբորեն վերածում է հակադրամիասնության, որպեսզի ավելի հիմնավոր դարձնի սահմանների մերձեցումը.
Քեզ արդարութիւն հանդերձեր, բարերար,
Եւ ինձ ամօթ և պատկառանս պատրաստեցեր.
Քեզ փառս վայելչականս,
Եւ ինձ նախատինս յարմարաւորս.
Քեզ քաղցրութեան յիշատակ,
Եւ ինձ մաղձ քացախեալ ի կատարածի… (Բան Ի, ա)
Կատարյալին մեծ դժվարությամբ մերձենալու բարոյահոգեբանական ու խոհական այս ուղին, որը նաև մարդու բանական հասունացման ճանապարհն է` ձգտումների ու կասկածների, նահանջի ու վստահության նշաձողերով, հաստատվում է Նարեկի ընդգծված հումանիզմով. ինքը, որ պարտավոր է “մի օրում անթիվ բյուր քանքարների տուգանք վճարել”, ոչ թե միայն իր փրկությունն է հայցում, այլ “պաղատիմ մարդասիրութիւն” (Բան, ԺԸ, ա):
Այս մարդասիրության մեջ ներառվում է նաև այն, որ մեղավորության ներանձնականացված կուտակումները ցրելու, փրկությունն ավելի հիմնավորելու համար զուգահեռներ են արվում դրսի երևույթների հետ, ներքին ապրումը տարածվում է արտաքին ոլորտների մեջ, այս տարածականությունը պարզում է ձգտումի հիմնավորվածությունը: Մեղավոր մարդուն մի դեպքում համեմատում է փոթորկուն ծովի մեջ կործանվող նավի հետ (Բան ԻԵ) և տալիս արտաքին նկարագրության պատկերավոր մանրամասներ, ինչը գեղարվեստական գրականության ինքնուրույնացման հայտանիշներից է: Մի այլ դեպքում Աստծո փրկչագործությունը հիմնավորում է նրանով, թե դու “անկաշառ դատաւոր” ես, մեղավորի վրա “չաճապարեցիր քահայանապես վրա պրծնելով”, այլ “անոխակալ” համաձայն ես մաքրագործել նրան, և այս առիթով քնարական հերոսը զուգահեռվում է սոցիալական տարբեր խավերին, ու կատարվում են սոցիալական դիպուկ ընդհանրացումներ. “Զինուոր նենգաւոր, մարտիկ անպատրաստ, մշակ հեղգացեալ, աղօթական անխրախոյս, բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ, վաճառական վատնիչ, պաշտօնեայ արբեցող” (Բան ԾԶ) և այլն:
Սիրուն ապավինած, տագնապների ու հուսավառության ճանապարհով փրկության հույսն ու հավատը վերջնական հիմնավորելու համար էլ ու՞մ պետք է դիմի հոգնած (երկար ու դժվարին էր անցած ճանապարհը) ու գորովանքի կարիք ունեցող մարդը, եթե ոչ մորը` այս դեպքում Աստվածամորը, “որ բարձրասցի պատիւ քո ինև և ցուցցի փրկութիւն իմ քև” (Բան Ձ, բ): Վկայի անկաշառելի հեղինակությունը հավաստի է դարձնում ձգտումի օրինականությունը և հիմնավոր` իրականացման անհրաժեշտությունը:
Հիմա արդեն բանաստեղծը կարող է ձևավորել իր մարդասիրության ամենատպավորիչ ընդհանրացումներից մեկը. “Մի մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւու…” (Բան ՁԲ, զ) և ամփոփել մաքրագործման, Կատարյալին մոտ լինելու և անմահության մասին իր պատկերացումները, իր դրամաների ու ձգտումների վերջնակետի գաղտնիքը: Նարեկացին այդ գաղտնիքը համարում է արարիչ լինելու, ավելի որոշակի` ստեղծելու—ստեղծագործելու ունակությունը և դրա իրացումը: Ահա թե ինչու հենց սկզբից նրան այդքան մտահոգում էր կես ճանապարհին չմնալու, ձեռակերտը ավարտելու խնդիրը, որը բանականորեն մարդու ինքնահաստատման գործոններից է: Եվ պոեմի ավարտին, երբ ինքնաբացահայտման շատ բարդ ու ընդգրկուն ձևերով քնարական հերոսը մոտեցել է բանական Կատարյալին, նա վստահ է, որ Աստված կօգնի հանդիպեցնելու իր նպատակին` ապրելու արարման վախճանի բերկրանքը.
Արագեա՛, միշտ կարող, զյառաջադրեալ ձեռակերտս
դիւրաւորս ընթացս ի յաւարտումն լրմանն.
Ի վախճան իրին բերկրութեամբ զիս հասո… (Բան ՁԵ, ա)
Ավարտի լավատեսական տրամադրությամբ Նարեկի հեղինակն ինքն էլ արդեն չի կասկածում, որ մատյանը կատարելու է մեծագույն առաքելությունը. բանականության լույսով մաքրագործելով բոլորին` ապահովելու է նաև իր հավերժությունը, այսինք` արարիչ ու կատարյալ լինելու անհրաժեշտությունը. “Եւ թէպէտ վախճան ընկալայց իբր զմահացու, այլ յարակայութեամբ բանի այսր սոփերի զրեցայց կենդանի”:
“Վասն արդարության” 2003թ. թիվ 43
ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱ — Մանուկ Աբեղյան, Երկեր, հատոր Գ, Երևան, 1968:
ՀԹ – Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հատոր 4, Երևան, 1969:
ԼՇ – Լևոն Շանթ, Երկեր, հատոր 9, Պեյրութ, 1946:
ՄՄ – Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1984:
ՄՄկ – Մկրյան Մ.Մ., Հայ հին գրականության պատմություն, Երևան, 1976:
ԱՉ — Արշակ Չոպանյան, Դեմքեր, Փարիզ, 1924: