/Մանվել Միկոյան — «ԺԱՄԱՆԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐ» շարքից

Մանվել Միկոյան — «ԺԱՄԱՆԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐ» շարքից

***

 

Ցնցոտիների միջից ժպտացող հեռավոր մի լույս

անթիվ վերքերին սպեղանի է մուրում երկնքից,

մերկ ճշմարտության խուզած թևերից փետուր կա հոգուս,

նաև Բարձրյալի պաղ դեմքից պոկված մի ծանր թախիծ։

 

Օսլայած բառեր, սափրված մտքեր վխտում են մեր շուրջ,

օծում խոնջացած մարմինները մեր պատրանքով մի նոր,

անտարբերության ճեղքերից լսվող խզված մի շշունջ

ձոներգ է դառնում դիմակներին ու դեմքերին գինով։

 

Թանաքն է ուրիշ, բանաձևերը նույնն են ամենուր,

Ճակատագիրը սովորությունն է՝ մի ծերուկ թերուս,

մեզ դարձյալ անբիծ ներդաշնակության ոլորտն է տանում…

ցնցոտիների միջից ժպտացող հեռավոր մի լույս։

 

 

 

 

 

 

***

 

Կալանավոր ծառեր՝ մայթերին խաչված,

որ կախվել հազիվ գոյության պոչից,

քաղաքակիրթ ծխի

և դասական փոշու

օրապահիկով եք սնվում ընդմիշտ։

Նախանձնում եք հաճախ

ձեր բախտակից գազաններին՝

ամեն օր բախվող

վանդակների սառն անշարժությանը։

(Գոնե նրանց համար տուն են կառուցել.

գազանանոց կոչել անփութորեն),

չեն սնվում նրանք թույնով,

չեն կտրում ճյուղերը նրանց՝

էլեկտրալարերին խանգարելու պատճառով։

Կալանավոր ծառեր՝ ասֆալտին խաչված,

որ արմատներով հիշողության

ձգվում եք խորքերը հողի,

տեսակցության համար

հարազատների հետ՝ անտառ-երկրում ապրող։

Մենք քայլում ենք՝

շնչելով նույն ծուխն ու փոշին,

ծամելով նույնասեռ տենչեր,

մխիթարվելով միամտորեն,

որ ծառ չենք խաչված

կամ գազան։

Իսկ երբ մեր ցանկությունները

կանգնում են երես առ երես,

նայում իրականության մետաղյա դեմքին,

 

մեզանից մնում է

մի թիթեղյա ընդունայն մարմին

(այդ պահին նույնիսկ քամին է վտանգավոր,

ուր մնաց՝ հողմը)…

Մենք գերադասում ենք լինել

խաչված ծառ, գազան,

որ գոնե ուրիշները

մեզ “Մարդ” կոչեն։

 

 

 

 

ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ

 

            Հորս

 

Դու իմ պատկերը հետդ չտարար,

դու ինձ չտեսար քո վերջին պահին,

ու ժամանակի ձեռքը հաշտարար

ինձ է ներարկում կորստյան ոգին:

 

Բայց մոռացության ալիքները կույր

շրջանցում են ինձ ամեն երեկո,

ու հիշողության շուրթերը մաքուր

օծում են հոգիս ներկայությամբ քո։

 

Դու ինձ գտնում ես երազներիս մեջ՝

միշտ ներողամիտ ժպիտը դեմքիդ,

լուսե խոհերով չես թողնում անվերջ

“ծռություններս” խոցեն թիկունքից։

 

Իմ կորուստների պահերին ստերջ,

ու երբ թռիչքից խայտում է հոգիս,

հառնում ես դարձյալ երազներիս մեջ,

կիսում պահերն այդ ու լինում կողքիս։

 

Դու հուշապատկեր կմնաս հոգում

իմ որդիների, որոնց չտեսար,

ես հորդորդներդ սանձ եմ դարձնում

մլար խութերը անցնելու համար։

 

Դու իմ պատկերը հետդ չտարար,

հարաշարժության իմաստն է վերին…

ես էլ կթողնեմ հավետ կատարյալ

անավարտ մի երգ իմ որդիներին։

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐԸ

 

Ծաղկաթերթերին արևի

հալվում են հանգիստ, անտարբեր

ժամանակի փաթիլները,

որոնց խամրող գեղեցկությամբ

չհասցրինք մենք հիանալ։

Վայրկյանների փոքրիկ երամ

դու փրկել ես կործանումից,

ամուր փակել հավերժության

անչափելի վանդակի մեջ։

Նրանք սնվում են հոգատար

քո հայացքի ջերմությունով

ու երգում են, նրանց երգից

հասկն է աճում հարատևման,

որը վաղը պետք է փրկի

փաթիլների տեսքով անօգ

մի մեծ երամ կործանումից: