/Սամվել Բեգլարյան — ՄԼԻ ԱՂԲՅՈւՐԻ ՁՈՐԸ

Սամվել Բեգլարյան — ՄԼԻ ԱՂԲՅՈւՐԻ ՁՈՐԸ

Փոքրիկ գյուղ էր, էնքան փոքրիկ, որ եթե դարբին Վալոդը գիշերվա կեսին տուն էր գալիս և պատրաստած կացնի համար, շնորհակալություն ստացած թթի արաղից քեֆովացած, սովորականից մի քիչ ավելի երկար ու ավելի խանդավառ էր առնում կողակցի խաթրը, ապա հաջորդ առավոտյան գյուղի մյուս ծայրում ապրող էլեկտրիկ Սուրենը կանգնում էր նրա տան դարպասի մոտ ու կանչում.
— Արա, Վալոդ, ինչ մարդ ես տո՜, չես կարող՞ Էդ գործը մի քիչ կամաց անես… զարկում ես ու զարկում, հո քո դարբնոցի զնդանը չի… շնչավոր ա, իսան ա… ամբողջ գիշեր աչք չեմ փակել…
Այնպես որ, բալորը միմյանց ու միմյանց ցերեկվա ու գիշերվա արած- չարածի մասին ամեն ինչ գիտեին, կամ. հորինում էին… Էհ, նրան ու նրա արածն ու չարածն էլ գիտեին ու գիտեին:
Անունը Գևոր էր: Դե, բոլրնայդպեսէինկանչում, չնայած ծխամատյանում ու անձնագրում Գևորգ էր գրված, ինքն էլ չգիտեր. հորական՞ թե մորական պապի անունն էր:
Գևորը գյուղում եթեոչառաջինը, ապահաստատ. երկրորդն էր արթնանում… նախրապանից հետո: Արթնանում ու արդեն բավականին խոնարհված, հարցականված մարմնի հենարան ձեռնափայտը կտկտացնելով գնում, հասնում էր գյուղի մյուս ծայրը:
Ջահելները հերթով թողնում գնում էին Ռուսաստան, ռուբլու կամ «բլանդինկա» թե՞ «բլյադինկա» աղջիկներիկանչովև գյուղում տնպահները կռացած, քամակները դուրս ցցած պառավ ու կիսապառավներ էին մնում, որ նույնիսկ թթենուտակ իրենց նետած նարդու զառերի «դուշեշն» անգամ չէին կարողանում տեսնել, էլ ուր մնաց, թե Գևորի երբ կամ ուր գնալը տեսնեին:
Մի խոսքով, գյուղը Գևորի հետ գործ չուներ, Գևորն էլ. գյուղի:
…Իսկ նրա ամենօրյա ոտնա-փայտաձայն ճամփան նույնն էր, որ գյուղավերջի ոլորանում թեքվում, առանձնանում էր մեծ ճանապարհից, նեղանում, նեղանում ու դառնում կածան: Մի քիչ վերևում կածանն էլ կեռման էր տալիս, դառնում արահետ ու վերջանում, մարում հենց այնտեղ, ուր Գևորն էր գնում:
Շուքակորույս, զառամյալ տուն էր: Տուն ասելը մեղք է, ճմրթված կեպիի նման մամռապատ, կղմինդրե տանիք էր. հենված չորս քարուքանդ, ճաքճված պատերին: Պատուհանները վաղուց անապակի էին, փոխարինող ալյուրի ցելոֆանե պարկերն էր. դեղնած ու քրքրված: Դուռ կոչվածն էլ չորս չհղկված տախտակ էր, ժանգոտ մեխերով մի կերպ իրար ագուցած: Սա էր տունը, բայց ցանկացած դղյակ ու պալատ չէր կարող Գևորի համար ավելի շքեղ, գեղեցիկ ու վեհ լինել, քան նա:
Գալիս էր շտապաքայլ, մի պահ կանգ առնում, շունչը տեղը բերելու համար հենվում ձեռնափայտին: Տունը բարձրադիր էր, թիկունքին լազուր ու լուսապայծառ երկինքը…
Նախ պառավի ոտքերի նման ծուռ տան սյուների միջև կապված պարանին էր նայում… թե որ թարմությունը վաղուց կորցրած փոխնորդ տակաշոր էր փռված, վրայից էլ մառլյայով ծածկած, ուրեմն նա անպայման տանն է: Չնայած գնալու տեղ էլ չուներ, այնուամենայնիվ, թե որ հարևանի տուն էլ թեքվելիս լիներ, հավաքում էր« իր անտերը«…
Գևորը չէր կարող կանչելուց առաջ ձեռքը հովանի չանել.
— Մանու՜շ… Մանուշա՜՜կ՞…
Կանչվողը չգիտես, թե երբ դուրս եկել ու արդեն կանգնած, հենված էր սյանը, մի ձեռքն էլ լվացքի պարանին, բայց պատասխան չկար: Գևորը դիտավորյալ, նոր կանչից առաջ, հազաց խռպաձայն.
— Ասում եմ. Մանուշա՜կ…
— Հա՜՜՜, — պատասխանեց դռան ճռռոցի նմանվող ձայնով:
— Մանուշ, ասում եմ…
— Չոռ ու ցավ ես ասում, արդեն հազար անգամ ասել ես:
Գևորն ինչպես կարող էր չհուզվել, չհառաչել այդպիսի պատասխանից հետո.
— Չէ, չես փոխվում, նույնն ես, չար ես…
— Հավը կչկչում էր առավոտ կանուխ… նայի էն թփի տակ, խոտերի մեջ:
— Կարմիր հավը՞
— Չէ, սևը… ոնց ես ուտելու՞, եփած՞ թե ձվածեղ:
— Եփա՜ծ, խաշա՜ծ, խորոված, ոնց որ դու ինձ խաշեցիր ու խորովեցիր:
Դուռը ճռռաց՞ թե Մանուշակը խոսեց, բայց Գևորն արդեն կանգնած էր շեմքին, ամեն ափի մեջ էլ մի ձու, ձեռնափայտը թևատակին.
— Ոնց երևում է կարմիրն էր ածել…
Մանուշին տեսնելով, անշուշտ շատ ուրախացավ, սատանան էլ գլխին բրդեց և լարախաղացի օյինբազի նման վեր նետեց ձվերը, նորից բռնելու հույսով… .
— Այ հողերս գլխիդ, չգիտես՞ որ էլ առաջվանը չես, որ էլ չես կարողանու՜՜՜մ:
— Ոնց թե. չեմ կարողանում, ինչը՞ չեմ կարողանում…
Փնթփնթաց Գևորն ու վեր ընկավ մոտիկ աթոռին…

***

Ուսումը կիսատ թողած, խելքը սարերին ու սարերում սանձազերծ վարգող նժույգներին տված ջահել էր: Չնայած ազդեցիկ, բայց այնուամենայնիվ, դպրոցի դիրեկտոր Ծատուրյանի և գյուղապետ Ղուկասյանի զոռով դպրոց վերադարձնելու սարսափն այնքան էլ մեծ չէր, որ սիրտն ուզած ժամանակ. սարերը չթողներ ու անթամբ Կայծակին հեծած գյուղ չիջներ: Արյունը եռում էր երակներում, հաճախ երազում բաղնիք էր տեսնում, քուլա-քուլա, անթափանց գոլորշիով բաղնիք և իբր ինքն էլ այդ բաղնիքում էր ու վարսաթափ, մերկության հաճույքից վարդագույնված այտերով աղջիկները կուլաներով տաք ջուր էին լցնում իր շշմած, խենթացած գլխին: Բայց երազն ի՜նչ, իրենց հարևանի աղջկա գաթայի խմորագնդի չափ կրծքերն էր ուզում տեսնել, եկեղեցու թաղի Լուսվարդի տմբլ կոնքերը…
… Թռչքապարան խաղալիս Նազոյի փեշը վեր էր բարձրանում ու ոտքերը, որ բացվում էին ծնկից վերև. ո՜նց էին պեծպեծին տալից, ո՜՜նց էին աչքերը ծակում:
Կարոտում էր, կարոտում էր էս բոլորին ու Կայծակին քրտնաթոր անելով գալիս, հասնում էր գյուղամեջ: Նժույգը վրնջալով սլանում էր փոշեկոլոլ, կեռման-կեռման, չափարախեղդ փողոցներով: Փոշու ամպերի միջով անգամ Գևորը տեսնում, նկատում էր ճամփաշարուկ տների նեղլիկ պատուհաններից ծիկրակող աղջիկներին.
— Թող տեսնեն, թող վառվեն ու հալումաշ լինեն, ում դուռն էլ բացեմ, ոտքերս կընկնեն… կառնեմ, տուն կտանեմ. Ինձ կնիկ, մորս հարս, տունն էլ էրեխեքով կլցնենք…
Մտրակում Կայծակին ու քրթմնջում էր ինքնիրեն… . Այսպես, մինչև իրիկուն, երբ բեզարած, դադրած ձին այլևս չէր արձագանքում մտրակի հարվածներին, երբ Գևորն ինքն էլ իր քրթմնջոցներից ու երազանքներից հոգնած, ձիու գլուխը թեքում էր դեպի ձորը, դեպի անտառափեշ Մլի աղբյուր…
… Կայծակը կանգ առավ հանկարծ ու սկսեց սմբակել գեթափի մամռակալ քարերին:
Կարմրաշոր աղջիկը կուժը դրել աղբյուրի շուրթին և ուսից կրծքակախ միահյուսքն էր քանդում –հյուսում, քանդում – հյուսում: Միլ ասվածը իրենց լեզվով. բարակ, նվազ է նշանակում, ուստի Գևորը գիտեր, որ եթե նույնիսկ կուժը կիսով չափ էլ լցված լինի, ինքն այդուհետ գոնե մի ժամ պիտի սպասի, որ հագեցնի իր ծարավը ու Կայծակին էլ բռով ջուր տա:
Որքան էլ սարից իջած վայրենի, հո չէր գնալու կուժը հեռացներ աղբրատակից: Ոչինչ, կհամբերի, լավ է. նժույգը առվի մեջ է կանգնած, սմբակները սառչում – հովանում են, ինքն էլ մի քանի բուռ ջուր կշպրտի նրա ճանճ ու մժեղով պատված փորին, մինչև կարմրաշորը լցնի ջրամանը:
… Գըլտ, գըլտ, գըլտ… ըհը՜՜, ուրեմն ջուրը կժի բկին է հասել: Ա՜՜հ… սա էլ աղջկա թեթև տնքոցն էր, որ շուրթակախ եղավ կուժն ուսելիս: Տիկ – թխկ… տիկ –թխկ… սա էլ նրա ոտնաձայներն են առվափ քարերին: Ակոպը ետ շրջվեց… հրես, արդեն դեմդիմաց է իրեն. մի ձեռքով ուսադիր կուժն է բռնել, մյուսով. հյուսքն է քանդում ու ոլորում… Կայծակը բարձրացրեց գլուխը, թափահարեց խռիվ բաշն ու հանգիստ վրնջաց: Ակոպը գիտեր, որ որձ ձիերը հաճույքով են նայում կանանց ու հաճույքով էլ առնում իրենց մեջքին, աշխարհ էլ քանդվի, վեր չեն թռչի, ցած չեն նետի: Գևորը հանգիստ շոյեց, հարդարեց նժուգի բաշը.
— Հա, տեսել եմ, ախպերս, դու ճանճերդ քշի, դա էլ եմ ես անելու՞, պոչը քոնն է, ես հո պոչ չունեմ, ահա, տես, — Ասաց ու թիկունքով շրջվեց դեպի ձին.
— Տես, որ պոչ չկա, չունեմ…
Աղջիկը կանգ առավ ապշահար.
— Ի՜՜՜նչ…
— Քեզ չեմ ասում, դու կուժդ ցած դիր, շունչ առ: Վա՜յ, Սմբատ քեռու աղջիկը չես՞Մանուշը:
— Հա… ձին քոնն՞ է:
— Չէ, Քյոռօղլուց եմ գողացել:
— Քյոռօղլին ով՞ է:
— Ասում եմ. Սմբատի աղջիկը չես՞, Քյոռօղլին էլ շուն շան որդի է, թուրք ավազակ է, ես չեմ տեսել, քեռուըցս եմ լսել…
— Հապա ասում ես…
— Ասում եմ կուշդ գետնին դիր, շունչ առ:
Աղջկա չթե կարմրաշորը մինչև գոտկատեղ թրջվել, կպել էր մարմնին: Ինքն էլ խոնարհեց աչքերը, տեսավ, ոտքից քտք ընկավ, շառագունեց հագած շորի գույնի.
— Կուժը ծակվել է, թրջում է… շուտ տուն հասնեմ:
Գևորը մի քայլ առաջ եկավ, կանգնեց կածանին… միաչքանի, շիլաչք կամ հավկուր էլ լիներ չէր կարող չտեսնել, որ Սմբատի աղջիկը կարմրաշորի տակից շապիկ չունի, կրծքերին էլ. կրծքկալ… շորը թացացել ու կպել է մարմնին, կպած է, թաց ու թափանցիկ: Վարդագույնված, վառվռող մաշկն էլ է տեսնում, կրծքամեջ ու աջ լանջի վրայի խալերն էլ… պտուկներն էլ ոնց որ կարմիր մասուր, հասած մոռ… չէ, մասուրն ու մոռը մեծ են, ոնց որ արևկող լանջի հոն կամ կարմրակ ալոճ…
Աղջկա հևոցը Գևորի ճիշտ երեսին էր թևում: Գևորը թողեց սանձը, ձեռքը բերանին տարավ, որ շնչակտուր լինելը չերևա: Հևոցը հազիվ զսպեց, Մանուշն արդեն գիրկն էր ընկնում.
— Ես վեցերորդում էի, դու էլ առաջինում…
— Չգիտեմ, չեմ հիշում, չեմ տեսել… ես…
Հուզմունքից կրծքերը վերուվարում էին: Մի ձեռքը կժի ունկին էր, մյուսն էլ քանդված, շաղված, ուսերից վիժ ծամերին տարավ… պիտի ետ տաներ, վաներ Գևորի իրեն պարզած, իրեն մոտեցող ձեռքը, բայց հյուսքին տարավ, ինքն էլ չհասկացավ, չիմացավ, թե ինչու կանգ առավ: Կուժն իջեցրեց ուսից, դրեց կածանակող թմբին, ոտնաթաթն էլ տակը դրեց, որ չընկնի, չգլորվի: Ինքն էլ չիմացավ, թե ինչպես բարձրացրեց միշտ խոնարհ հայացքն ու նայեց Գևորի աչքերին.
— Դասի չէիր գալիս, բայց Գևորգն ես չէ՞… դարբնոցի մոտ է ձեր տունը:
Գևորն էլի առաջ եկավ, կպավ՞ թե հրեց, գցեց Մանուշի ոտքին հենած կուժը.
— Հա, դարբնոցի մոտ… քուրան էլ տաք, թեժ, քո նման վառող, քո նման այրող…
Աղջկա թաց փեշերն արդեն հպված, կպած էին Գևորի այրվող, անհանգիստ, իր դողացող ազդրերին սեղմված ոտքերին: Նժուգի որձ, առնական խրխինջը խառնվեց նրանց. գետի կոհակների նման խշխշացող, գալարվող անհանգիստ հևքին…
… Այդպես թևատարած, այդպես անօգնական. վիրավոր լորն է թպրտում գետնին… Աղջիկը երբ բացեց ահից ու ցավից ուռած, փքված կոպերը. գլխավերևում անպաքուլա, կապտածիր երկինքն էր և երկու կռռացող ագռավ. ընկույզենու գագաթի չորացած ճյուղերին…Գլուխը վեր առավ, բարձրացրեց գլաքարից, մշուշված հայացքի դիմաց Գևորի վառվող դեմքն էր, նյույգի ջրվեժ բաշը ու էլի ագռավները. չորացած ճյուղերին: Հասկացավ, հոգու, սրտի, արյան մեջ մտավ եղածը, լռեց, լռեց երկար ու ծղրտաց հանկարծ.
— Փախիր, — շշնջաց խռպաձայն, հևաբեկ, — Հերս սպանելու ա… էս ինչ՞ արիր, սարի չոբան, բռի արջ… Հերս սպանելու ա, դու թոփալ Վալոդի տղեն, ես. Իգիթ Սմբատի աղջիկը, իմ մերը. խանում Շարմաղը, քո մերը. բոշա Վարդուշը… ես անմեղ աղջիկ, դու. կապը կտրած ավարա… սպանելու ա… փախիր, կորիր, չքվիր… երկուսիս էլ սպանելու ա…
Գևորը շալվարի գոտին էր քաշում, արմունկով մի կողմ հրելով, հեռացնելով Կայծակի գլուխը: Ծնկեց, չոքեց, ջրաքարերի վրա, Մանուշի կողքին, մտածեց թե չմտածեց, վզակոթը քորեց ու ասաց.
— Կայծակը պինդ, ամուր յաբու է, կտանի, երկուսիս էլ կտանի, թե որ փախչում ենք, երկուսով փախչենք, հերդ սարերում, ծմակներում մեզ ոնց՞ է գտնելու… միասին փախչենք, իրար հետ գնանք… .
Մանուշը Գևորին չէր նայում, ծառակատար թառած ագռավներին էր տեցնում ու երկնքի ծվեն – ծվեն եղած, փերթփերթված ամպերը… աչքերն արցունքով լցվեցին ու այլևս չէր տեսնում ոչինչ…
Գևորը շրջվել և փութով ձիու փորկապերը ձգում, թամբն էր ամրացնում.
— Կայծակը կտանի, սարերը կհասցնի, էլ ով՞ է մեզ գտնելու, էլ ով…
Երբ դարձավ, Մանուշը գետաոլորի մոտ էր արդեն, թփարանքից շորի կարմիրն էր երևում ու նրա անզուսպ հեկեկոցն էր խառնվում ագռավների չդադարող կռնչոցին… « Մանու՜շ, Մանու՜՜՜շ… «, բայց Մանուշն արդեն միայն գետի միալար խշշոցն էր լսում ու իր անզուսպ լացի ձայնը…
…. Գեթափի ջրաքարերին թաց կարմիր կար, թերթացիր վարդի նման անմեղ ու մեղկ:
… Փոքրիկ, մի բուռ գյուղ էր, մի ծայրից մյուս ծայրը բամբասանքն ավելի շուտ էր հասնում, քան ծագող Արևի լույսը: Սա էլ հո բամբասանք չէր, իսկը եղած էր ու պիտի իմացվեր, թաղեթաղ, տնետուն, բերնեբերան ու ականջեականջ պիտի լիներ…
Ինչ իմանաս, թե Գևորը որ սարուձորում, որ քարայրում կամ ծառի փչակում էր թաքնված: Մեկ է, չէր գտնի, թե որ իգիթ Սմբատը հրացանն առներ ու գնար ետևից:
Կարգ չէր, ընդցունված չէր զանցանքի ու հանցանքի համար դատ ու դիվանի դուռը գնալ… քաղաքում միլիցիա կար, դատարան կար, բայց պատիժ որոշողը կամ ներողը գյուղխորհուրդն էր ու ալևորների կարծիքը:
Մանուշին ոչ դատարանն էր հետաքրքրում, ոչ էլ գյուղխորհուրդը… հոր հարվածների ցավը դեռ չէր անցնում, ականջներում էլ մոր անողոք անեծքն էր կրկնվում ու շուլալվում: Պելված, զարմացած էր. չգիտեր ինչու, բայց Գևորի հանդեպ ոչ մի չարություն չուներ, ոչ անունը լեզվին էր բերում, ոչ էլ անիծում… իր հետ եղածի ցավի ու վիրավորանքի մեջ մի հաճելի՞ թե՞ դուրեկան բան էլ կար, որն անծանոթ էր, նոր էր, անհասկանալի էր, բայց գլուխն ուր էլ թեքում, միտքն ուր էլ տանում. Էդ անհասկանալին, էդ անծանոթը, Գևորի տեսքով, Գևորի նման գալիս ու հեասպառ, պինդ. պինդ փարվում մերձվում, կպչում էր մարմնին, կրծքերին, շուրթերին, ազդրերին…
Օրերը, շաբաթներն ու ամիսները էս եղած չեղածի հետ ոչ մի գործ չունեին. եկան ու անցան: Գյուղի հիշողությունում էլ անցնում, մարում էր Մլի աղբյուր ձորում եղած – պատահածը: Գևորն էլ մտածեց, որ իգիթ Սմբատի հերսն էլ անցած կլինի ու մի օր նրան տեսան Կայծակին Մլի աղբուրի ձորը տանելիս…
Կայծակը խմում վրնջալով, մեկ մեկ էլ սմբակով զարկում, ջուր էր ցայտում Գևորի երեսին: Ջրի ցայտանքի հետ էն օրվա հուշն էլ պիտի գար ու վիրավոր կաքավի նման, մի թևը կախ, վիզը թեքած նստեր, թառեր ուսին… Սիրտը դեռ էն ժամանակ կպավ… կոշտ քարերի վրա, Մանուշի հառաչանքներին շաղախ, իր մեջքին հեղեղվող Կայծակի խանդոտ վրնջոցների ներքո: Թե որ չդառնար ու չտեսներ, որ աղջիկը ոլորանում է արդեն, պիտի Կայծակի թամբին առներ, գիրկն առներ ու կին տաներ իրեն, հարս տաներ հորնումորը, փեշը գոտկում, ազդրերը բաց, ուրց քաղող, ծաղիկ քաղող պիտի տաներ սարերին…
… Մորը համոզելը հեշտ էր, նա էլ մարդուն համոզեց ու մի օր խնամախոս գնացին:
Բայց, չէ… չէ, էլի, Սմբատի երկփողանին նրանց ճակատին ուղղելն էլ չլիներ, կապը կտրած ուշունցն ու վրա քշելն էլ չլիներ. չէ՜՜՜, Մանուշը«Հա« չէր ասելու:
Թե որ« հա« ասեր, գյուղում որ մեկի բերանը փակեր… պիտի խոսեին թե. -«Մտքին եղել է: Թե որ չի եղել, ինչի ճամփան չի փոխել, ինչի է կուժը ցած դրել… դոշը բացել ու աչքն աչքին է գցել, խոսքը խոսքին է կապել… մտքին լինելը էլ ոնց՞ է լինում: «
Գյուղխորհուրդն ու պառավներն էլ հորդորեցին. -« Ինչ եղել, եղել է, շանտղայություն է արել, ղալաթ է արել, բայց դե հիմա էդ շան տղեն եկել ու իր արածի տեր է, մեղքն իր վիզն է առնում, աղջկան ծոցն է առնում… «
… Հոր. Իգիթ Սմբատի հանկարծամահ լինելուց հետո էլ Մանուշը« հա« չասաց: Գյուղ էր, փոքրիկ, պուճուր գյուղ էր, բայց երկու ձեռք, երկու բերան, մնացածին փակ ու կապանք չկար, պիտի խոսեին, թե.
— Ասում էինք չէ՞ մտքին եղել է, հոր ահն էր, նրա մահանալուն էր սպասում:
Շարմաղը բախտախափան եղած մինուճար աղջկա ցավին ու Սմբատի իրիկունը քնել ու առավոտը չարթնանալու դարդին ինչպես՞ էր դիմանալու: Մի քանի օր անկողին ընկավ: Հասկացավ, որ գնում է ամուսնու ետից, կանչեց Մանուշին, ձեռքը գլխին դրեց.
— Ես մեռնում եմ, դու էլ մեծանում ես… քո բախտը էն շուն շան որդին ա, կամ հիմա գնա, աչքս տեսնի, կամ էլ ինձանից հետո… հողը խաբարը կբերի…
Մենակ մնաց Մանուշը. իր է՜՜ն ցավի ու իրար հաջորդած նոր կսիծների հետ:
Գևորի հերն ու մերն էլ հո« քարի խեչ« չէին դառնալու, տարիքներն առել էին արդեն… սկզբում մայրը. Վարդուշը մահացավ, երկար ամիսներ անբուժելի հիվանդության ձեռքին տանջվելուց հետո: Ասում էին. — Հարսնաքարի հոնուտներում սրա, նրա տակը մտնելու մեղքերն են դուրս գալիս: Կնոջ էս մեղքերի մասին թոփալ Վալոդը ոչ գիտեր, ոչ էլ իմացավ: Որոշել էր դարբնոցում քուրան ոչ թե« նախնադարյան ձևով«, փայտածուխով բորբոքել, այլ… գնաց ու Թիֆլիսից գազի բալոն բերեց: Դարբնական իմացությամբ ու վարպետությամբ սարքեց, միացրեց և փորձարկման օրը, ձայն տվեց հարևանին, արաղը, թթուն, կծուն դրեց սեղանին ու վառեց քուրան, ու… երկինք համբարձվեցին բալոնն էլ, ինքն էլ:
Այսպես հերթով ու անհերթ դատարկվում էր առանց այն էլ կիսադատարկ գյուղը: Տարիները գնացին, տարիների հետ էլ բոլոր նրանք, ովքեր լսել էին ու գիտեին Մլի աղբյուրի ձորի պատահածը, Գևորի սարեր փախչելն ու նրա հորնումոր ճակատին Սմբատի երկփողանի պարզելը: Գիտեցողներն էլ ոտուձեռից ընկած, անցյալի ու ներկայի սահմանը մոռացած պառավներ էին, որ պատուհանների դիմաց կանգնած եկող ու անցնող օրերն էին հաշվում, ամեն նորը իրենց համար գուցե թե վերջինը համարելով…
Գևորն ու կժով աղջիկն էլ վաղուց ճերմակահեր էին արդեն: Մանուշը սիրուն էր, կրակի կտոր ու չնայած ձորում եղածին, ուզողներ շատ ուներ… չնայած.«նամուսը ձորում թողածին« կնոջից բաժանված Վաղոն պիտի խնամախոս գար, աչքը շիլ Բարսեղը կամ բոզ Սիրուշի բիճ տղա Կարոն, բայց նրանցից էլ ոչ մեկին«հա« չասաց: Արդեն, երբ հասուն կին էր, էլի մի քանի շոռաչք շան որդիներ պատեհ ու անպատեհ ժամի բացեցին նրա դուռը, բայց երբ նրա ծղրտոցը քուչա –քուչա գնա՜՜՜ց ու գյուղի վերին թաղի տներին հասավ, նրա տան մոտով անցնող կամ դուռը բացող այլևս չեղավ:
…Ճերմակել էր արդեն, բայց աչքերի փայլը նույնն էր ու քայլքի մեջ դեռ կաքավաշորորքն ու եղնիկաճեմն էր մնացել:
Արդեն շա՜տ ուշ, արդեն բոլոր ժամանակներն անցած-գնացած.ինքն էլ չիմացավ, թե ինչու, ինքն էլ չիմացավ, թե ինչպես, ինքն էլ զարմացավ, ապշեց ու պելացավ, բայց մեկի, միայն մեկի առաջ բացեց դուռը… կանգնել ու անխոս միմյանց էին նայում:
Կանգնել ու երկուսն էլ արտասվում էին, անձայն մեծ ու ծանր արցունքներով… .

***

Գևորը ոնց որ հանցանք գործած լիներ, նստել լուռումունջ, երկու ձեռքերը ծնկներին դրել ու պարզել էր առաջ, կարծես դատավճիռը քիչ առաջ լսած դատապարտյալ լիներ, որ սպասում էր ձեռնաշղթաներին ու վաստակած պատիժը կրելուն: Վաղուց չներկված կամ ընդհանրապես չներկված հատակին ջարդված ձվերը տարածվել – փռվել էին, կճեպները ցաքուցիր, մեջի դեղին ու սպիտակն էլ խառնված իրար: Գևորը նույնիսկ ձեռքն առաջ մեկնեց, ուզում էր հավաքել՞ թե անհույս ափսոսանք էր: Մանուշի ձայնից սթափվեց.
— Հիմա ինչ՞ ցավ ու կրակ ես ուտելու, հը՞
Գևորը ոչինչ չպատասխանեց, անթարթ ու մեղավոր փշրված հավկիթներին նայում:
Աստված գիտի, թե ինչու և ինչպես, Մլի աղբյուրի ձորից մնացած վիրավորանքն ու քենը տարիների հետ անցել էր արդեն ու Մանուշն այսպես տնավարի, այսպես հարևանցի էր խոսում Գևորի հետ:
Գևորը, ինչպես միշտ. այդ տնավարությունից Էլի սիրտ առավ, էլի ոգևորվեց ու ամեն, ամեն անգամվա նման ոտքի ելավ, վիզը ծռեց, խոնարհեց գլուխը.
— Մանուշ, Մանուշակ աղջիկ, ասում եմ…
Ու էլի Մանուշի նույն պատասխանը.
— Չոռ ու ցավ ես ասում, հազար անգամ ասել ես:
Գևորն էլի ինչ որ բան քրթմնջաց ու վեր ընկավ էն աթոռին, որին վեր էր ընկած քիչ առաջ, ձեռքերն էլ արմունկներից ցած, ազդրերին հենած, թույլ ու անզոր…
Ու էլի քանի՜, քանի անգամ. հավերը ձու ածեին, թե չածեին, Գևորը դրանց վերև նետեր ու կարողանար բռնել, թե չկարողանար, ձվածեղն էլ ուտեր, թե ոչ, միևնույն է. մի քանի անգամ ու նաև դուրս գալուց առաջ, պիտի ոտքի ելներ 18 տարեկան պատանյակի նման հեզ ո ւ խոնարհ և ամեն անգամվա նման, ամեն անգամվա պես ասեր նույնը.
— Մանուշ, Մանուշակ աղջիկ, ասում եմ…
Մանուշի սաստաձայնը չէր ուշանում բայց երբեմն, ինչպես և այս անգամ, Գևորը չլսելու էր տալիս Մանուշի հոխորտոցը ու ավարտում խոսքը.
— Ասում եմ. է՜՜ն ժամանակ, քո ու իմ իմացած ժամանակ, նախիրը վաճառեցի ու սարից իջա… . Թիֆլիս գնացի ու էդ փողով էս մատանին առա, խանութի ամենալավը, ամենասիրունը, ամենաթանկը… մորս էլ ուղարկեցի, համա՜՜՜… .Մանուշ աղջիկ, հիմա տուր պատասխանդ, նշանածս դարձիր, մարդ ու կին լինենք… գյուղխորհուրդի հետ խոսել եմ, ասում է.միասին կգրեմ, մի տուն կլինեք, մի ծուխ կլինեք:
… Մանուշը, գյուղի սիրունը, գյուղի կաքավը, տղերքի հոգեհանն ու սրտամաշը, հիմա մազը. ճերմակ, գլխաշորը. ճակատին, հիմա. մեջքը խոնարհված, աչքերն էլի կրակ ու սիրուն, բայց կնճռերիզ, հայացքն էլ գետնին, բայց. չէ՜՜՜, « հա, հպատակ եմ« խոսքը լեզվին չի գալիս, չի ծաղկում շուրթին:
Գևորն էլ. մարդ էր, հո քարից չէր, մի օր էլ ընկճվեց, կոտր ընկավ ու խռովեց իր բախտից էլ, Մանուշից էլ: Նեղացել էր, փակվել տանը, էլ առաջինը չէր բարևում նախրապանին ու ոչ էլ Արեգակը դեռ մի ոտնաչափ չբարձրացած, կանգնում գյուղի ծայրի տան դիմաց, ձեռքը Արևփակ անում ու…
Գյուղում ոչ ոք դա ոչ տեսավ, ոչ էլ նկատեց: Մանուշի հիվանդանալու մասին անգամ մի շաբաթ հետո իմացան, երբ լքված, դատարկ երեք տներից այն կողմ ապրող հարևանուհին մի պտղունց աղ տանելու էր եկել ու տեսել, որ Մանուշը վաղուց պաղած աղյուսը ցավող կողին դրած պառկած է գրեթե անկենդան:
Չէ՜՜, Գևորը խիստ էր նեղացած, ախր, ուզում էր հենց էն օրը, հենց գետափից, եղած տեղից առնի, սարերը տանի, բայց թողեց ու փախավ, խնամախոս ուղարկեց«, հա« չասաց ու հիմա էլ քանի տար, ճերմակեցին արդեն, բայց քարը փեշից չի թափում, մատանին մատին չի առնում…
Միայն երկու օր հետո հերսը թողեց ու առավոտ կանուխ գնաց Մանուշի դռանը հասավ: Ինչու՞ պիտի ձայն տար, ով էր դուռը բացելու… քանի օր հավերի ձվերը չէին վերցրել, հիմա հավաքել, գրպաններն էր լցրել: Որ հանկարծ էլի ձեռքից չգցի ու շան փայ անի, կամաց, զգույշ ուսով հրեց ծանր դուռը: Կիսաբացվածքից գլուխը ներս խցկեց, գխարկն առավ մեխին ու հատակին ընկավ… Հազիվ կռացավ, վեր առավ ու նայեց թախտին:
… Մանուշակը ձեռքը հպել էր վաղուց պաղած աղյուսին, մյուս ձեռքը մաշված, քրքրված պարանի նման կախված էր բարձի կողքին: Աչքերը բաց էին, առաստաղին հառված… գեղեցիկ. պաղ ու անկենդան… Գևորը լուռ ու դանդաղ ծունկի իջավ, ասես պարաններից կախ դագաղ էին իջեցնում փոսի մեջ:

<> <> <>
Մանուշակի մոտ հարազատները վաղուց մահացել էին, ինքն էլ հանգուցյալ ծնողների տարիքին էր արդեն: Գևորի համար նա ձորի աղջիկն էր, թաց ու թափանցիկ շորը տաք, վարդագույն մարմնին կպած, ոլոր հյուսքն ուսերից կախ, կրծքերն անհանգիստ հևքով, պտուկները. հասած մոռեհատիկ…
— Էս ջահել, կոկոն, սիրուն աղջկան, էս կաքավին պառավների մոտ հարմար չի, չի լինի… այնտեղ, վերևում, վարդի թփի մոտ…
Դագաղի կողքին, կիսամութ տանը մի քանի սմքած պառավ էին, այլ մարդ էլ չկար, որ չհամաձայներ կամ վիճեր:
Այդպես էլ արեց: Կայծակը պառավել էր արդեն, ինքն էլ ծեր էր, չէր կարող հեծնել այլևս, ուրիշներն էլ չէին գնի, ում՞ էր պետք հալից ընկած յաբուն:
Գազի բալոնի հետ երկինք համբարձված հորից կիսաքանդ տունն էր մնացել ու դարբնոցի սարքուկարգը: Որոշեց դրանք վաճառել հոգեհացի համար արված պարտքը մարելու և շիրմաքար պատրաստելու համար… .
… Ով էր հետաքրքրվելու նրանով կամ ով՞ պիտի հաշվեր, բայց մի քանի օր էր թե մի քանի շաբաթ, տնից դուրս չեկավ: Օրերը ցրտել էին արդեն, ծխնելույզից թույլ ծուխ էր ելնում և հետաքրքրվողը պիտի հասկանար, որ տանը շունչ ու կենդանություն կա:
… Կիրակի էր, թեք, գերեզմանոց տանող ճամփան. սգերես ու սովորականից մարդաշատ:
Դարպասից առաջին ներս մտնողը գերեզմանափոր Ժորիկն էր: Նայեց թոշնած ծաղիկներով վարդի թփի կողմն ու թոնթորաց. -« Լացող էլ կա: Տո ասա, համբերի էլի, մենակ ինչի՞ ես գալիս: «
Մոտեցավ, թարմ հողաթմբի կողքին դրված շիրմաքարին խոնարհված մարդուն, քաշեց ուսից: Մարդու վտիտ մարմինը սահեց քարից ու թեքվեց հողաթմբին: Դեմքը գունատ էր, հանգիստ ու խաղաղ:
— Հա էլի՜՜, Գևորն ա…
Մեկն ասաց. – Սոված, ծարավ էր մնում, աչքերը մթնել, վայր է ընկել: Մյուսն էլ, Մլի աղբյուրի ձորի եղածի հաստատ իմացությամբ.– Չէ, ինքն է գլուխը զարկել քարին, սիրում էր ախր…
Էլի ինչ որ մարդիկ, ինչ որ բաներ ասացին, բայց ինչ կարևոր է, թե ով ինչ էր ասում…
Երբ Ժորիկը ուղղեց Գևորի մարմինը և աջ ձեռքն էլ քաշեց շիրմաքարի կողից, որ խաչի կրծքին, բոլորը տեսան սմքած, ծռված մատների մեջ սեղմված մեծ, կարմիր աչքով մատանին… Մանուշի նշանի մատանին:
… Դին գյուղ չիջեցրին, ում՞ տուն, կամ ինչի համար: Մեկը հիշեց, որ ժառանգ չունեցող Գիգոլը իր համար դագաղ է շինել ու դրել տանիքում:
— Որ մեռնի, մի բան կանենք, — որոշեց գերեզմանափոր Ժորիկն ու ասաց, որ մեկը գնա դագաղը Կայծակի մեջքին դնի ու բերի: Բերեցին, Գևորի տանն ունեցած երեսատեղի շորերն էլ հետը: ժորիկն ասաց, որ ափսոս է, միտք չունի հողի տակ դնեն և կապոցը խրեց գոտու տակ: Դագասղն էլներկված չէր, բայց այդ փոքրիկ, փոքրիկ գյուղում ներկ որտեղից՞
Թաղեցին մանուշի կողքին: Գևորի հոգացած շիրմաքարի մի երեսին ՄԱՆՈւՇ էր գրված, Ժորիկը ածուխի կտոր վերցրեց խնկամանից ու մյուս երեսին էլ ԳԵՎՈՐ գրեց:
… Յոթին, քառասունքին գյուղացի մի քանի հարևան ու ծանոթ – բարեկամ եկան, կանգնեցին շիրմաքարի մոտ և անխոս ու լուռ գնացին դեպի իրենց հին ու նոր ցավերի անմոռաց ցելերը: Փոքրիկ, փոքրիկ գյուղի ևս երկու տան պատուհաններում այլևս լույս չերևաց…

***

…Անձրևն ու քամին դեռ չէին ջնջել սև ածուխով գրված տառերը և նույնիսկ գերեզմանատան դարպասի մոտից կարելի էր կարդալ. ԳԵՎՈՐ. .
Ասում-խոսում էին, թե Կայծակն ամեն գիշեր գալիս, կանգնում է Մանուշի ու Գևորի շիրմաքարի մոտ ու խոշոր-խոշոր արցունքներ թափում աչքերից:
Բոլորը չէ, որ հավատում էին դրան, բայց շատերն էին տեսել, որ նա երբեմն, երբեմն գալիս և երկար ու մոլոր կանգնում է Մլի աղբյուրի ձորում, սմբակներով զարկում մամռապատ ջրաքարերին և վրնջում թախծաձայն… .

2016 — հոկտեմբեր